ՀՀ-ում իրականացված խոշտանգման դեպքերի, գործերի կարճման և ՄԻՊ-ի իրականացրած քայլերի մասին` Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանի հետ հարցազրույցում:
– Տիկի′ն Սիմոնյան, վերջին շրջանում շատ են բարձրաձայնվում և քննարկվում խոշտանգումների վերաբերյալ հարցեր։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում ավելացել են խոշտանգումների դեպքերը։
– Դեպքերի ավելացման կամ պակասեցման մասին միակ ինֆորմացիան և միանշանակ աղբյուրը կարող են լինել վիճակագրական տվյալները: Խնդիրը կայանում է նրանում, որ վիճակագրական միանշանակ տվյալներ ոլորտում չկան, բացի այդ իրավապահ տարբեր մարմինների կողմից մեզ տրամադրվող վիճակագրության մեջ կան տարբերություններ: Գործերը հարուցվում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, որոնք վերաբերվում են պաշտոնատար անձանց կողմից բռնություններին և վատ վերաբերմունքին: Խոշտանգման վերաբերյալ միակ հոդվածը քրեական օրենսգրքի 309.1-ը չէ, այլ ավելի շատ քրեական գործեր են հարուցվում, օրինակ` 309-րդ հոդվածով, որը վերաբերում է պաշտոնական լիազորությունները անցնելուն: Շատ քրեական գործեր հարուցվում են 341-րդ հոդվածով, այն է՝ դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, գործեր են լինում, որտեղ մարմնական վնասվածքներով են հարուցվում։ Քրեական գործեր և միանշանակ պատկեր, կամ վիճակագրություն, թե մեր երկրում պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման դեպքերի վերաբերյալ քանի հարուցված քրեական գործ կա, դրանցից որը, որ փուլում է գտնվում դժվար է ստանալ: Այստեղից էլ գալիս է խնդրի ոչ միանշանակ պատկերը:
– Հատկապես, ո՞ր մարմնի աշխատակիցների կողմից են ամենաշատ խոշտանգման դեպքեր գրանցվում և ո՞ւմ նկատմամբ:
– Չեմ կարող միանշանակ ասել, թե որ մարմինների աշխատողների կողմից են ամենաշատ դեպքերը լինում, բայց կարող եմ նշել՝ հատկապես, որ աշխատակիցների դեմ են առավել հաճախ հաղորդումներ ներկայացվում: Խոսքը հիմնականում գնում է ոստիկանության աշխատողների, այնուհետև մյուս իրավապահ մարմինների աշխատողների և համեմատաբար ավելի քիչ հաղորդումներով ինֆորմացիա է մեզ հասնում քրեակատարողական հիմնարկներում անձանց նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ: Պատճառն այն է, որ քրեակատարողական հիմնարկներում անձը պահվում է անազատության մեջ, քրեակատարողական հիմնարկի աշխատողը տվյալ գործով քննություն չի իրականացնում, իսկ խոշտանգումը ինչպես միջազգային չափանիշներով, այնպես էլ մեր ներպետական օրենսդրությամբ հետապնդում է կոնկրետ նպատակ, այսինքն` խոշտանգումը ոչ միայն պաշտոնատար անձի կողմից կիրառված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանքն է, այլև Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան նախատեսում է նաև կոնկրետ նպատակներ: Նպատակ պիտի լինի անձից ցուցմունք կամ տեղեկատվություն կորզելը, նախկինում կատարած արարքի համար, որի մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է, պատժելը, նրան վախեցնելը և այլն:
– Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անձի նկատմամբ իրականացված խոշտանգումները բացահայտելու և դրանց թիվը նվազեցնելու ուղղությամբ:
