Գործը հեռուստատեսային հաղորդման մասին է, որը հեռարձակել է դիմումատու ընկերությունը 2010 թվականին, երբ ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին։ Հաղորդման հեռարձակման ընթացքում հեռուստամեկնաբանը քննադատել է Լեհաստանի նախկին նախագահի քաղաքական հայացքները, նշելով, որ մի ամբողջ քաղաքական դարաշրջան է ավարտվել նրա մահվամբ։
Հեռարձակման խորհուրդը, սեփական նախաձեռնությամբ, վարչական վարույթ է հարուցել դիմումատու ընկերության դեմ՝ հեռուստաեթերում մեկնաբանի երկու նախադասությունների համար. «Ցավում եմ, բայց ես չեմ ցավակցում լեհերին։ Ես նրանց նախանձում եմ»։ Հեռարձակման խորհուրդը, հաշվի առնելով մեկնաբանության սարկաստիկ և հեգնական լինելը, գտել է, որ այն նախկին լեհ նախագահի պատվին և հեղինակությանը լուրջ վնաս է հասցրել և´ որպես մարդու, և´ որպես քաղաքական գործչի։ Այդպիսով, դիմումատու ընկերությունը տուգանվել է 5000 եվրո գումարի չափով։
Դիմումատու ընկերության բողոքը մերժվել է նաև Սահմանադրական դատարանի կողմից՝ նշելով, որ մեկնաբանությունն արտահայտում է դրական վերաբերմունք նախագահի մահվան նկատմամբ, և դրանով վնասվում է նրա մարդկային արժանապատվությունը։
Համաձայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (խոսքի ազատության իրավունք) դիմումատու ընկերությունը դիմել է ՄԻԵԴ և նշել, որ պատասխանատվության է ենթարկվել նախկին նախագահի ծայրահեղ պահպանողականության վերաբերյալ իր քաղաքական կարծիքն արտահայտելու համար։
Եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքը, քանի որ դիմումատու ընկերության մեկնաբանությունը, երբ դիտարկվում է ամբողջ կոնտեքստով, ոչ գովասանքի է արժանացնում նախագահի մահը իր քաղաքական հայացքների համար և ոչ էլ ատելության խոսք է առաջացնում: