Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանավորումը կմնա անփոփոխ. «Սասնա ծռեր»-ի 11 անդամների դատական գործ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը:

Այսօրվա դատական նիստում Աշտպան Արայիկ Պապիկյանը դատարանին ինքանբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ մնարամասնելով, որ դատարանը այս գործը քննելու համար չի կարող ոչ կանխակալ և անկողմնակալ լինել։ Փաստաբանը մանրամասնեց, որ գործից մաս անջատելու մասին որոշման մեջ դատարանը նշել է տուժողների իրավունքների մասին և աչքաթող է արել ամբաստանյալների և նրանց պաշտպանների շահերը:

 «Հիմա ի՞նչ  Ձեր գործից մաս անջատելու և միավորելու  որոշման միջոցով ավելացավ մեր մակարդակը, գուցե՞ ավելի կարգապահ ենք դարձել: Դատավոր Գաբրիելյանը ոչ թե ծավալ փոքրացրեց, այլ ավելացրեց ևս 46 հատոր գործ: Մենք արդեն չենք կարող խոսել գործի քննության ողջամիտ ժամկետի մասին, որի մասին  ամբաստանյալները կարող են միայն երազել»,-միջնորդությունը հիմնավորեց Արայիկ Պապիկյանը:

Ինքնաբացարկի միջնորդությանը միացավ նաև պաշտպան Արա Ղարագյոզյանը.

«Եթե այս ձևով դատական նիստերը շարունակվեն, ապա դրանք կտևեն 7 տարի ու  մեր պաշտպանյալները 7 տարի կմնան կալանքի տակ: Դուք կանխակալ եք և աչք եք փակում պաշտպանների նկատմամբ իրականացող անօրինականությունների վրա: Դուք առանց պաշտպանների նիստ էիք անում: Պարոն դատավոր, Դուք լավ հասկանում էիք , որ այս գործով չեք կարող արդարադատություն իրականացնել, բայց համարձակություն չունեցաք ինքնաբացարկի միջնորդությունը հարգել և հեռանալ»,-ասաց Արա Ղարագյուլյանը:

Փաստաբանները անդրադարձան նաև դատարանի վիճարկվող որոշման մեջ՝ գործից մաս անջատելու նպատակահարմարության վերաբերյալ դիտարկմանը, ըստ որի` մաս անջատելը պայմանավորված է ողջամիտ ժամկետում գործը քննելու անհրաժեշտությամբ։

Ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի՝ դատարանը 4 ամիս դատական նիստերի ձախողման «մեղքը» գցել է պաշտպանական կողմի վրա, մինչդեռ, ըստ ամբաստանյալների պաշտպանների, սակայն ակնհայտ է, որ դատարանն է ձախողել դատական նիստերը:

Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները: Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որից հետո վերադարացավ և հրապարակեց միջնորդությունը մերժելու մասին որոշումը:

Ինքնաբացարկի միջնորդության մերժումից հետո դատարանն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտման և պաշտպաններին գործի մեջ ներգարվելու գործընթացներին:

Հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը անդրադարձավ ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի 4 ամիս առաջ արված միջնորդությանը:

Տիգրան Հայրապետյանը անդրադարձավ Կարող Եղնուկյանի մեղադրական եզրակացությանը, նշելով որ մի քանի հազար էջանոց մեղադրական եզրակացության մեջ ընդհամենը 60 էջն է վերաբերվում Կարո Եղնուկյանին, ուստի միջնորդություններ ունի իր պաշտպանյալի վերաբերյալ: Առաջին միջնորդությունը վերաբերվում է Կարող Եղնուկյանի նկատմամբ խափանման  միջոց կալանավորումը փոխարինել գրավի դիմաց ազատ արձակման, երկրորդ՝ գործից մաս անջատել, և երրորդ՝ վերացնել հանդիպումների և հեռախոսազանգերի արգելքը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքի վերացման մասին պաշտպանների միջնորդությանը, և նույնիսկ մյուս ամբաստանյալների նկատմամբ հեռախոսազանգերի և տեսակցությունների արգելքը վերացնելու մասին որոշում կայացրեց:

Հաջորդ միջնորդությունը վերաբերվում էր ամբաստանյալ Կարո Եղնուկյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինել  գրավի դիմաց ազատ արձակելով:

Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց այն բոլոր արարքները որոնց մեջ մեղադրվում է իր պաշտպանյալը, անհիմն և ոչ հիմնավորված համարելով վերջիններս.

«Կարո Եղնուկյանին մեղադրում են այն բանի մեջ, որ տեղեկություն է հրապարակել զինտեխնիկայի տեղաշարժման վերաբերյալ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է տեղեկություն հրապարակելուն նպաստել է, սակայն՝ ինչպե՞ս է նպաստել, դա չգիտենք: Կամ մեղադրվում է, որ Արամ Պետրոսյանի հեռախոսահամարը լիցքավորել է 13 000 դրամով, եթե այս մասը հիմնավորված է,  մեզ կարող եք ասել՝ վերջինս ինչպե՞ս կարող էր օժանդակել շենք շինություն զավթելուն»,-ասաց Տիգրան Հայրապետյանը: «Կարո Եղնուկյանի համար ստորագրությամբ երաշխավորել են Հայաստանում հայտնի շուրջ քառասուն անձինք, որոնց շարքում են Մարդու իրավունքների երկու նախկին պաշտպաններ, պատգամավորներ, անվանի մարդիկ: Որպես գրավ առաջարկում ենք աննախադեպ գումար՝  մեկ միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք»,-նշեց Տիգրան Հայրապետյանը:

Պաշտպանը  փաստեց, որ Կարո Եղնուկյանը դատաքննական պրոցեսին չի կարող խոչընդոտել ազատության մեջ լինելով: Մյուս պաշտպանները ևս միացան Տիգրան Հայրապետյանի միջնորդությանը:

Հերթական ընդմիջումից հետո դատրանը մերժեց միջնորդույթունը, առանց հիմնավորելու մերժելու պատճառները:

Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց երրորդ միջնորդությունը՝ Կարո Եղնուկյանի գործով մաս անջատելու վերաբերյալ, սակայն դատարանը կրկին մերժեց միջնորդությունը:

Ամբաստանյալներ Արմեն Լամբարյանի և Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ևս միջնորդությւոն ներկայացրեց, որ իր պաշտպանյալների նկատմամբ կիրառված կալանումը որպես խափանման միջոց փոխարինել գրավի դիմաց ազատ արձակելով:

Ամբաստանյալ Կարո Եղնուկյանը ոտքի կանգնեց և դատարանին հայտնեց իր նիստերի դահլիճից հեռանալու մասին. «Դուք իմ հանդեմ հոգեբանական բռնություն եք գործադրում»,-ասաց նա: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Արայիկ Պապիկյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով:

Նշենք, որ նիստը վերսկսելուց հետո ամբաստանյալ Կարո Եղնուկյանը նիստերի դահլիճ չբերվեց, վերջինիս պաշտպանը դատարանում հայտնեց, որ նա վատառողջ է:

Ամբաստանյալներ Արմեն Լամբարյանի և Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ մերժեց:

Նիստը հետաձգվեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի բացակայության պատճառով հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի:

Մեկնաբանություններ