Ալեքսանդր Կոնովալովն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության

Գործը վերաբերում է ոստիկանական բաժանմունքում դիմումատուին խոշտանգման ենթարկելուն:

2006թ. հունիսի 17-ի առավոտյան դիմումատուն բերման է ենթարկվել ոստիկանություն` համալսարանի ուսանողուհիներից մեկի անհետացման վերաբերյալ հարցաքննության համար: Այնուհետև դիմումատուն ազատ է արձակվել, սակայն նույն օրը երեկոյան ձերբակալվել է` ոստիկանության բաժանմունքի մոտ անցորդների հասցեին հնչեցրած հայհոյանքների համար: Ըստ ոստիկանության արձանագրության՝ Կոնովալովը ձերբակալման պահին վնասվածքներ չի ունեցել: Դիմումատուն մեղավոր է ճանաչվել մանր խուլիգանության համար, կիրառվել է վարչական կալանք։ Եվ դիմումատուն մինչև հունիսի 19-ի առավոտ մնացել է վարչական կալանքի տակ:

Այնուհետև դիմումատուին տեղափոխել են ոստիկանության մեկ այլ բաժանմունք, որտեղ նա 14 ժամ հարցաքննվել է: Հարցաքննության ժամանակ դիմումատուն խոստովանել է, որ ինքն է խեղդել ուսանողուհուն, նաև բացահայտել է դիակի գտնվելու վայրը: Հաջորդ օրերի ընթացքում նա երկու անգամ վերահաստատել է իր խոստովանությունը:

Դիմումատուն որպես կասկածյալ պաշտոնապես ձերբակալվել է հունիսի 20-ի կեսգիշերից հետո և նրա նկատմամբ նշանակվել է բժշկական զննում: Ըստ զննման զեկույցի՝ դիմումատուի մարմնի վրա առկա են բազմաթիվ կապտուկներ և քերծվածքներ: Դիմումատուն պնդում է, որ վնասվածքները ստացել է ոստիկանության բաժանմունքում աշխատակիցների կողմից արժանացած վատ վերաբերմունքի արդյունքում, այդ թվում՝ ստացել է հարվածներ բռունցքներով, ռետինե մահակով և ենթարկվել է էլեկտրաշոկի:

Դիմումատուի պնդումները վատ վերաբերմունքի մասին մերժվել են ներպետական քննչական մարմինների կողմից փաստական հանգամանքների բացակայության պատճառով: Քննիչի առաջին որոշման համաձայն՝ դիմումատուն վնասվածքները հնարավոր է ստացած լինի ոստիկանության բաժանմունքից դուրս։

2006թ. ներպետական դատական ատյանները, հիմնվելով դիմումատուի նախնական քննության ընթացքում տրված ցուցմունքների վրա, դատապարտեցին նրան դիտավորյալ սպանության համար: Դատավարության ընթացքում դիմումատուն պնդել է, որ անմեղ է և մեղքը խոստովանել է միայն ճնշումներից խուսափելու համար: Ներպետական դատական ատյանները մերժել են այս փաստարկները` նշելով, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումներն արդեն քննվել են և մերժվել նախնական քննության ընթացքում:

Դիմումատուն, հիմնվելով կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի) վրա, դիմել է եվրոպական դատարան՝ նշելով, որ ոստիկանության ձերբակալվածների պահելու վայրում արժանացել է վատ վերաբերմունքի և դրա վերաբերյալ նախնական քննությունն եղել է ապարդյուն է: Հիմնվելով կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անվտանգության իրավունքի) վրա դիմումատուն պնդում է, որ իր արգելանքի ժամկետները` փաստացի ձերբակալումից մինչև որպես կասկածյալ պաշտոնական ձերբակալումը, անօրինական են եղել: Ի վերջո, դիմումատուն բողոքում է կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա (արդար դատաքննության իրավունք), որ իր դատապարտումը հիմնված է միայն իր կողմից տրված ցուցմունքների վրա:

Ելնելով վերոգրյալից՝ Եվրոպական դատարանը գտավ, որ դիմումատուի նկատմամբ խախտվել են կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները։

 

Մեկնաբանություններ