Մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը 2017 թվականի ընթացքում մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել հոգեբուժական հաստատություններ: Արձանագրած խնդիրները համապարփակ ներկայացնելու նպատակով Պաշտպանը մինչև տարեվերջ հանդես կգա արտահերթ հրապարակային զեկույցով:
Այցերի ընթացքում իրականացվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրություն և արդյունքներն ուղարկվել են իրավասու պետական մարմնին: Միաժամանակ, առաջարկվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսապայմանների բարելավման, նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ՝ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական բնույթի առաջարկներ:
Ուսումնասիրությունները հնարավորություն են տվել վեր հանված խնդիրները բաժանել երկու հիմնական խմբի՝ անձանց պահման պայմաններ և բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպում:
Հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում մտահոգիչ են պահման պատշաճ պայմանների, այդ թվում՝ գերբնակեցման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի, արտաքին աշխարհի հետ նրանց կապի, նպատակային զբաղմունքների բացակայության և մի շարք այլ հարցեր:
Երկրորդ խումբ խնդիրներից են հոգեբուժական հաստատություններում հարկադիր բուժման, զսպման միջոցների կիրառման անհամապատասխանությունը սահմանված չափանիշներին, բուժմանայլընտրանքային մեթոդների բացակայությունը (բացի դեղորայքայինբուժումից), հաստիքների անբավարարությունը և այլն: