ԱՄՆ-ն վեճ է սկսել Ռուսաստանի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ)։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ն բողոքել է այս տարվա հուլիսի 6-ին մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին Ռուսաստանի կայացրած որոշման դեմ։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։
Այս տարվա օգոստոսի 29-ին ԱՀԿ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հարցում է ներկայացրել ԱՀԿ։ Այսկերպ, ԱՄՆ-ն պատրաստվում է բողոքարկել մի շարք ամերիկյան արտադրանքի ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը բարձրացնելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշումը։
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ վեճ նախաձեռնելու մասին ԱՀԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները վստահ են, որ այս տարվա հուլիսի 6-ից Ռուսաստանի կողմից լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին կայացված որոշումը խախտում է 1994 թվականի Սակագների և առևտրի մասին գլխավոր համաձայնագրի (GATT) դրույթները, քանի որ Ռուսաստանը չի կարող լրացուցիչ տուրքեր սահմանել ԱՀԿ-ի այլ անդամների նկատմամբ։
ԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն այս կապակցությամբ հայտարարել է, որ ԱՀԿ կանոնների համաձայն՝ Ռուսաստանը պետք է 10 օրվա ընթացքում ներկայացնի իր պատասխանը՝ ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների մեջ մտնելու համաձայնության կամ մերժման մասին: Ռուսաստանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ում խորհրդակցություններանցկացնելու վերաբերյալ հարցում է կատարել կազմակերպության նաև այլ անդամների, այդ թվում՝ Չինաստանի ու Եվրամիության հետ։
Նշենք, որ խորհրդակցությունների վերաբերյալ հարցում ներկայացնել՝ նշանակում է պաշտոնապես առևտրային վեճ նախաձեռնել ԱՀԿ-ում։ Խորհրդակցությունները հնարավորություն են տալիս կողմերին քննարկել խնդիրը և առևտրային վեճի կարգավորման լուծում գտնել՝ առանց ԱՀԿ դատավարության։ «Եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի խորհրդակցությունները վեճի կարգավորմամբ չպսակվեն, ապա 60 օր հետո ԱՀԿ բողոք ներկայացրած կողմը կարող է արբիտրների խումբ հրավիրելու պահանջ ներկայացնել »,- հայտնել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 6-ին Ռուսաստանը ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման համար 25-40%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին որոշում է կայացրել՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի բարձրացման որոշմանը: Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը ԱՄՆ-ի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով ռուսաստանյան արտահանողներին պատճառված վնասը գնահատել է 537․6 մլն ԱՄՆ դոլար: