Նախարարությունը կարևորում է նոտարական համակարգում ներքին մոնիթորինգի անցկացումը

02.06.2014-Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը կառավարության օրակարգային խնդիրներից է: «Հանրային վերահսկողության եւ թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակում նոտարական գրասենյակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ այս մասին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Ինչպես հաղորդում է արդարադատության նախարարության պաշտոնական կայքը, նախարարի տեղակալի խոսքով՝ նոտարական համակարգը պետք է ունենա գործիքներ ինքնավերլուծության ու ինքնագնահատման համար:  «Նման համակարգերի համար ներքին մոնիթորինգի առկայությունը շատ կարևոր է: Նոտարական համակարգը հասարակության ամենահասանելի հանրային ծառայությունն է, այդ իսկ պատճառով այն ոչ միայն վստահելի պետք է լինի, այլև վերահսկելի»,- ասել է Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ զեկույցը գործիք է նոտարական համակարգի համար` տեսնելու թերություններն ու հետագայում ամրապնդելու կարողությունները: Նախարարի տեղեկալի գնահատմամբ, նոտարական համակարգը որոշակի քայլերով գնում է առաջ, և այդ զարգացումը պետք է բավարար հիմք հանդիսանա հանրային ծառայությունների որակի հետագա բարելավման համար:

«Հանրային վերահսկողության եւ թափանցիկության ապահովում» ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասուցիացիայի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Ասոցիացիայի անդամներն իրականացրել են հասարակական մոնիթորինգ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում գործող նոտարական տարածքային գրասենյակներում: Մոնիթորինգի նպատակն է վեր հանել այն բացերն ու առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնք կհանդիպեն հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև գնահատել նախկինում իրականացված համանման մոնիթորինգից հետո արձանագրված առաջընթացը:  Զեկույցի ավարտին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի և ՀՀ նոտարական պալատի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Մեկնաբանություններ