Օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը ՀՀ-ում

Ազգային դատարանի կողմից ընդունված դատական ակտը պետության իշխանական լիազորությունների արտահայտումն է, և հետևաբար՝ դրա գործունեության շրջանակը սահմանափակվում է այն պետության սահմաններով, որում այն ընդունվել է:

Սակայն, միջպետական հարբերությունների միջազգայնացման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում ստեղծել գործիքներ տարբեր պետությունների կողմից ընդունված դատական ակտերի «շարժունակությունը» այլ պետություններում ապահովելու համար:

Այսպես, դատական ակտը՝ որպես մեկ պետության հանրային իշխանական լիզորությունների արտահայտում, այլ պետությունում՝ որտեղ այդ հանրային իշխանական լիազորությունները չեն տարածվում, օժտվում է իրավական ուժով միայն համապատասխան պետության կողմից ճանաչվելու կամ կատարման թույլատրվելու դեպքում:

Ո՞ր երկրների դատական ակտերը կարող են ճանաչվել և կատարվել ՀՀ-ում.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուսումնասիրության արդյունքում կարող ենք փաստել, որ ներկայումս ՀՀ-ում առկա է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փակ համակարգ. ՀՀ-ում կարող են  ճանաչվել և կատարվել միայն այն երկրների դատական ակտերը, որոնց հետ առկա են նման հնարավորություն նախատեսող միջազգային պայմանագրեր: Իսկ օտարերկրյա դատական ակտերի ճանաչում և կատարում թույլատրող միջազգային պայմանագրի բացակայության պայմաններում նման դատական ակտերը ՀՀ դատարանների կողմից կարող են ընդունվել միայն որպես ապացույցներ, որոնք պետք է գնահատվեն ՀՀ դատավարական օրենսդրությանը համապատասխան:

ՀՀ-ն ունի մի շարք երկկողմանի պայմանագրեր, որոնցով սահմանվում են դատական ակտերի երկկողմանի ճանաչման և կատարման թույլտվության հնարավորությունը: Նման երկկողմանի միջազգային պայմանագրեր, մասնավորապես, կնքվել են Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության և այլ պետությունների հետ: Առկա են նաև ԱՊՀ շրջանակներում կնքված իրավական փոխօգնության միջազգային պայմանագրեր՝ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիան, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիան, որոնցով նախատեսվում են ԱՊՀ անդամ-պետությունների կողմից կայացված դատական ակտերի ճանաչման և կատարման թույլտվության պարզեցված ընթացակարգ:

Օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման ընթացակարգը.

Ընդորում, այն դեպքերում, երբ հնարավոր է օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը, նման խնդրանքով անհրաժեշտ է հարցմամբ դիմել ՀՀ Արդարադատության նախարարություն, որից հետո ՀՀ Արդարադատության նախարարություն ստացված հարցումն ուղարկում է ՀՀ այն դատարան, որը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան, իրավասու է իրականացնելու համապատասխան դատավարական գործողությունը, անկախ այն հանգամանքից, հարցման մեջ ճիշտ է նշված այդ դատարանը, թե ոչ:

Մասնավորապես՝ օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեն`

1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը, եթե ճանաչման ենթակա դատական ակտը կայացրել է օտարերկրյա պետության վերաքննիչ դատարանը.

3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը, որի իրավասության մեջ մտնող տարածքում պետք է կատարվի դատական ակտը, եթե վերջինս կայացրել է օտարերկրյա պետության իրավասու առաջին ատյանի դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում ո´չ ՀՀ Արդարադատության նախարարություն ներկայացվելիք դիմումի բովանդակությունը, ո´չ էլ այն փաստաթղթերի շրջանակը, որն անհրաժեշտ է կից ներակայացնել, սակայն օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերը հաճախ սահմանվում են՝ թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել դիմումի կից: Այսպես, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայով սահմանում է հետևյալը.

Միջնորդությանը (Կոնվենցիայով ենթադրվում է Դիմումին) կցվում են՝

ա) որոշումը կամ դրա հաստատված պատճենը, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ առ այն, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտել և ենթակա է կատարման, կամ այն մասին, որ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը, եթե դա նրանից իսկ չի բխում,

բ) փաստաթուղթ, որից հետևում է, որ դատավարությանը չմասնակցած կողմը, որի դեմ ընդունվել է որոշումը, պատշաճ կարգով և ժամանակին կանչվել է դատարան, իսկ նրա դատավարական անգործունակության դեպքում՝ պատշաճ ձևով ներկայացված է եղել,

գ) փաստաթուղթ, որը հաստատում է որոշման ուղարկման պահին նրա մասնակի կատարումը,

դ) փաստաթուղթ, որը հաստատում է կողմերի համաձայնությունը պայմանագրային ընդդատության գործերով:

Հարկ է փաստել, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հիշյալ բացթողումները լրացվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծով, քանի որ վերջինով սահմանվում է թե´ ներկայացվելիք դիմումով բացահայտվելիք անհրաժեշտ տեղեկությունները և թե´ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:

Այսպես, Նախագծի համաձայն՝

Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,

2) դիմողի անունը (անվանումը), նրա բնակության (գտնվելու վայրի) հասցեն,

3) պարտապանի անունը (անվանումը), նրա բնակվելու (գտնվելու վայրի) հասցեն, կամ նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքի գտնվելու վայրի հասցեն (հասցեները), եթե դատական ակտը ենթադրում է նաև կատարում,

4) օտարերկրյա դատական ակտը կայացրած դատարանի անվանումը,

5) դիմողի խնդրանքը` ճանաչելու և կատարման թույլատրելու օտարերկրյա դատական ակտը,

6) դիմումը ներկայացնելու շարժառիթները,

7) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին պետք է կցվեն`

1) օտարերկրյա դատական ակտը կամ դրա` օտարերկրյա դատարանի կողմից հաստատված պատճենը,

2) օտարերկրյա դատարանի կողմից հաստատված փաստաթուղթ, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, եթե դա չի հետևում դատական ակտի բովանդակությունից,

3) պաշտոնական փաստաթուղթ այն մասին, թե ինչ չափով կամ որ ժամանակից է կատարման ենթակա օտարերկրյա դատական ակտը, եթե այն նախկինում կատարվել է,

4) պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ դատավարությանը չմասնակցած կողմը, իսկ վերջինիս մոտ դատավարական գործունակության բացակայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին,

5) ներկայացուցչի լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվել է ներկայացուցչի կողմից,

6) փաստաթուղթ, որը հաստատում է պայմանագրային ընդդատության գործերով կողմերի համաձայնությունը,

7) սույն մասով նախատեսված փաստաթղթերի պատշաճորեն վավերացված հայերեն թարգմանությունները:

Սակայն, բազմաթիվ են երկրները, որոնց հետ ՀՀ-ն չունի դատական ակտերի ճանաչման և կատարման թույլտվության հնարավորություն նախատեսող միջազգային պայմանագրեր: Նման պարագայում ծագում է հարցադրումը․

 Ինչպե՞ս է հնարավոր ճանաչել և կատարել այն երկրների դատական ակտերը, որոնց հետ ՀՀ-ն չունի իրավական փոխօգնության միջազգային պայմանագիր:

Հարկ է փաստել, որ  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում նախատեսվել են իրավականոնակարգումներ, որոնցով նախանշվում է առաջադրված խնդրի հնարավոր լուծում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

Օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերը ճանաչվում, իսկ կատարում պահանջող դատական ակտերը նաև կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, եթե այդպիսի ճանաչումը և կատարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ փոխադարձության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի 304-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

Եթե օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը կախված է փոխադարձությունից, ապա փոխադարձությունը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:

Օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձության (reciprocity) սկզբունքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում.

Այսպես, նպատակ հետապնդելով պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունները, ինչպես նաև ընդլայնել ՀՀ-ի և այլ պետությունների միջև միջազգային համագործակցության հնարավորությունները՝ ՀՀ քաղաքացիական դատավարության նախագծով սահմանվել է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձության (reciprocity) սկզբունքը, ընդորում՝ տրվել է փոխադարձության սկզբունքի՝ իրավաբանական տեսության մեջ հայտնի ամենալայն ընկալումը. Նախագծի ուժով օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձությունը համարվում է գոյություն ունեցող, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:

Սակայն, որպես Նախագծի թերություն հարկ է նշել, որ Նախագծով պարզապես սահմանվել է փոխադարձության սկզբունքը և նման սկզբունքի կանխավարկածը՝ չբացահայտելով, թե´ մեկը, թե´ մյուսը: Իհարկե, այդ հասկացությունները կարելի է բացահայտել իրավաբանական տեսությունում առկա տեսակետների միջոով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավաբանական դոկտրինները ՀՀ-ում չեն հանդիսանում իրավունքի աղբյուր՝ իրավականոնակարգող նորմերում առկա նման բացթողումները կարող են տեղիք տալ բազմաթիվ մեկնաբանությունների դատական պրակտիկայում դրանց կիրարկման ժամանակ:

Այսպես, չնայած հիշյալ թերության, ի տարբերություն ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի՝ ՀՀ քաղաքացիական դատավորության օրենսգրքի նախագծում նախանշվել է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման թույլտվության մեծ հնարավորություն. Նախագծի՝ հիշյալ դրույթները ուժի մեջ մտնելու արդյունքում ՀՀ-ում կարող են ճանաչվել բոլոր այն երկրների դատական ակտերը, որտեղ առկա է ՀՀ-ի դատական ակտերի ճանաչման և/կամ կատարման պրակտիկա, կամ նվազագույնը այն երկրներում, որի օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման փոխադարձության սկզբունքը, ընդորում՝ նախագծում սահմանելով փոխադարձության սկզբունքի կանխավարկածը՝ դատավարության մյուս կողմի վրա է դրվել փոխադարձության բացակայության ապացուցման պարտականությունը:

Նախագծով օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման թույլտվության երկրների լայն շրջանակ է նախանշվել նաև ոչ միայն փոխադարձության սկզբունքի ամենալայն ընկալման նախանշմամբ, այլև՝ հաշվի է  առնվել պետությունների պարտականությունը՝ հարգել մարդու անձնական և ընտանեկան կյանքն և Նախագծով սահմանվել են որոշակի գործերով դատական ակտերի շրջանակ, որոնք կարող են ճանաչվել նաև՝ անկախ միջազգային պայմանագրի կամ փոխադարձության սկզբունքի առկայությունից:

Նախագծի 304-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝

Հայաստանի Հանրապետությունում, առանց միջազգային պայմանագրի կամ փոխադարձության առկայության, ճանաչվում են՝

1) անձանց իրավական վիճակի վերաբերյալ դատական ակտերը.

2) օտարերկրյա քաղաքացիների միջև ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ օտարերկրյա դատական ակտերը.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքա- ցիություն չունեցող անձանց միջև ամուսնալուծության կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ օտարերկրյա դատական ակտերը.

4) օրենքով նախատեսված դեպքերում՝ օտարերկրյա այլ դատական ակտերը:

Օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարման սահմանափակումը ՀՀ-ում.

ՀՀ-ում ճանաչման և կատարման ենթակա օտարերկրյա դատական ակտերի շրջանակի լայնացումը միանշանակ դրական փոփոխություն կարելի է համարել, քանի որ նման փոփոխությունը բխում է ինչպես ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերից, այլև պետության՝ որպես միջազգային իրավահարաբերությունների սուբյեկտի շահերից: Նման փոփոխությունը դրական անդրադարձ կարող է ունենալ ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց համար, քանի որ փոխադարձության սկզբունքի ընդունումը ՀՀ-ի կողմից հիմք կարող է հանդիսանալ այն պետությունների համար, որոնց հետ ՀՀ-ն չունի իրավական փոխօգնության միջազգային պայմանագիր և որոնք ևս ընդունում են փոխադարձության սկզբունքը, ճանաչել և կատարել ՀՀ դատական ակտերը փոխադարձության սկզբունքի հիմքով: Փոխադարձության սկզբունքի որդեգրումը կարող է դրական անդրադարձ ունենալ ՀՀ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի համար՝ նպաստելով համակողմանի միջազգային տնտեսական և իրավական համագործակցության զարգացմանը և դարձնելով ավելի վստահելի թե´ այլ պետությունների, թե´ օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Սակայն, վերոգրյալով հանդերձ՝ հարկ է հաշվի առնել, որ պետությունը բոլոր դեպքերում սուվերեն մարմին է, որն ունի պարտականություն նախ և առաջ պաշտպանել ներքին շահերը, հասարակական կարգը և իր քաղաքացիների ու իրավաբանական անձանց օրինական շահերն ու իրավունքները. միջազգային պարտականությունների կատարումը չպետք է հակասի պետական շահերին, ուստի՝ առավել նպատակահարմար կլիներ փոխադարձության սկզբունքի գործունեությունը սահմանափակել Հայաստանի Հանրապետության հասարակական կարգը, օրինական շահերը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու իրավաբանական անձանց օրինական շահերն ու իրավունքները վերականգնելու ու պահապանելու անհրաժեշտությամբ:

Որոշակիորեն նման սահմանափակում կարելի է համարել միջազգային մի շարք պայմանգրերում, այդ թվում՝ «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիայում (Նյու-Յորքյան կոնվենցիա) տեղ գտած կարգավորման նախատեսումը Նախագծում: Այսպես, Նախագծով, ինչպես ևս մի շարք միջազգային պայմանգրերում, նախատեսվել է հնարավորություն՝ մերժել օտարերկրյա դատական ակտի ճանաչման և կատարման վերաբերյալ դիմումը, եթե նման դատական ակտի ճանաչումը և կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին: Սակայն, հարկ է փաստել, որ հանրային կարգի պահպանման անհրաժեշտությամբ սահմանափակումը բավարար չափով չի պահպանում ներպետական շահերը, ուստիև անհրաժեշտ էր նախանշել փոխադարձության սկզբունքի կիրառման սահմանափակման կամ դատական ակտերի ճանաչման և կատարման վերաբերյալ դիմումի մերժման վերոգրյալ առավել լայն շրջանակը:

Սակայն, քանի դեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը՝ վերևում քննարկված դրույթներով, չի ընդունվել, ներկայիս օրենսդրական կանոնակարգման պայմաններում շարունակում է չլուծված մնալ հետևյալ հարցը․

 Ինչպես պետք է ճանաչվեն և կատարվեն այն երկրների դատական ակտերը, որոնց հետ ՀՀ-ն չունի միջազգային պայմանագրեր:

Կարծում ենք, օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հնարավորությունը կարող է հիմնավորվել նաև ներկայիս կանոնակարգման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ նաև՝ Կոնվենցիա): Այսպես, թե´ ՀՀ Սահմանադրությամբ և թե´ Կոնվենցիայով սահմանվում է անձի՝ դատարան դիմելու կամ արդար դատաքննության իրավունքը, որի կարևորագույն բաղադրատարրն է կազմում հենց դատական ակտի կատարումը: Հետևաբար՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր կազմող դատական ակտի կատարման յուրաքանչյուր անձի իրավունքը նախատեսված և պաշտպանված է ՀՀ Սահմադրությամբ և Կոնվենցիայով, իսկ յուրաքանչյուր անձի նման իրավունքին պետք է համապատասխանի պետական մարմինների, այդ թվում՝ դատարանների պարտականությունն ապահովել նման իրավունքի իրացումը:

Չնայած իրավական նման հնարավորության առկայության ՀՀ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը հիմք է տալիս փաստել, որ իրավական հիշյալ գործիքը չի օգտագործվել, և հնարավոր չէ հաստատապես փաստել, թե ինչ մեկնաբանություն կկատարան ՀՀ դատարանները նման իրավական կանոնակարգման վերաբերյալ:

Վիճելի իրավահարաբերությունները կանոնակարգող ակտի կատարման և ճանաչման խնդրից խուսափելու համար հնարավորության դեպքում կարելի է վեճը կանոնակարգել արբիտրաժային դատարանների կողմից:  Ի տարբերություն նրան, որ ներկայումս բացակայում է օտարերկրյա դատարանների կողմից կայացված դատական ակտերի ճանաչումը և կատարումը կանոնակարգող ունիվերսալ միջազգային կոնվենցիա, ներկայումս գործում է 1958 թվականի հունիսի 10-ի «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիան (Նյու-Յորքյան կոնվենցիա), որին 2017 թվականի դրությամբ մասնակցում են 157 պետություններ (ՀՀ-ն ևս մասնակցում է Նյու-Յորքյան կոնվենցիան): Հետևաբար, ակնհայտ է, որ օտարերկրյա արբիտրաժային դատարանների կողմից կայացված դատական ակտերի ճանաչումը և կատարումը կանոնակարգող նման լայն շրջանակ ընդգրկող կոնվենցիայի առկայության պարագայում բավականին բարձր է հավանականությունը, որ արբիտրաժային դատարանների կողմից կայացված ակտերը կճանաչվեն և կկատարվեն:

ՀՀ-ում վիճելի իրավահարաբերությունը լուծող դատական ակտի ճանաչումն ու կատարումն ապահովելու առավել պարզ տարբերակը, իհարկե, վեճի լուծումը ՀՀ դատարաններին հանձնելն է, թեկուզև օտարերկրյա դատական ակտի առակայության պարագայում, քանի որ ներկայումս ՀՀ-ում գործում է ազգային դատարանի դատական ակտերին անվերապահ առավելության սկզբունքը։ Այսինքն՝ օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը ՀՀ-ում պետք է մերժվի, եթե նույնական գործով առկա է ՀՀ դատարանի կողմից կայացված դատական ակտ` անկախ դրա կայացման ժամանակից։ Նման հնարավորությունը կարելի է օգտագործել նաև անցանկալի դատական ակտի ճանաչումից և կատարումից խուսափելու համար, եթե առկա է հնարավորություն վեճի լուծման այլ կանոնակարգում ստանալու ՀՀ դատարանների կողմից:

Օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման իրավահարաբերությունները կարգավորող ունիվերսալ պայմանագիր.

Վերոգրյալով հանդերձ՝ հարկ է փաստել, որ օրենսդրական փոփոխությունները, երկկողմանի կամ տարաձարջանային միջազգային պայմանագրերը, առկա սահմանափակումների պարագայում հնարավոր լուծումներ գտնելու փորձերը օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման խնդրի միայն մասնակի լուծում է, մինչ այդ հարաբերությունները կանոնակարգող ունիվերսալ միջազգային կոնվենցիայի առկայության հնարավոր չէ հասնել մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք և համապարփակ պաշտպանության ու ապահովել բոլոր օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը: Նման ունիվերսալ կոնվենցիայի ստեղծման քայլեր են կատարվել Հաագայի կոնֆերենցիայի կողմից: Դեռևս 1999 թվականի հոկտեմբերի 30-ին Հաագայի կոնֆերենցիայի Հատուկ հանձնաժողովի կողմից կազմվել է օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման ունիվերսալ կոնվենցիայի նախնական ծրագիրը, սակայն մինչ օրս նման կոնվենցիա չի ընդունվել:

Վերլուծությունը՝  «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանի

1,424 դիտում

Մեկնաբանություններ