– Ցանկացած խոշտանգման դեպքի վերաբերյալ, եթե մենք ստանում ենք հաղորդում, ահազանգ կամ ինֆորմացիա, մենք անմիջապես արձագանքում ենք: Արագ արձագանքման մեր ստորաբաժանման աշխատակիցները կամ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները այց են իրականացնում դեպքի վայր, զրուցում են անձի հետ, իրականացնում են նրա վրա առկա մարմնական վնասվածքների արձանագրում: Մենք մեր աշխատակազմում ունենք նաև բժիշկ մասնագետ, որը այցերի ժամանակ մշտապես լինում է մեզ հետ: Փոխանցված, ձեռք բերված ամբողջ ինֆորմացիան հավաքվում է և ուղարկվում իրավապահ մարմիններին՝ հատուկ քննչական ծառայություն, որը իրավասու է քննել խոշտանգման վերաբերյալ գործերը, ինչպես նաև դատախազություն` հսկողություն իրականացնելու համար: Բացի իրավասու պետական մարմիններին ինֆորմացիան ուղարկելուց, մենք նաև պատշաճ հսկողություն ենք իրականացնում դրանց հետագա ընթացքի վերաբերյալ: Պարբերաբար տեղեկատվություն ենք պահանջում, թե քրեական գործի քննությունը ի՞նչ փուլում է, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել և այլն:
– Ովքե՞ր են հիմնականում ահազանգողները, հենց խոշտանգման ենթարկվածնե՞րը, թե՞ այլ մարդիկ:
– Ունենք ահազանգեր հենց խոշտանգաման ենթարկված անձանցից, երբեմն ահազանգեր կարող ենք ստանալ նաև այն անձանցից, որոնք ականատես են եղել դեպքին: Ահազանգեր ենք ստանում նաև մերձավոր ազգականներից, փաստաբաններից, ինչպես նաև Զանգվածային լրատվության միջոցներից:
– Շատ դեպքերում մարդկանց նկատմամբ խոշտանգումներ իրականացրած անձինք մնում են անպատիժ, ո՞րն է դրա պատճառը:
– Իրականում այս տեսանկյունից խոշտանգման դեպքերի, գործերի քննության վեաբերյալ վիճակագրությունը ևս մտահոգիչ է: Այս առումով բազմաթիվ են դեպքերը, երբ խոշտանգման վերաբերյալ հարուցված քրեական գործերը կարճվում են` ապացույցներ ձեռք բերելու անհնարինությամբ պայմանավորված: Հաճախ խոշտանգման դեպքի մասին բարձրաձայնվելուց անմիջապես հետո չեն ձեռնարկվում օրենքով և միջազգային չափանիշներով պահանջվող և անհրաժեշտ գործողություններ: Դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է ուշացումով, երբ մարդու վրա մարմնական վնասվածքներն արդեն հնարավոր չէ արձանագրել կամ առհասարակ չի էլ իրականացվում: Երբեմն իրականացվում են պատշաճ վերապատրաստում չանցած բժիշկների կողմից, որոնք չեն կարողանում չափանիշներին համապատսխան դրանք արձանագրել, և խնդիրը գալիս, հանգում է նրան, որ առանց բավարար ապացույցների ստացվում է մի կողմից անձի ցուցմունքն առ այն, որ իրեն խոշտանգել են, իսկ մյուս կողմից՝ վարույթ իրականացնող մարմնի կամ ոստիկանի, կամ այն անձի ցուցմունքն է, որի խոսքերով՝ ինքն այդ անձին մատով չի կպել: Այսպիսի դեպքերում է, որ պատշաճ ապացույցներ չհավաքելու արդյունքում հետագայում քրեական գործը հայտնվում է փակուղու առաջ և հանգեցնում է նրան, որ քրեական գործով վարույթը կարճվում է: Բացի այդ խոշտանգման վերաբերյալ կա մի փոքր սխալ ընկալում հասարակության լայն խավի կողմից, քանի որ խոշտանգումը ոչ միայն անձին ծեծելն է, այլ նաև նրան քնից, սնունդից և կենսական այլ անհրաժեշտ պահանջմունքները բավարարելու հնարավորությունից զրկելը, որը ավելի դժվար է բացահայտվում, քան ֆիզիկական վնասվածք հասցնելու դեպքերը, որոնք ավելի տեսանելի են և համեմատաբար ավելի հեշտ է բացահայտելը: Այսպիսի հանցագործությունների պատշաճ քննության իրականացումը և արձանագությունը ավելի մտահոգիչ է, քանի որ հավաքված ապացույցները պետք է հավաստի և ստույգ լինեն, որպեսզի կարողանա նման ապացույցներով գործը հասնել դատարան:
