ՔՆՆԻՉՆԵՐԸ ՀԱՐԿԱԴՐԵԼ ԵՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ ԵՒ ԿԵՂԾԻՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու, առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկա Գ. Մանասերյանը դատարանում ցուցմունք, ապա` Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը, հանդիսանալով իր բարեկամը, իրեն հարցաքննելիս պահանջել է ցուցմունքում նշել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ` հայտնելով, որ հակառակ դեպքում խնդիրներ կունենա:

Բացի այդ, Գ. Մանասերյանը հաղորդմամբ հայտնել է, որ նույն քրեական գործով կատարված քննչական գործողության` առերեսման ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հայտնել է իրականությունը, սակայն վերջինս այդ մասին կազմած արձանագրությունում ներառել է իր նախորդ ցուցմունքում նշած` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու և առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քաղաքացի Հ. Գրիգորյանի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ իր որդու վերաբերյալ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խարդախության հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում նույն բաժնի քննիչի առաջարկով կատարվել են որդու կողմից գրավադրված ձուլակտորների մասնատման և ոսկու զտման գործողություններ: Ըստ Հ. Գրիգորյանի` նշված գործողությունների ժամանակ քննիչը որևէ  արձանագրություն չի կազմել, սակայն ինքը հետագայում պարզել է, որ վերջինս կեղծ արձանագրություն է կազմել, որում իրականությանը չհամապատասխանող տվյալներ է նշել գործողություններին չմասնակցած անձանց, այդ թվում`որդու վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական

Մեկնաբանություններ