Գործը վերաբերում է ազատազրկման դատապարտված Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ բանտում իր ընտանիքի անդամների կատարած այցելությունների սահմանափակումներին: Դիմումատուն՝ Անդրեյ Ռեսինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1974 թվականին։ Դիմումատուն դատապարտվել է ցմահ ազատազրկման և ներկայումս կրում է իր պատիժը Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանում։ Մինչև ցմահ ազատազրկման դատապարտվելը Դիմումատուն բնակվել է Խաբարովսկ քաղաքում։
2012 թվականից մինչև 2014 թվականը Դիմումատուն կրել է իր պատիժը Սվերդլովսկի շրջանի քրեակատարողական հիմանարկներից մեկում, որը գտնվում է իր տնից 7000 կմ հեռավորության վրա։ Այդ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ամբողջ ժամանակահատվածում Դիմումատուին թույլատրել են վեց կարճատև այցելություններ իրականացնել իր ընտանիքի անդամների հետ։ Այցելությունների ժամանակ նրանց մշտապես բաժանել է ապակե պատնեշը, և վերահսկել է բանտի տեսուչը։ Դիմումատուն դիմել է քրեակատարողական հիմնարկի հսկիչներին՝ առանց սահմանափակումների և վերահսկողության այցելություններ թույլատրելու խնդրանքով, սակայն, ապարդյուն։
Քրեական գործով հետաքննության շրջանակներում 2014 թվականին Դիմումատուին տեղափոխել են Խաբարովսկ քաղաքի հետաքննչական մեկուսարան՝ 2 ամիս ժամկետով։ Դիմումատուն պահանջել է կարճ ժամանակով այցելության թույլտվություն հատկացնել իր ընտանիքի անդամների հետ: Այնուամենայնիվ, քրեական գործով քննիչը և կալանավայրի կառավարիչը մերժել են Դիմումատուի պահանջը։
Այսպիսով, իր ընտանիքի անդամների հետ այցելություններ թույլատրելու համար Դիմումատուի ներկայացրած բոլոր պահանջները և նախկինում տեղի ունեցած այցելությունների ժամանակ սահմանափակումների վերաբերյալ ներպետական դատական ատյաններին նրա ներկայացրած բոլոր բողոքները մերժվել են՝ օրինական հիմքերի բացակայությամբ։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է քրեակատարողական հիմնարկում իր ընտանիքի անդամների կատարած բոլոր այցելությունների ժամանակ բանտի տեսուչի կողմից իրականացված չափազանց խիստ վերահսկողության մասին, ինչպես նաև՝ հետաքննչական մեկուսարանում այցելություններ կազմակերպելու պահանջով իր ներկայացրած բոլոր դիմումները մերժելու որոշման մասին։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 7․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․500 եվրո՝ դատական ծախսերի համար։
Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։