– Եթե ապացուցվել է խոշտանգման դեպք, ապա ինչպե՞ս է պաշտպանվում և փոխհատուցվում մարդու խախտված իրավունքը:
– Խոշտանգումների զոհերի փոխհատուցման վերաբերյալ միջազգային հստակ չափանիշներ կան: Մեր պետությունը մասնակի է իրականացրել իր ստանձնած պարտավորությունները, որովհետև ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի համաձայն՝ խոշտանգման զոհերը պիտի ստանան պատշաճ փոխհատուցում, որի միայն մի քանի տարրերն են մեր երկրի ներպետական օրենսդրությամբ նախատեսված: Քաղաքացիական օրենսգրքում կատարվել է լրացում հոդվածի տեսքով, որտեղ նախատեսվում է խոշտանգումից տուժած անձին նյութական փոխհատուցում, ինչպես նաև հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորություն: Սա Հայաստանի պարտավորությունների միայն մասնակի կատարումն է, և դրա պրակտիկ կիրառման հետ կապված անհրաժեշտ են ենթաօրենսդրական ակտեր՝ կառավարության որոշումներ: Սրանք բոլորը դեռ ընթացքի մեջ գտնվող գործընթացներ են, որոնք պետք է հասնեն իրենց հանգուցալուծմանը:
– Տիկի′ն Սիմոնյան, կցանկանայի նաև անդրադառնաք Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ստորաբաժանմանը։
– Մարդու իրավունքների պաշտպանին դեռևս 2008 թվականից վերապահված է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի՝ 1984 թվականի կոնվենցիայի 2002 թվականի դեկտեմբերի 18- ին ընդունած կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակը, և որպես կանխարգելման ազգային մեխանիզմ վերջինիս գործառույթն իրականացնելու համար ՄԻՊ աշխատակազմում գործում է Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ստորաբաժանումը: Մեր ստորաբաժանման հիմնական աշխատանքն է ազատությունից զրկման վայրերում մշտական մոնիթորինգը, այսինքն` անկախ նրանից՝ տվյալ քրեակատարողական հիմնարկներից, ձերբակալված անձանց պահելու վայրերից ունենք բողոքներ, թե ոչ, մենք մուտք ենք գործում այնտեղ, ուսումնասիրում ենք այնտեղ պահվող անձանց իրավունքների ապահովման վիճակը: Մեր մանդատի համաձայն մենք մուտք ենք գործում ոչ միայն քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժարաններ, ՁՊՎ-ներ, այլև ցանկացած վայրեր, որն անձն իր սեփական կամքով չի կարող լքել և առանց վարչական կամ այլ պետական մարմնի համաձայնությամբ չի կարող հեռանալ: Այդպիսի վայրեր մենք ունենք անարգել մուտքի իրավունք, իսկ մեր մուտքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Ազատությունից զրկման վայրերը և այնտեղ պահվող անձանց իրավունքների ապահովումը մեր մշտական հսկողության ներքո է, որի վերաբերյալ մենք ամեն տարի հրապարակում ենք ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի, տարեկան զեկույց, մյուս տարի՝ մինչև առաջին եռամսյակի ավարտը, ՄԻՊ-ը կհրապարակի 2017թ. իր գործունեության վերաբերյալ հրապարակային զեկույցը, որը կներկայացվի ԱԺ:
Հարցազրույցը՝ Ելենա Արամյանի
753 դիտում