
Արհեստական բանականության (ԱԲ) միջոցով հաջողվել է իրականացնել ամբողջությամբ ավտոմատացված բեղմնավորման գործընթաց, որի արդյունքում ծնվել է առողջ երեխա։ ԱԲ-ն վերահսկել է բոլոր փուլերը՝ ձվաբջջի ընտրությունից մինչև բեղմնավորում, առանց բժշկի ուղղակի միջամտության։ Սա նախադեպային է աշխարհում՝ ի վկայություն նրա, թե որքան խորն է ԱԲ-ն ներթափանցում մարդուն վերաբերող գործընթացների մեջ։
Այս իրադարձությունը համընկնում է կարևոր իրավական զարգացման հետ․ 2024 թվականին Եվրոպական Միությունը ընդունել է արհեստական բանականության ակտը (AI Act)՝ արհեստական բանականության վերաբերյալ առաջին համապարփակ իրավական կարգավորումը։
AI Act-ը կարգավորում է ԱԲ համակարգերը՝ ըստ ռիսկայնության մակարդակի․
– Բարձր ռիսկ ունեցող համակարգերը, ներառյալ՝ առողջապահության, կրթության և ֆինանսական ոլորտները, ենթարկվում են խիստ վերահսկողության,
– Ցածր ռիսկ ունեցող համակարգերը վերահսկվում են մեղմ կանոններով՝ ապահովելով թափանցիկություն և անվտանգության նվազագույն ստանդարտներ։
AI Act-ը ընդգրկում է այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են առողջապահության, կրթության, ֆինանսների և իրավական ոլորտները։ Այն նպատակ ունի պաշտպանել մարդու իրավունքները՝ միաժամանակ ուղղորդելով տեխնոլոգիական զարգացումը անվտանգ և էթիկական ուղով։
Այս զարգացումները նոր հրամայական են նաև Հայաստանի համար։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում արագորեն զարգանում են տեխնոլոգիաները, Հայաստանում ևս մեծ նշանակություն ունի նման կարգավորումների ընդունումը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ արհեստական բանականության համակարգերը սկսել են ազդեցություն ունենալ ոչ միայն գործարար աշխարհում, այլ նաև՝ մի շարք այլ ոլորտների վրա։
Որպես իրավաբանական համայնք՝ կարևոր է նախապատրաստվել նմանատիպ միջազգային իրավական կարգավորւմների հնարավոր ներդրմանը Հայաստանում՝ հաշվի առնելով տեղական տեխնոլոգիական զարգացումները և մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
Նյութը՝ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի սոցիալական էջերից
