ԱԺ քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ազատ տնտեսական գոտիների մասին« ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը , որի նպատակը տնտեսական միջավայրի և գործող չորս ազատ գոտիների բարեփոխումն է:

Արամ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը : Ըստ այդմ, լիցենզիա ստանալու համար դիմած եւ դրական եզրակացություն ստացած հայտատուն կարող է սահմանված պետական տուրքը վճարել 5 օրվա ընթացքում՝ գործող 1 օրվա փոխարեն:

Խորհրդարանը քննարկել է նաեւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 28 պատգամավորի պահանջով ստեղծված «ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը , որը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Նա առաջարկել է հանձնաժողովի անդամների համամասնությունը սահմանել այսպես՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցություն՝ 5, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն՝ 3, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություն՝ 2, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություն՝ 1 անդամ:

Քննարկված հարցերի վերաբերյալ քվեարկությունները կկայանան ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի նիստում:

Մեկնաբանություններ