Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նոյեմբերի 10-ին ընդունել է տարածաշրջանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով խորհրդատու Ակսանա Անտոնենկոյին: Այդ մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոնը:
Մասնավորապես, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ա. Անտոնենկոն նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, լինելով միակ ֆինանսական կազմակերպությունը, որն ունի քաղաքական մանդատ, հետաքրքրված է Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումներով: Նրա խոսքով՝ երեք տարին մեկ անգամ բանկը պաշտոնական փաստաթուղթ է հրապարակում և գնահատում երկրներում տեղի ունեցող քաղաքական բարեփոխումները:
«Մենք, մասնավորապես, մենք հետաքրքված ենք ժողովրդավարական բարեփոխումներով, անկախ դատական իշխանությունով և սահմանադրական բարեփոխումներով»,- ասել է Ակսանա Անտոնենկոն և հարցրել՝ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու առումով ի՞նչ աշխատանքներ են ընթանում Հայաստանում և ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ երկրի համար:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության ներկայիս փուլն ու ներկայացրել սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքները: Նախարարի տեղեկացմամբ, Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ անցկացվել են բավականին բուռն ու լայնածավալ հանրային քննարկումներ թե Երևանում, թե մարզերում: Քննարկվել են Հայաստանում կառավարման ձևի կատարելագործմանն առնչվող հարցեր:
Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ հայեցակարգով նախատեսվում է իշխանության ճյուղերի տարանջատման գործուն կառուցակարգերի ներդնում, ինչի արդյունքում կապահովվի դատական համակարգի լիարժեք անկախությունը: Նախարարը նաև կարևորել է դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումները՝ ընդգծելով, որ այդ առումով դեռ անելիքներ կան: «Հայեցակարգով սահմանվել է նաև իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումն ու դրա երաշխավորումը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Ակսանա Անտոնենկոն հետաքրքրվել է նաև օրենքների մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության աստիճանով: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ՔՀԿ-ների հետ երկխոսությունն ու նրանց մասնակցությունը հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացում: Որպես օրինակ՝ Հովհաննես Մանուկյանը նշել է ՀՀ արդարադատության նախարարին կից ստեղծված հանրային խորհրդի գործունեությունը, որի կազմում ընդգրկված են ոլորտում գործող մոտ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ և որոնց հետ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի են ունեցել երեք հանդիպումներ, քննարկվել են կարևոր իրավական ակտերի նախագծեր: