«Ասում էին, որ երակները կտրածա եղել, և չէր կարող այդքան արյուն կորցնելուց հետո գնալ կախվել». Վկայի ցուցմունքը` կուրսանտի սպանության գործով

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով, այսօր ցուցմունք տվեց գործով վկա Վոլոդյա Ավետիսյանը:

Վկան իր ցուցմունքում նշեց, որ ճանաչում է բոլոր ամբաստանյալներին և նրանց հետ ունեցել է ընկերական հարաբերություններ: Նկարագրելով ամբաստանյալներին` նա հայտնեց, որ նրանք բոլորն էլ եղել են կարգապահ, և նրանց հետ ոչ մի կոնֆլիկտ չի ունեցել:

Անդրադառնալով կատարված դեպքին` վկան նշեց, որ դեպքի հետ կապված մանրամասնություններ չի հիշում. «Միայն գիտեմ, որ սպանություն է տեղի ունեցել, գիշերվա ժամին»: Վկան պատմեց, որ առավոտյան իմացել են, որ Հայկազը չկա, և բոլորով գնացել են նրան փնտրելու, իսկ թե գիշերը ինչ  է տեղի ունեցել, իրեն հայտնի չէ: Պատասխանելով կողմերի հարցերին` վկան հայտնեց, որ այդ գիշեր ինքը թղթեր է լրացրել, որից հետո գնացել է ննջարան, իսկ մինչև քնելը միայն տեսել է վերակարգին, այլ մանրամասնություններ վկան դժվարացավ ներկայացնել:

Տուժող կողմի միջնորդության համաձայն` հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը էական հակասությունների առկայության պատճառով:

Նշենք, որ նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ 4 ամբաստանյալները (Գնելը, Նորիկը, Վաչեն, Մովսեսը) ունեցել են վատ պահվածք, գերիշխող դեր են կատարել իրենց համալսարանում, երբեմն անտեղի կռիվներ են արել և այլն: Վկան իր նախաքննական ցուցմունքում նաև հայտնել էր, որ շարահրապարակում, երբ Գոռ Ասլանյանը շրջվել է, Գնել Թևոսյանը նրան ասել է, որ հետ չնայի, թե չէ կողքը կհայտնվի:

Նախաքննական ցուցմունքի հրապարակվելուց հետո վկան հայտնեց, որ ցուցմունքներում կան հակասություններ, և ինքը պնդում է իր նախաքննական ցուցմունքը, քանի որ այն ճիշտ է:

Այնուհետև դատարան հրավիրվեց գործով մեկ այլ վկա Գոռ Ասլանյանը: Վերջինս իր ցուցմունքում հայտնեց, որ Հայկազի անհետանալու մասին իմացել է առավոտյան, այնուհետև արդեն իմացել է, որ նրան պտտաձողից կախված են գտել, սակայն ինքը մոտիկ չի գնացել և նրան տեսել է պտտաձողից կախված, միայն այն ժամանակ, երբ դրսում շարված են եղել, իսկ ինքը մի քանի անգամ ետ է շրջվել:

 «Որ շրջվել նայել եմ Գնելն ինձ դիտողություն արեց, այս պահին չեմ կարող բառացի հիշել, թե կոնկրետ ինչ, բայց ասեց, եթե չես ուզում ընդեղ հայտնվես շրջվի»,- ասաց նա:

Պատասխանելով իրեն ուղղված հարցերին՝ վկան հայտնեց, որ ինքը երևի հետաքրքրությունից դրդված է շրջվել:

Վկան նաև հայտնեց, որ, երբ ինքը գնացել է քնելու, Գնելը ննջարանոմ չի եղել, իսկ առավոտյան եղել է, թե ոչ, չի հիշում:

Պատասխանելով դատավորի այն հարցին՝ արդյո՞ք նա տեսել է Հայկազի անկողինը արյունոտ վիճակում՝ վկան հայտնեց, որ ներս չի մտել միայն դրսից` դռան մոտից է տեսել. «Սավանի և դոշակի մեջտեղի մասն ամբողջությամբ արյուն էր, այդ պահին արյունը ինձ շատ թվաց»:

Վկան նաև նշեց, որ խոսակցությունների էին տեղի ունենում սկզբում, որ Հայկազն ինքնասպան է եղել, հետո արդեն, որ նրան սպանել են: «Ասում էին, որ երակները կտրածա եղել, և չէր կարող այդքան արյուն կորցնելուց հետո գնալ կախվել»,- իր խոսքում նշեց վկան:

Այնուհետև հրապարակվեց նաև Գոռ Ասլանյանի նախքաննական ցուցմունքները, որում ևս առկա էին հակասություններ:

Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները, ծեծի է ենթարկել Մանասերյանին, բացի այդ՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Նյութը` Ելենա Արամյան

Կարդացեք նաև` «ԴԵՄԴ ՆԱՅԻ, ԿԱՐՈՂԱ ԿՈՂԻՑ ԿԱԽԵՄ». ԿՈՒՐՍԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԿԱՆԵՐԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑԻՆ

Մեկնաբանություններ