Դատարանը գործը վերսկսելու մասին որոշում է կայացրել. Կայարանցի Թևոսիկի սպանության գործ

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և հրապարակեց քրեական աշխարհում, որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործը վերսկսելու մասին որոշումը :        

Հիշեցնենք, որ 2 սպանությունների համար մեղադրողը դատարանից պահանջել էր Իսրայել Սարգսյանին դատապարտել 25 տարվա ազատազրկման:

Նախորդ դատական նիստի ժամանակ   կողմերը հանդես էին եկել  ռեպլիկներով: Ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հրաժարվել էր ճառից, ասելով, որ պնդում է 4 ամիս առաջ իր պաշտպանական ճառը, ուստի հանդես եկավ միայն ռեպլիկներով:

Հիշեցնենք, որ վերոնշյալ գործով, այս տարվա հունիսի 7-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու նպատակով, սակայն ի հայտ եկած նոր հանգամանքների պատճառով դատական գործընթացը նորից վերսկսվեց: Այդ ժամանակ դատախազ Հայկ Հակոբյանը ևս պահանջել էր 25 տարվա ազատազրկում:

Դատական նիստերը կվերսկսվեն  նոյեմբերի 10-ից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են  Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:

Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հետքերը թաքցնելու համար ինքը սպանել Մովսես Ներսիսյանին՝ «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա՝ դին  Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում: Սպանությունից ավելի քան երեք տարի անց Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