Կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի 524-Ն որոշմամբ ներդրվել է արդարադատության նախարարության կողմից վարվող հարցումների միասնական www.e-request.am հարթակը: Նախարարությունը հայտնում է, որ հարթակի նպատակն է քաղաքացիներին ընձեռել հնարավորություն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարցում, դիմում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական մարմիններին և էլեկտրոնային եղանակով ստանալ պատասխան:
Որոշման հիման վրա առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է արդիականացնել բոլոր պետական մարմինների էլեկտրոնային կայքերը՝ նախատեսելով միասնական պաատուհան էլեկտրոնային եղանակով հարցումներ ներկայացնելու համար: Նշված միասնական պատուհանի միջոցով քաղաքացիները մուտք կգործեն էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակ, որի միջոցով կուղարկեն համապատասխան հարցումներ, ինչպես նաև հնարավորություն կստանան գնահատել համապատասխան պետական մարմինի կողից մատուցվող ծառայությունների որակն ու ժամկետները:
«Հատկանշական է, որ հարթակում առկա վիճակագրական պատկերներից երկուսը ձևավորվում են քաղաքացիների կողմից ներկայացված կարծիքի հիման վրա՝ հաշվի առնելով իրենց գոհունակությունը տեղեկատվություն տնօրինող պետական մարմինների կողմից ներկայացված պատասխանի բովանդակությունից և պատասխան գրության ներկայացման ժամկետից:
Միաժամանակ, վիճակագրության ձևավորման այս մոդելը խթան կհանդիսանա պետական մարմինների կողմից իրականացվող գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման համար:
Բացի այդ՝ հաշվի առնելով էլեկտրոնային կառավարման գործիքների զարգացման միտումները Հայաստանում, անխուսափելի է դառնում թղթային փաստաթղթաշրջանառությանը զուգահեռ էլեկտրոնային նորարար գործիքների ստեղծումը՝ դրանով իսկ նպաստելով վարչարարության ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,- գրված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: