Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՀ փորձագետները բանակցություններ են վարել Տաջիկստանի իշխանությունների հետ՝ երկրում վարկային ծրագիրը վերսկսելու հարցի շուրջ։
Այս տարվա սեպտեմբերին ԱՄՀ փորձագետների խումբը՝ Փադջամա Հանդելվալի գլխավորությամբ, մեկնել է Տաջիկստան։ Քննարկումներից հետո ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Տաջիկստանի հետ համագործակցության ծրագիրը։ Տեղի իշխանություններն այս կապակցությամբ հայտարարել են, որ իրենք կատարել են «Ընդլայնված վարկային մեխանիզմ» նոր ծրագրի շրջանակներում երկրին ֆինանսական օգնություն տրամադրելու համար ԱՄՀ-ի կողմից առաջադրված նախնական պահանջները։
Հայտնի է, որ 2017 թվականի հուլիսին Տաջիկստանում հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ԱՄՀ նախապայմաններն իրագործելու համար։ Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը, երկրի տնտեսության զարգացումը, աղքատության կրճատումը և երկրի միջազգային պահուստների աճի ապահովումը։
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի և Տաջիկստանի նախորդ վարկային ծրագրի շրջանակներում համագործակցությունն ավարտվել է 2012 թվականին։ ԱՄՀ-ի կողմից Տաջիկստանին տրամադրված վարկի արժեքը գերազանցել է 160 մլն դոլարը։ Վարկային ծրագիրը վերսկսելու հարցի շուրջ բանակացությունները սկսվել են դեռևս 2015 թվականին։ Հայտնի է, որ նոր ծրագրի շրջանակներում Տաջիսկտանը մտադիր է կազմակերպության աջակցությամբ 500 մլն դոլար գումարի չափով արտոնյալ վարկ ստանալ, սակայն այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։