ԱԺ-ում քննարկվում է Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրված Էմիլ Բաբայանի թեկնածությունը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Էմիլ Բաբայանի թեկնածության հարցը: ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածույին ներկայացրեց ՀՀ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:
Վերջինս ներկայացնելով Էմիր Բաբայանի թեկնածությունը, նշեց, որ նա 2006 թվականից սկսած իր հետ ներգրավված է եղել ՄԻԵԴ-ում Հայաստանի շահերը ներկայացնելու գործում: «Այդ ամբողջ ժամանակահատվածում Էմիլ Բաբայանը ներգրաված է եղել Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերը ընդդեմ ՀՀ-ի, ԼՂ-ի կոնֆլիկտի ներառմամբ հարցերի քննարկման մեջ: Ինչպես տեսաք, Էմիլ Բաբայանը Ամերիկյան համալսարանում ղարաբաղյան կոնֆլիկտ է դասավանդել, այդ թեման ուսումնասիրել է գիտական մակարդակի վրա: Նա երբևէ կուսակցական չի եղել, չի հարել որևէ քաղաքական ուժի»,-ասաց Գևորգ Կոստանյանը, հավելելով՝ Էմիլ Բաբայանը 1995-1997թթ ծառայել է զինված ուժերում, բացարձակ տիրապետում է անգլերենին ու ռուսերենին:

«Որպես Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական՝ Էմիլ Բաբայանը դե ֆակտո ներկայացրել է ԼՂ-ն եվրոպական դատարանի հետ աշխատանքներում, իսկ 2015-ին ԵԽ նախարարների խորհրդի պաշտոնական նիստին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Սա աննախադեպ էր և Էմիլ Բաբայանը կարողացավ դա պատվով իրականացնել»,- նշեց Գևորգ Կոստանայնը հորդորելով, որ անկախ ներքաղաքական այս իրավիճակից, կուսակցական շահերից, Էմիլ Բաբայանի թեկնածությունն ընդունեն և կողմ քվեարկեն, քանի որ դա բոլորին է պետք:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն նկատեց, որ եթե  Գևորգ Կոստանյանն ու Էմիլ Բաբայանը երկար տարիներ իրար հետ են աշխատել ու հիմա հենց գևորգ Կոստանյանն է նրան ներկայացնում ԱԺ-ում, ապա  էթիկայի տեսակետից խնդիր կա, ինչպես նաև դժգոհություն հայտնեց, որ թեկնածուների ու ընտրության հնարավորություն չկա:

Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ Սահմանադրությունն է նախատեսում, որ ՀՀ նախագահն է թեկնածու առաջադրում, իսկ խմբակցություններում նածխնական քննարկումը ողջամիտ տարբերակ համարեց. «Իմ տեղը որ դուք էլ լինեիք ներկայացնող, ներկայացնելու էիք այդ նույն փաստերը, որոնք կան: Ես հանրահայտ փաստեր եմ ներկայացրել: Ինչ վերաբերում է ավելի անկողմնակալին, կարծում եմ, գոնե այս ամբողջ ժամանակահատվածում ես առիթ չեմ տվել երբևէ կասկածելու, ես միշտ ներկայացնում եմ պրոֆեսիոնալ հարթության վրա»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ  նկատեց, որ 32 ՀԿ-ներ կոչ են արել ՀՀ նախագահին հետ կանչել Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որ իրավունքի դատարաններին ներհատուկ ձևով, հրապարակային ձևով ընտրվի այն թեկնածուն, որին պետք է ընտրի ԱԺ-ն:

Գևորգ Կոստանյանն էլ ընդգծեց, որ ՀԿ-ները հետկանչման խնդիր են դրել բացառապես ընթացակարգի տեսանկյունից, իրենցից ոչ մեկը Էմիլ  Բաբայանի թեկնածության դեմ ոչինչ չի ներկայացրել. « Եվրոպական դատարանում դատավորի ընտրության կարգ սահմանեցինք՝ միջազգային ընթացակարգերին համապատասխան, սակայն ներհայաստանյան դատավորի ընտրությունը տարբերվում է միջազգային ատյաններում դատավորների ընտրությունից: ՀԿ-ները կարող են ասել, ինչպես միջազգային դատարանում դատավոր ենք ընտրում, այնպես էլ Սյունիքի դատարանի դատավոր ընտրենք»,-ասաց նա:

ՍԴ դատավորի ընտրության հարցը կլինի վաղը՝ մայիսի 4-ին, առավոտյան 10.30-ից մինչ 11.10: Այս մասին հայտնեց  ԱԺ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։ : Հավելենք, որ քվեարկությունը լինելու է  փակ-գաղտնի ընթացակարգով:

 

 

Մեկնաբանություններ