Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը:
Այսօրվա դատական նիստում Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց.
«Պետրոս Պետրոսյանը ընդգծված վերաբերմունք ունի Կարո Եղնուկյան և մեր պաշտպանական կողմի նկատմամբ»,-ասաց նա:
Ամբաստանյալ Կարող Եղնուկյանն էլ հանդես եկավ խոսքով, որի ժամանակ անդրադարձավ դատական նախորդ նիստին դատավորի կողմից խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդության մերժմանը.
«Դուք դատական նիստերի դահլիճ մտնելուց ցույց եք տալիս, որ որոշել եք ինձ 3-5 տարի «ցինիկաբար» տանել բերել»,-ինչին ի պատասխան դատավորը հորդորեց վերջինիս կոռեկտ արտահայտվել և վիրավորական արտահայտություններից զերծ մնալ. «Ես առարկաները կոչում եմ իրենց անուններով»,-ասաց ամբաստանյալը:
Ամբաստանյալը հայտարարության կարգով հանդես եղավ, որի ժամանակ մանրամասնեց, որ իր դեմ ոչ ապացույց կա, ոչ վկա և ոչ էլ՝ առերեսում, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ Կարո Եղնուկյանին պատասխանեց, որ գործի 70%-ը վերաբերվում է իրեն. «Ինձ վերաբերվում է 40 էջը»,-բորբոքվեց ամբաստանյալը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը անդրադարձավ ամբաստանյալի այն հայտարարությանը ըստ որի՝ դատական նիստերը տևելու են 3-5 տարի. «Այստեղ որոշում ընդունողը ես եմ, դուք չգիտեք ինչքան կտևի»,-ասաց դատավորը: Ամբաստանյալ Կարո Եղնուկյանն էլ իր հերթին. «Դուք հավատո՞ւմ եք Ձեր ասածին»,-ասաց նա և հայտարարեց, որ այսուհետև չի մասնակցելու դատական նիստերին:
Այն պատճառով, որ Կարո Եղնուկյանը ըստ դատավորի՝ չէր խոսում իր պաշտպանի միջնորդության վերաբերյալ, վերջինս փորձում էր ամբաստանյալի խոսքը ընդհատել, նույնիսկ նախազգուշական սանկցիա կիրառեց վերջինիս նկատմամբ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝«ցինիկ» բառի համար:
Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ իր համար հակացուցված են այս նիստերին մասնակցելը, քանի որ դատարանը որոշում կայացրեց վերջինիս գործով մասը չանջատելու վերաբերյալ, ինչը իր խոսքերով՝ իրեն սպանելու փորձ է:
«Ես որ մասնակցում եմ այս գործերին՝ նշանակում է, որ ինքնասպանության եմ գնում: Ես մահից չեմ վախենում, բայց «էշ նահատակ» լինելու նպատակ չունեմ: Հետևաբար, ես էլ չեմ մասնակցում այս նիստերին մոտակա 3-5 տարվա ընթացքում, երբ որ իմ վերաբերյալ կլինեն վկաներ՝ կգամ»,-ասաց նա հավելելով, որ բեռից ազատում է նաև իր փաստաբաններին՝ վերջիններս եթե ցանկություն կունենան՝ կգան նիստերին:
«Իմ սպանության պատճառը մի դարձեք, վատ մարդ չեք: Ձեր խղճի վրա կլինի իմ մահը»,-ասաց Կարո Եղնուկյանը դատավորին, վերջինս էլ իր հերթին դիմեց ամբաստանյալին ասելով, որ ամբաստանյալի նկատմամբ չունի վատ վերաբերմունք. «Գիտեմ, որ չունեք, բայց Դուք Ձեր տերը չեք: Ձեր որոշումները հիմնված են դատախազի որոշման հիման վրա, կարծես նոտար լինեք, դատախազի որոշումը «շտամպովկա» եք անում»,-ասաց Կարո Եղնուկյանը, և հեռացավ նիստերի դահլիճից՝ վատառոջ լինելու պատճառով:
Պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությանը միացավ նաև Մուշեղ Շուշանյանը, առարկելով դատավորի ապօրինի գործողությունների դեմ. «Եղնուկյանի հայտարարությունը, վերջինիս պաշտպանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ Դուք միջամտեցիք, սպառնացիք, որ կկիրառեք դատական սանկցիա: Հորդորում եմ, որ պաշտպանական կողմի հետ սպառնալիքների լեզվով չխոսել և մասնագիտական աշխատանքը կատարելիս կաշկանդելու փորձ չանեք»,-ասաց նա, հավելելով, որ նախորդ դատական նիստի ընթացքում վերջինիս խափանման մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը Կարո Եղնուկյանի նկատմամբ անմարդկային դրսևորում էր:
«Ազատություն Կարո Եղնուկյանին, մահ կամակատարներին»,-ասաց ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը:
Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությանը: Մեղադրող Արթուր Չախոյանն էլ միջնորդությունը անհիմն համարեց. «Ենթակա է մերժման»,-ասաց նա:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակ գնալուց հետո վերադարձավ և հայտնեց միջնորդության մերժման մասին որոշումը: Նշենք, որ ընդմիջումից հետո ամբաստանյալ Կարո Եղնուկյանը նիստերի դահլիճում չէր: Դատավորը հայտնեց, որ վերջինիս համար շտապօգնություն է հրավիրվել, և վերջիններս արձանագրել են ամբաստանյալի մոտ բարձ ճնշում՝ 220-12, սակայն վերջինս ստացել է համապատասխան սրսկում, որից հետո իրեն լավ է զգում: Դատավորը հայտնեց նաև, որ մյուս ամբաստանյալ՝ Խաչատուր Գիչյանը ևս իրեն վատ էր զգում, ճնշումը՝ 240-140 և ստացել է համապատասխան դեղորայք:
Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատավորին տեղեկացրեց, որ վերջինիս վիճակը ծանր է և շտապօգնության բժիշկները հորդորում են անհապաղ տեղափոխել հիվանդանոց. «Վերջինիս համար պետք է սրտի բրիգադ հրավիրել, որպեսզի ճշտեն՝ ինչն է պատճառը բարձր ճնշումի»,-ասաց նա, որից հետո նիստը 5 րոպեով ընդմիջվեց, հետագայում դատավորը հայտնեց, որ Կարո Եղնուկյանին տեղափոխել են հիվանդանոց:
Դատավորը որոշեց միջնորդություններին անդրադառնալ, և արդյունքում վերացրեց Արթուր Սողոմոնյանի հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը:
Ամբաստանյալ Մանվել Աթոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարինի միջնորդեց փոխելու իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանքը:
Ամբաստանյալն էլ իր հերթին նշեց, որ հաշմանդամություն ունեցող ծնողներ ունի, և իր խնամքի տակ մանկահասակ երեխա. «Երեխայիս մոտ առողջական խնդիրներ կան,ես տան միակ աշխատողն եմ :Իմ երեխան կարող է բուժվել իմ աջակցությամբ:Խնդրում եմ հարգեք միջնորդությունը»,-դատավորին դիմեց Մանվել Աթոյանը:
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ հիմնավորելով, որ ազատության մեջ լինելով Մանվել Աթոյանը կխոչընդոտի քրեական գործի քննությանը:
Խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությով հանդես եկավ նաև ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի պաշտպան Աննա Ջուվանովան: Սակայն դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավորը մերժեց միջնորդությունները:
Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի դատական նիստին ներկա չլինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 9-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի
1,045 դիտում