«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա են մի շարք դրույթներ, որոնք այլևս չեն համապատասխանում Դատական օրենսգրքով ամրագրված կարգավորումներին: Մասնավորապես, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործվում է «դատավորների թեկնածություններ» եզրույթը, մինչդեռ Դատական օրենսգրքում օգտագործվում են «դատավորների թեկնածուներ» և «դատավորների թեկնածուների հավակնորդներ» եզրույթները, Դատական օրենսգրքում այլևս նախատեսված չեն Արդարադատության խորհուրդը, Դատարանների նախագահների խորհուրդը, բացի այդ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հիմքերը սահմանված են բացառապես Դատական օրենսգրքով: Բացի այդ, Դատական օրենսգրքով սահմանվել է, որ գիտական աստիճան ունեցող հավակնորդի համար Արդարադատության ակադեմիայում գործնական հմտությունների զարգացման մասով օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է ուսուցում:
Վերոշարադրյալը վկայում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
Նախագծի ընդունման արդյունքում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
Նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խումբը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:
Սույն օրենքի նախագծով ապահովվում է տերմինաբանական միասնականությունը, վերացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հետ կապված Դատական օրենսգրքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջև աններդաշնակությունը, դատարանների նախագահների խորհրդին մինչ այժմ վերապահված լիազորությունները, պայմանավորված այդ մարմնի վերացման հետ, համապատասխանաբար բաշխվել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ Դատական դեպարտամենտի միջև:
Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։