36-ամյա Արթուր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի դեկտեմբերի 15-ին իր բնակարանում իրեն պարբերաբար խաբելու շուրջ վիճաբանել է նախկին կնոջ՝ Գայանե Գ.-ի հետ, որի ընթացքում ննջասենյակից վերցրել է նախապես թաքցրած ազոտական թթվով լցված ներարկիչը, աննկատ թիկունքից մոտեցել է, փորձել է ներարկել, սակայն Գայանե Գ.-ն ասեղի ծակոցից հետ է շրջվել և ներարկիչի ասեղը կոտրվելու արդյունքում ներարկում չի կատարվել:
2016 թվականի մարտի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արթուր Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:
Վերջինս իր ցուցմունքում հայտնել է, որ 2006թ.-ին ամուսնացել է Գայանեի հետ և մինչև 2015թ. համատեղ բնակվել են իրենց բնակարանում: Սկզբում ապրել են համերաշխ, սակայն հետագայում սկսել է խանդել կնոջը, որի արդյունքում իրենց հարաբերությունները լարվել են և 2015թ. փետրվարին ամուսնալուծվել են: Գայանեն իրենց 3 երեխաների հետ սկսել է բնակվել հայրական տանը: Ամուսնալուծությունից հետո էլ շարունակել է խանդել կնոջը, փորձեր է արել կնոջ հետ կրկին իրենց հարաբերությունները կարգավորել և վերջինիս հետ պայմանավորվել են, որ այլևս միմյանց չեն խաբելու: Գայանեին խոստացել է, որ իրեն խաբելու դեպքում ինքը նրան ‹‹կիսլատայով›› վառելու է, ոտքերը ջարդելու է, ինվալիդ է սարքելու:
2015թ. դեկտեմբերի 15-ին որդին գտնվել է իրենց տանը: Այդ օրը զանգահարել է Գայանեն և հայտնել, որ ցանկանում է երեխային վերցնել: Իր հարցին, թե վերջինս որտեղ է, Գայանեն պատասխանել է, թե տանն է: Կնոջ հետ խոսակցությունից անմիջապես հետո զանգահարել է վերջինիս հայրական տուն և երեխայից տեղեկացել, որ նա տանը չի եղել: Այդպիսով պարզել է, որ Գայանեն իրեն խաբել է, որ իրենց երեխային վերցնելու նպատակով իր հայրական տանից չի գալիս, ինչպես ներկայացրել է, այլ ուրիշ տղամարդու հետ շփվելուց հետո է գալիս իրենց տուն: Երբ Գայանեն եկել է իրենց տուն ինքը կրկին նրանից հետաքրքրվել է, թե վերջինս որտեղ է քարշ գալիս, ինչին կինը պատասխանել է, որ իր մայրն է քարշ գալիս: Ինքն այդ ժամանակ գնացել է խոհանոց և սեղանի վրայից վերցրել ներարկիչը, որպեսզի իր ննջասենյակի պահարանում շշի մեջ պահվող ազոտական թթուն լցնի ներարկչի մեջ և այն լցնի Գայանեի վրա: Խոհանցից դուրս գալուց վիճաբանել է կնոջ հետ, քաշել է Գայանեի թևից և դատարակ ներարկիչը մտցրել նրա մեջքի մեջ, որպեսզի ցավ պատճառի և վախեցնի կնոջը: Այդ ժամանակ կինը շրջվել է, որի արդյունքում ներարկչի ասեղը կոտրվել և մնացել է նրա մարմնի մեջ: Գայանեն սկսել է բղավել, կանչել իր մորը, իսկ ինքն այդ ժամանակ ներարկիչը ձեռքին գնացել է ննջասենյակ դրա մեջ ազոտական թթուն լցնելու: Ազոտական թթուն լցնելու ժամանակ է նկատել, որ ներարկչի ասեղը կոտրված է: Մոտ 25-30 վայրկյան անց ազոտական թթվով կիսով չափ լցված ներարկիչը ձեռքին, առջևում պահած դուրս է եկել ննջասենյակից, անմիջապես մոտեցել կնոջը, որը տեսնելով ներարկիչը սկսել է բղավել, կանչել իր մորը, ձեռքերով փակել է դեմքը, շփոթված թեթևակի կռացել ու սկսել է պտտվել, իսկ ինքը ներարկչի ամբողջ պարունակությունն անկանոն լցրել է կնոջ վրա՝ հիմնականում գոտկատեղից ներքև՝ ոտքերին:
Տղամարդու խոսքերով իրականում ինքը կնոջը սպանելու մտադրություն չի ունեցել, չի ցանկացել նաև վերջինիս մեծ վնաս պատճառել, այլապես ազոտական թթուն դեմքին կլցներ ու այդ կերպ կայլադակեր նրան: Պարզապես ցանկացել է նրան թեթև վնաս, սուր ցավ պատճառել, պատժել իրեն ստելու համար:
Գայանե Գ.-ի ցուցմունքի համաձայն նախկին ամուսինն իրեն սպանելու մտադրություն է ունեցել: Իսկ դեպքի օրն ինքը ներարկելու պահը չի տեսել, քանի որ պաշտպանվելու նպատակով փակել է դեմքը, սակայն տեսել է, որ ամուսինը շրջվել է, որպեսզի հեռանա, իսկ ինքն այդ ընթացքում նկատել է, որ տաբատը հալվում է, կպել է ոտքին և ոտքի այդ շրջանում այրոց է զգացել, մտածել է, որ ազոտական թթու է իր վրա լցրել: Ինքն սկսել է բղավել և նախկին ամուսինը ներարկիչը ձեռքից գցել է գետնին ու բնակարանից հեռացել է: Ստացված վնասվածքների համար դիմել է հիվանդանոց, որտեղ բուժօգնություն է ստացել: Դեպքից 3 օր անց նախկին ամուսինն իրենց հաղորդագրություններ է ուղարկել և սպառնացել:
Ուսումնասիրելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, դատարանը վճռել է ամբաստանյալ Արթուր Հ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով:
Ծանուցում: Նյութը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են: