Արդարադատության նախարարը նախագահին զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր զեկուցել է սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի, այդ թվում՝ սահմանադրական օրենքների նախագծերի մշակման աշխատանքների ընթացքն ու ՀՀ Ազգային ժողով դրանք ներկայացնելու ժամկետները: 

Հանրապետության Նախագահը սահմանադրական բարեփոխումներից բխող իրավական ակտերի մշակման գործընթացում առավելապես կարևորել է դրանց որակի ապահովումը՝ միաժամանակ ընդգծելով, որ համապատասխան նախագծերը կառավարություն կամ Ազգային ժողով անհրաժեշտ է ներկայացնել սահմանված վերջնաժամկետից այնքան առաջ, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կազմակերպել դրանց վերջնական ընդունումը:

Նախարարը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև հակակոռուպցիոն և պետական կառավարման համակարգի բարեփոխման ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների մասին: Նախագահ Սարգսյանն այս փուլում անհրաժեշտ է համարել հատուկ ուշադրություն դարձնել արդեն իսկ ընդունված օրենքների կիրառումն ապահովող կառուցակարգերի ներդրմանը:

Արդարադատության նախարարը Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը ներկայացրել է նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում գործարկվող էլեկտրոնային կառավարման համակարգերն ու դրանց արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Սերժ Սարգսյանը պետական մարմինների գործունեության թափանցիկության, վարչարարության պարզեցման տեսանկյունից ընդգծել է էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման կարևորությունը և հանձնարարել այդ ուղղությամբ ակտիվացնել աշխատանքները:

Դավիթ Հարությունյանի զեկույցը ներառել է նաև քրեակատարողական, պրոբացիայի և նախարարության համակարգման ներքո գտնվող այլ ոլորտների հիմնախնդիրներն ու դրանց լուծմամբ այդ ոլորտներում արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը:
Հանրապետության Նախագահը արդարադատության նախարարին հանձնարարել է նաև վերլուծել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները և ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:

Մեկնաբանություններ