ԱԺ-ն ընդունել է համաներում հայտարարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել եւ միաձայն ընդունվել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկներ են ներկայացրել թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորները. ընդունվել են ոչ բոլորը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ տվել դրական եզրակացություն:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրներին եւ նշել, որ 93-ից 14-ը, զոհ են բանակային անառողջ հարաբերությունների: Ըստ պատգամավորի՝ անհրաժեշտ է վերանայել այդ գործերը, որոնք կազմվել են՝ հիմնվելով մեկ վկայի ցուցմունքի վրա: Նա կարեւորել է նաեւ բանտից դուրս եկող քաղաքացիների՝ հասարակությանն ինտեգրելու հարցը:

Հայկ Բաբուխանյանն անհասկանալի է համարել կառավարության դիրքորոշումը՝ կարծիք հայտնելով, թե վերջինս համաներումը տարածում է «իր քաղաքական քիմքին հաճելի» մարդկանց վրա. ակտում առկա է խտրական վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ: Պատգամավորը տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու համաներման փաթեթին՝ բացառությամբ առաջին նախագծի 11-րդ կետի, որը վերաբերում է ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակմանը:

Ալիկ Սարգսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել համաներման ակտը՝ միաժամանակ անդրադառնալով դրա արդյունքում ի հայտ եկող խնդիրներին: Նրա համոզմամբ՝ պետք է լուծել նաեւ համաներվող անձանց աշխատանքի տեղավորելու հարցը, այլապես կլինեն կրկնահանցագործություններ:

Էդմոն Մարուքյանը եւս անդրադարձել է ՊՊԾ գնդի գրավման դեպքին եւ նշել, որ եթե համաներումը տարածվելու է նաեւ այդ գունդը գրավող անձանց վրա, ապա պետք է շատ ավելի փոքր հանցանքներ գործած անձինք համաներվեն: «Այստեղ խնդիր կա, պետք է վերանայել այս հարցը»,-ասել է նա:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է կառավարության՝ համաներում հայտարարելու քայլը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է ՊՊԾ գնդի գրավման հարցին՝ այն համարելով հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել ՊՊԾ գունդը գրավողներին համաներելը՝ ընդգծելով, որ դա կարող է վատ նախադեպ դառնալ: «Սրանով ական է դրվում մեր պետականության տակ»,-շեշտել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ի պատասխան պատգամավորների կողմից բարձրացված հարցերի ընդգծել է, որ համաներման ակտով պատժի կրումից չեն խուսափելու եւ չեն համաներվելու այն մեղադրյալները, որոնք դատապարտվել են սպանություն կատարելու համար: Բացի այդ համաներումից չեն օգտվելու նաեւ այն դատապարտյալները, որոնց վերաբերյալ առարկություններ կլինեն պատանդառվածներից կամ մարմնական վնասվածքներ ստացածներից:

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է նաեւ ցմահ ազատազրկման դատապարտված որոշ անձանց դատական գործերը վերանայելու հարցին՝ նշելով, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է այդպիսի մեխանիզմ, եւ ողջունելի է այդ գործերի վերանայումն ու կասկածների փարատումը:

Մեկնաբանություններ