Boudraa v. Turkey

Գործը վերաբերում է դիմումատուի խոշտանգման ենթարկվելուն: Այսպես,  դիմումատուի պնդմամբ ինքը 66 օր շարունակ անմարդկային և ստորացուցիչ պայմաններում պահվել է ոստիկանական այն բաժանմունքում, որը նախատեսված է որպես օտարերկրացիների կալանքի կենտրոն։ 

2003 թվականին Դիմումատուն Թուրքիայից արտաքսվել է Ալժիր, իսկ 2013 թվականին վերադարձել է Թուրքիա կնոջ և երեխաների հետ ապրելու համար։ Նույն թվականին նրան ձերբակալում են անձնագիր չունենալու պատճառով և տեղափոխում ոստիկանական բաժանմունք:

2013 թվականին դիմումատուն բողոք է ներկայացնում Սահմանադրական դատարան՝ ոստիկանական բաժանմունքի պայմանները ներկայացնելով որպես անմարդկային և ստորացուցիչ։ Դիմումատուն պնդում է, որ պահվել է մի վայրում, որը նախատեսված է ձերբակալվածների համար, ովքեր հիմնականում մեկ օր են անցկացնում այնտեղ և որտեղ մահճակալների փոխարեն միայն ներքնակներ են գետնին։ Դիմումատուն նաև պնդում է, որ իրեն բացառիկ դեպքերում են թույլատրել գնալ կալանավայրի այլ հատվածներ, և երբեք դրսում մաքուր օդ չի շնչել։ Սակայն Սահմանադրական դատարանը գտնում է, որ նրա պնդումներն անընդունելի են և ձերբակալության ընթացքում դիմումատուն չի եղել անմարդկային և ստորացուցիչ պայմաններում, քանի որ հիվանդ լինելու ընթացքում նրան տրամադրվել է բժշկական օգնություն։

Ի վերջո Դիմումատուն ազատ է արձակվել 2014 թվականին։

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային, ստորացուցիչ պայմանների ենթարկման արգելք) համաձայն դիմումատուն պնդում է, որ իր ձերբակալությունը անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունք է առաջացրել, քանի որ այն հաստատությունը, որտեղ ինքն էր պահվում, նախատեսված չէ օտարերկրացիներին որպես ներգաղթյալներ այդքան երկար ժամանակահատվածով պահելու համար:

Այս գործով Եվրոպական դատարանը գտնում է, որ Դիմումատուն պահվել է սովորական ոստիկանական բաժանմունքում, և նրան քնելու համար հարմար պայմաններ չեն տրամադրվել, և վիճակն ավելի է վատթարացել, երբ նա ստիպված է եղել հերթափոխով քնել հատակին։ Դատարանը նաև գտնում է, որ Դիմումատուին երբեք չի թույլատրվել դուրս գալ բացօթյա տարածք։

Դատարանը համարում է, որ այս բոլորը, ինչպես նաև այն անհանգստությունը, որն առաջացրել է անորոշություն այդ իրավիճակի ավարտվելու վերաբերյալ, բավարար են եզրակացնելու, որ կալանավայրի պայմանները Դիմումատուին պատճառել են տանջանք, որը գերազանցել է կալանավայրին բնորոշ անխուսափելի տանջանքի մակարդակը և հասել 3-րդ հոդվածով սահմանվածի շեմին։

Հետևաբար, տեղի է ունեցել Կենվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։

 

Մեկնաբանություններ