Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրինագիծը:
Հարցի քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել էր, որ գույքահարկն իրականում փաստացի վերին շեմի համար է փոխվում.
«Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքը ընդունելիս ձեր գույքահարկի բեռը չի թանկանա: Բայց հարգարժան գործընկեր և ոչ գործընկեր խոշոր սեփականատերեր ջան, եթե ունեք շատ բարձր արժեքով անշարժ գույք, որը գրանցված է կոպեկներով, և որի համար շատ քիչ եք վճարում, ձեզ համար հաստատ գույքահարկը կթանկանա»,- ասաց Թունյանը։
Ընդդիմադիր խմբակցություններից մտահոգություններ եղան և բազմաթիվ հարցեր հնչեցին, որոնց, սակայն, հստակ պատասխան չտրվեց: օրինակ՝ ինչպես է թոշակառուն վճարելու ավելացված գույքահարը հարցի վերաբերյալ նախագիծը ներկայացնող Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ասաց, որ նախագծով լուծում նախատեսված չէ.
«Գաղափար կա այդ գույքահարկի պարտավորությունը կցել հենց գույքին։ Այսինքն եթե հետագայում տատիկի որոշի վաճառել բնակարանը կամ որպես ժառանգություն փոխանցել, ապա այդ գումարը կգանձվի այդ ժամանակ՝ տան արժեքից։ Բայց հնարավոր է, որ լինեն նաև այլ բացառություններ»։
Չնայած հնչած կտրուկ կարծիքներին, որ նախագիծը հակասահմանադրական դրույթներ ուն, այն ընդունվեց իշխող մեծամասնության կողմից:
« … գույքի բազային արժեքի որոշման իրավասությունը տրվում է կառավարությանը, ինչը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հարկերը սահմանվում են բացառապես օրենքով: Որևէ մեկը չհերքեց հակասահմանադրականության խնդիրը՝ հարցի քննարկումը նախատեսելով իրականացնել մինչև երկրորդ ընթերցում:
Այն ահռելի աշխատանքը, որը անհրաժեշտ է իրականացնել, օրենքի նախագծով կառավարությունը պետք է իրականացնի 1,5 տարվա ընթացքում, որը փաստորեն «որոշվեց» իրականացնել երկու շաբաթվա ընթացքում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: