Արթուր Իվանովն ընդդեմ Ռուսաստանի 

Դիմումատուն՝ Արթուր Գերմանովիչ Իվանովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին և ապրում է Ռուսաստանի Նովոչեբոկսարսկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն չափազանց ցածր գումարի չափով փոխհատուցում հատկացնելու որոշման վերաբերյալ։

2007 թվականի ապրիլին Ռուսաստանի ներպետական դատական ատյանները հաստատել են, որ Դիմումատուին կալանավայրում պահելու ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը հարվածել է նրա ականջին։ Հարվածի հետևանքով Դիմումատուի մոտ հայտնաբերվել են առողջական խնդիրներ՝ լսողության հետ կապված։ Մասնավորապես՝ բժիշկները Դիմումատուի մոտ հայտնաբերել են  լսողության խանգարումներ և թմբկաթաղանթի լուրջ վնասվածք։ Այնուհետև, Դիմումատուն՝ իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց է ներկայացրել Դատարան։

2009 թվականի ապրիլին Ռուսաստանի ներպետական դատական ատյանները որոշել են նյութական ու բարոյական վնասների համար Դիմումատուին վճարել 20 հազար ռուսական ռուբլի (մոտ 440 եվրո) գումարի չափով փոխհատուցում։ Դիմումատուն բողոքել է ներպետական դատական ատյանների կայացրած որոշման դեմ՝ պահանջելով ավելացնել իրեն հասանելիք փոխհատուցման գումարի չափը։ Վերջինս իր բողոքի մեջ նաև նշել է, որ նման խախտումների պարագայում փոխհատուցման ենթակա գումարի չափը պետք է համապատասխանի այն գումարին, որը նախատեսում է վճարել դիմումատուներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նմանատիպ խախտումներ արձանագրելու ժամանակ։ 2009 թվականի մայիսին Ռուսաստանի Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը և հաստատել է ներպետական դատական ատյանների կայացրած որոշումը։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ Դիմումատուն բողոքել է իր իրավունքների ոտնահարման և իրեն չափազանց ցածր գումարի չափով փոխհատուցում հատկացնելու որոշման մասին։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Վերջինս իր բողոքի մեջ նաև նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար  Դիմումատուին վճարել 11․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