«Այսօր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է խոշտանգում». փաստաբան

Այն քաղաքական հասարակական մթնոլորտը, որը ձևավորված է Մանվել Գրիգորյանի շուրջը չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննությանը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

«Եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրված արաքը՝ այո, նա պետք է կրի իր արժանի պատիժը, սակայն մինչ այդ պետք է բացառել ցանկացած միջամտություն, որովհետև նման պայմաններում ուղղակի խոսք չի կարող գնալ արդարադատության մասին, այլ կարող է խոսք գնալ ձևական արդարադատության և ինքնադատաստանի մասին: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այսօր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է խոշտանգում»,- ասաց նա:

Փաստաբանը հայտնեց, որ այս օրերին Մանվել Գրիգորյանին ճանաչողները և չճանաչողները ուրացան նրան, իսկ պետական լիազոր մարմիններն առանց քննության առնելու նրա հիվանդությունները՝ վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավական նորմով դասվում է պետության կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին և կոչվում է անձի խոշտանգում:

«Տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանն ինքն է շահագրգռված, որպեսզի քննությունը գնա օբյեկտիվ, որի արդյունքում բազմաթիվ հարցերի պատասխան կտրվի, ինչպես ապօրինի զենքի, այնպես էլ 7 մլն դրամի յուրացման փաստով»,- իր խոսքում նշեց փաստաբանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վարչապետի ցանկացած հայտրարություն շատերի մոտ ընդունվում է որպես 100 տոկոսանոց ճշմարտություն, և նրա խոսքի ուժն այնքան հզոր է, որ կարող է հերոսին ներկայացնել որպես ազգի տականք, իսկ տականքին ազգի հերոս:

«Դիմելով ձեզ ակնկալում եմ հրապարակային հանդես գալ և կոչ անել ժողովրդին դադարեցնել տարբեր բնույթի և տեսակի հաշվեհարդարների կոչերը Մանվել Գրիգորյանի, նրա ընտանիքի և մերձավորների նկատմամբ: Հրապարակայնորեն դիմել իրավապահ մարմիններին կատարելու օբյեկտիվ քննություն և, եթե կապացուցվի անձի կամ անձանց մեղքն այդ զազրելի հանցագործության մեջ՝ պատժել օրենքի ողջ խստությամբ: Հանձնարարել որպեսզի տան բժշկական օբյեկտիվ եզրակացություն Մանվել Գրիգորյանի կալանքի օրինաչափությանը՝ կապված իր կալանքի հետ: Հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը ձեր հայտարարության պահին բացակայել է, որով վիրավորել և զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը՝ հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից: Հրապարակային հայտարարեք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններին չահաբեկեն և չվիրավորեն, չնույնականացնեն իրենց պաշտպանյալի հետ»,- իր հայտարարությունը եզրափակաեց Լևոն Բաղդասարյանը:

Մեկնաբանություններ