Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՀ փորձագետների խումբը երկշաբաթյա այց է կատարել Թբիլիսի, որի շրջանակներում հանդիպումներ են կայացել երկրի կառավարության տնտեսական բլոկի, մասնավոր և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ: Հայտնի է, որ ԱՄՀ Գործադիր խորհուրդը կքննարկի Վրաստանին հերթական վարկ հատկացնելու մասին որոշումը 2018 թվականի դեկտեմբերին:
«Արդյունավետ քննարկումներից հետո Վրաստանի իշխանությունները և ԱՄՀ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հիմնադրամի աջակցությամբ Վրաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրի վերանայման երրորդ փուլի վերաբերյալ: Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից: Ակնկալվում է, որ ԱՄՀ-ի և Վրաստանի միջև համաձայնագիրը կհաստատվի այս տարվա դեկտեմբերին»,-նշվում է ԱՄՀ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ բարեփոխումների իրականացման ծրագրի վերանայման երրորդ փուլի հաստատման դեպքում Վրաստանն այս տարվա դեկտեմբերին կստանա ԱՄՀ-ի կողմից հատկացվող չորրորդ տրանշը՝ 41.6 մլն դոլար գումարի չափով:
Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Վրաստանում տնտեսական բարեփոխումների աջակցության եռամյա ծրագիրը: Այս ծրագիրը նախատեսում է աջակցել Վրաստանի տնտեսական բարեփոխումներին և հաջորդական փուլերով 285 մլն դոլար գումարի չափով վարկ տրամադրել Վրաստանին։ Վերոգրյալ գումարից Վրաստանը դեռևս ստացել է 125 մլն դոլար, իսկ գումարի մնացած մասը ԱՄՀ-ը կտրամադրի երկրին՝ ծրագրի շրջանակներում տարին երկու անգամ իրականացվող վերանայման հաջող ավարտի դեպքում։ ԱՄՀ տնօրեն Քրիստին Լագարդն այս կապակցությամբ նշել է, որ խելամիտ մակրոտնտեսական քաղաքականության և կառուցվածքային բարեփոխումների իրականացման շնորհիվ Վրաստանը կարող է զգալի հաջողությունների հասնել՝ հանգեցնելով արտաքին ցնցումների նկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման։