Ակնարկ․ վարչական դատարանի իրավասությունը նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը որոշելիս

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում նորմատիվ իրավական ակտ հասկացությունը սահմանվում է որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար։

Նորմատիվ իրավական ակտը այն բջիջն է, միավորը, որի հիման վրա ձևավորվում է պետության իրավական համակարգը, որը իր հերթին կոչված է կարգավորելու հասարակական բազմաշերտ հարաբերությունները։ Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ անհրաժեշտ է արդյունավետ վերահսկողություն նորմատիվ իրավական ակտերի ընդունման կարգի, բովանդակության և սահմանված հիերարխիկ համակարգի պահպանման նկատմամբ։

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ընդհանուր կարգով սահմանում են նորմատիվ իրավական ակտերի հիերարխիկ համակարգը՝

«1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին»:

Ուստիև, անհրաժեշտ է արդյունավետ վերահսկողական համակարգ, որպեսզի պահպանվի նորմատիվ իրավական ակտերի միջև աստիճանակարգությունը, և բացառվեն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի անհամապատասխանությունները ավելի բարձր իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին։

Այդպիսի կառուցակարգ է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարույթը ՀՀ վարչական դատավարությունում։ Այն կոչված է դատական կարգով անվավեր ճանաչելու այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք չեն համապատասխանում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին։

Վիճարկման ենթակա նորմատիվ իրավական ակտերի շրջանակը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 191-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը.

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ իրավական ակտերի, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև համայնքի ավագանու ու համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին (բացի Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը»։

Ինչպես նաև, Օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարելի է դիմել նաև այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտը դիմելու պահին այլևս իրավաբանական ուժ չուներ, սակայն կիրառվել է դիմողի նկատմամբ որևէ անհատական, ներառյալ` դատական ակտով»:

Այսպիսի կարգավորումը մի կողմից ընդգրկում է վիճարկման ենթակա նորմատիվ իրավական ակտերի բավականին մեծ շրջանակ, սակայն մյուս կողմից ծագում են որոշ խնդիրներ.

  1. Վերոնշյալ իրավական նորմում վիճարկման ենթակա նորմատիվ իրավական ակտերի շարքում, ի թիվս այլոց, նշվում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը։ Դրանք թվարկված էին «Իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի որոշումները և հրահանգները, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները, նախարարների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների հրամանները, մարզպետների, Երևանի քաղաքապետի որոշումները կամ կարգադրությունները։ Սակայն սույն օրենքը ուժը կորցրած է ճանաչվել 07.04.2018թ., և դրա փոխարեն ուժի մեջ է մտել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, որում, սակայն, առկա չէ գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի մասին որևէ հիշատակում։ Քանի որ անհնար է Օրենսգրքում առկա ձևակերպումը մեկնաբանել օրենքով, որն այլևս իրավական ուժ չունի, իսկ գործող օրենքում չի բացահայտվում այդ տերմինի բովանդակությունը, ապա այն բոլոր նորմատիվ իրավական ակտերը, որոնք թվարկվում էին «Իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում, 07.04.2018թ.-ից սկսած փաստացի դուրս են մնացել վերանայման ենթակա նորմատիվ իրավական ակտերի շարքից։
  2. Օրենսգրքում սահմանված սահմանափակ շրջանակը չի համապատասխանում նաև ՀՀ 2015թ. Սահմանադրության կարգավորումներին, քանի որ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ օժտված են այլ մարմիններ ևս, ինչպիսիք են Բարձրագույն դատական խորհուրդը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 175, մաս 3) և ինքնավար մարմինները (ՀՀ Սահմանադրություն, հոդված 122, մաս 3)։

Ուստի, նման նեղ շրջանակի պահպանումը անհարկի սահմանափակում է նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական հսկողության հնարավորությունը:

Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտները.

Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-3-րդ մասերը թվարկում են այն սուբյեկտները, որոնք կարող են նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմում ներկայացնել վարչական դատարան։

Տվյալ հատուկ վարույթը հարուցելու համար, ըստ Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի, դատարան կարող են դիմել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք համարում են, որ ա) որևէ անհատական իրավական ակտով, բացառությամբ դատական ակտի, կամ որևէ ռեալ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա որևէ դրույթով) խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխով, մարդու և քաղաքացու իրավունքներին և ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ամրագրված իր իրավունքները և բ) իրենց նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտով (դրա դրույթով) կարող են խախտվել Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված իրենց իրավունքները։

Օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի նորմատիվ իրավական ակտով խախտվել են պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով (Օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը՝ Երևանի ավագանու ակտերը վիճարկելու դեպքում (Օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Ի դեպ, ի տարբերություն վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող մյուս սուբյեկտների, որոնք կարող են վարչական դատարան դիմել խախտումից հետո` եռամսյա ժամկետում, Մարդու իրավունքների պաշտպանի համար վարչական դատարան դիմելու համար ժամկետ սահմանված չէ։ Ողջունելով Մարդու իրավունքների պաշտպանին վերը նշված բնույթի լիազորություն վերապահելու օրենսդրական դրույթի ամրագրումը, այնուամենայնիվ, վիճահարույց է թվում այն, որ վերջինս օժտված է բացառապես նորմատիվ իրավական ակտերը վիճարկելու լիազորությամբ, մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանի առջև դրված սահմանադրական խնդիրների լուծումն առավել երաշխավորված կլիներ, եթե այն օժտված լիներ նաև անհատական իրավական ակտ վիճարկելու լիազորությամբ։ Ի վերջո, մարդու իրավունքները և ազատությունները գործնականում առավել հաճախ խախտվում են ոչ թե նորմատիվ, այլ անհատական իրավական ակտերով։

Ինչպես նաև, Օրենսգիրքը սահմանում է միայն Երևանի ավագանու խմբակցության՝ վարչական դատարան դիմելու իրավունքը, ընդ որում՝ միայն Երևանի ավագանու ակտերի վիճարկման համար, մինչդեռ նման կարգավորման պայմաններում բոլոր մյուս համայնքների ավագանիների խմբակցությունները և անդամները զրկվում են ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը վիճարկելու հնարավորությունից։

Օրենսգրքում սահմանված է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վարույթ հարուցելու նպատակով վարչական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց սահմանափակ շրջանակ։ Մասնավորապես՝

  1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե Արդարադատության նախարարությունը գտնում է, որ հրապարակված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը չի համապատասխանում Սահմանադրության կամ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, ապա դիմում է դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար: Այսինքն, արդեն իսկ դատարան դիմելու հնարավորություն է սահմանված նաև Արդարադատության նախարարության համար, ուստի, այս իրավակարգավորմանը պետք է համապատասխանեցվեն նաև Օրենսգրքի համապատասխան դրույթները՝ վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների կազմի մեջ ավելացնելով նաև Արդարադատության նախարարությունը։
  2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումն ընդունվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին: Եթե նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Այսինքն, վերոնշյալ հոդվածի 3-րդ մասով տեղական ինքնակառավարման մարմինների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը անվավեր ճանաչելու պահանջով վարչական դատարան դիմելու իրավունք է տրված նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ կառավարության լիազոր մարմնին, ուստի, այս իրավակարգավորմանը ևս պետք է համապատասխանեցվեն նաև Օրենսգրքի համապատասխան դրույթները՝ վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների կազմի մեջ ավելացնելով նաև այդ լիազոր մարմինը։

Ընդ որում, դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ավելի լայն շրջանակ է սահմանված նաև այլ երկրների օրենսդրություններում։ Մասնավորապես, օրինակ, ՌԴ-ում, ի թիվս այլոց, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեն նաև՝

  • հասարակական միությունները՝ տվյալ հասարակական միության բոլոր անդամների իրավունքները, ազատությունները և օրինական շահերը պաշտպանելու նպատակով՝ ՌԴ դաշնային օրենքներով սահմանված դեպքերում,
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովները՝ ՌԴ քաղաքացիների՝ հանրաքվեին մասնակցելու և ընտրական իրավունքների իրացման հարցերով,
  • ՌԴ Գլխավոր դատախազը, իր տեղակալները, ՌԴ սուբյեկտների դատախազները, իրենց տեղակալները՝ անորոշ թվով անձանց, ինչպես նաև ՌԴ, ՌԴ սուբյեկտների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության նպատակով։[1]

Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմում ներկայացնելու ժամկետները.

