Alković ընդդեմ Մոնտենեգրոյի

Գործը վերաբերում է ազգությամբ գնչու և իսլամ դավանող Դիմումատուի դեմ իրականացված ակնհայտ էթնիկ և/կամ կրոնական շարժառիթով հարձակումներին, որոնք իրականցվել են Դիմումատուի հարևանների կողմից։

Դիմումատուն պնդում է, որ 2009 թվականին տեսել է, թե ինչպես է իր հարևաններից մեկը գնում իր մեքենայի մոտ, հանում ատրճանակը, նշան բռնում Դիմումատուի տան պատշգամբի ուղղությամբ և արձակում 9-10 կրակոց։  Նույն թվականին, Դիմումատուն, իր տանը Ռամադան կրոնական տոնը նշելիս, իր տան դռան վրա նկարել են մեծ խաչ, իսկ տան պատի վրա՝  հետևյալ հաղորդագրությունը՝ «Հեռացի՛ր, թե չէ խիստ կզղջաս»։

Դեպքից հետո Դիմումատուն ոստիկանություն է դիմում։ Ոստիկանները գալիս և լուսանկարում են խաչն ու հաղորդագրությունը։ Դիմումատուն միևնույն ժամանակ ոստիկանությանը բողոք է ներկայացնում իր հարևանությամբ ապրող ընտանիքների դեմ։ Չորս հարևաններ հարցաքննվում են, սակայն ոստիկանությունը մերժում է Դիմումատուի բողոքը։ Ինչ վերաբերում է կրակոցներին, հարևաններից երկուսը տեղեկացնում են, որ լսել են դրանք, սակայն չգիտեն, թե ով է արձակել։ Նրանք ընդունում են, որ գետնից հավաքել են կրակած փամփուշտները, բայց միայն նրա համար, որ երեխաները կարողանան դրանցով խաղալ։

Գործը փոխանցվում է դատախազություն, որը մի քանի ամիս անց հանգում է եզրակացության, որ միայն խաչի հետ կապված երևույթը կարելի է համարել անվտանգությանը սպառնացող, և ոստիկանությանը հանձնարարվում է քայլեր ձեռնարկել հանցագործին գտնելու համար։ Իսկ Դիմումատուի կողմից ներկայացված մյուս դեպքերի վերաբերյալ որոշվում է, որ դրանք չեն կարող համարվել սպառնալիք։

Ներպետական դատարանները հետագայում մերժում են Դիմումատուի՝ ապացույցների բացակայության պատճառով խաչի դեպքի վերաբերյալ քննություն անցկացնելու պահանջը։ Որոշման մեջ նշվում է, որ Դիմումատուն ոստիկանութուն չի կանչել դեպքի վայրում ապացույցներ հավաքելու համար։ Դիմումատուն հերքում է՝ նշելով, որ ինքը ոչ միայն տեղեկացրել է ոստիկանությանը դեպքի մասին, այլ նաև պաշտոնապես բողոք է ներկայացրել։ Դատարանները, այնուամենայնիվ, չեն ընդունում Դիմումատուի բողոքը՝ պնդելով, որ ոստիկանության աշխատանքը գնահատելն իրենց գործը չէ։ Դիմումատուն դիմում է սահմանադրական դատարան, վերջինս նույնպես չի ընդունում բողոքը։

Սույն գործով Եվրոպական դատարանը արձանագրում է, որ խախտվել են Դիմումատուի` անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը (հոդված 8) և խտրականության արգելման սկզբունքը:

Մեկնաբանություններ