Օրենսգրքի 193-րդ հոդվածը սահմանում է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման վերաբերյալ վարչական դատարան դիմում ներկայացնելու ժամկետները։

Օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու կամ դրա կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում, իսկ 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում (Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մաս):

Այսինքն, «…օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ վարչական դատարանում նորմատիվ իրավական ակտի վիճարկման համար սահմանում է որոշակի պայմաններ` դրանք ամրագրելով հինգ առանձին դրույթներով, այն է`

  • ֆիզիկական կամ իրավաբանական անձը վարչական դատարան կարող է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում,
  • ֆիզիկական կամ իրավաբանական անձը վարչական դատարան կարող է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում,
  • ֆիզիկական կամ իրավաբանական անձը վարչական դատարան կարող է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված անգործության օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում,
  • ֆիզիկական կամ իրավաբանական անձը վարչական դատարան կարող է դիմել իր նկատմամբ չկիրառված նորմատիվ իրավական ակտի դեպքում` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում,
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք ընդդեմ վարչական մարմնի վարչական դատարան կարող են դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում»:[2]

Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը քննվել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից, և ՍԴ-ն այն ճանաչել է սահմանադրական, սակայն «…այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` անկախ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի կամ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության առկայության կամ բացակայության փաստից, իրավաբանական կամ ֆիզիկական անձը վարչական դատարան կարող է դիմել օրենքով սահմանված` վիճարկվող նորմատիվ իրավական ակտի անվավերության հիմքի առկայության դեպքում` անվավերության հիմքն առաջանալուց հետո` չորսամսյա ժամկետում»:[3]

Եթե նորմատիվ իրավական ակտի (դրա դրույթի) կիրառման վերաբերյալ անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին անձն օրենքով սահմանված կարգով չի իրազեկվել, կամ նա չի իմացել նորմատիվ իրավական ակտի կիրառումը (կատարումը) ապահոված գործողության կամ անգործության մասին, ապա նա կարող է դիմել վարչական դատարան չորսամսյա ժամկետում այն օրվանից հետո, երբ իմացել է կամ պարտավոր էր իմանալ համապատասխանաբար անհատական իրավական ակտի ընդունման կամ ուժի մեջ մտնելու կամ գործողություն կատարելու կամ անգործություն ցուցաբերելու մասին (Օրենսգրքի 193-րդ հոդվածի 3-րդ մաս):

Օրենսգրքի 193-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել առանց ժամկետային սահմանափակման»։

Օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ այս երկու իրավական նորմերի միջև առկա է իրավական կոլիզիա, քանզի ըստ 1-ին մասի՝ Օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ընդդեմ վարչական մարմնի դատարան դիմելիս) դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում, իսկ ըստ 5-րդ մասի՝ առանց ժամկետային սահմանափակման։ Ուստի, տվյալ իրավիճակում անհրաժեշտ է կիրառել իրավական կոլիզիաների՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում սահմանված լուծման կանոնները։ Ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ «1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝

1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.

2) ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.

3) ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը»:

Քանի որ 1-3-րդ կետերում նշված կանոնները սույն դեպքում կիրառելի չեն, ապա կիրառելի է 4-րդ կետում նշված կանոնը, և կիրառելի է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, որը սույն դեպքում Օրենսգրքի 193-րդ հոդվածի 5-րդ մասն է, քանի որ սահմանում է վարչական դատարան դիմելու անսահմանափակ ժամկետ, մինչդեռ նույն հոդվածի 1-ին մասը սահմանում է սահմանափակ՝ չորսամսյա ժամկետ։

Այսպիսով, ամբողջ վերոգրյալի հիման վրա գալիս ենք եզրակացության, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման հատուկ վարույթի շրջանակներում ՀՀ վարչական դատարանի իրավասության վերաբերյալ օրենսդրական կարգավորումները ունեն շտկման, կատարելագործման կարիք։ Մասնավորապես,

  • նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերի վարույթի շրջանակներում վիճարկման ենթակա իրավական ակտերի շրջանակը փաստացի նեղ է և համապատասխանեցման ենթակա 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին,
  • նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերի վարույթի շրջանակներում վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը պետք է ընդլայնվի, և հատկապես հանրային իշխանության մի շարք մարմիններ պետք է հնարավորություն ստանան սույն հատուկ վարույթի շրջանակներում դիմել ՀՀ վարչական դատարան,
  • նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերի վարույթի շրջանակներում վարչական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները ունեն կատարելագործման և ՀՀ Սահմանադրական դատարանի նախադեպային պրակտիկային համապատասխանեցման կարիք։

Ակնարկ՝ «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Վոլոդյա Մազմանյանի կողմից։


[1] Административное судопроизводство: Учебник для студентов высших учебных заведений по направлению «Юриспруденция» (специалист, бакалавр, магистр) / Под ред. В.В. Яркова. М.: Статут, 2016. Էջեր 97-98

[2] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 28.02.2017թ. թիվ ՍԴՈ-1354 որոշումը

[3] Տե՛ս նույն տեղում

Մեկնաբանություններ