«Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի գործով այսօր Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեցին վկաները:
Գործով հարցաքննվեց ոստիկանության Էրեբունու բաժնի տեսուչ Կարեն Վանյանը: Նշենք, որ վկան ամբաստանյալներից ոչ ոքի չէր ճանաճում, ըստ իրեն՝ ինքը ճանաչում է միայն տուժողներ Արազ Թիրապյանին և Արմեն Գալստյանին:
Դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 20-ին վկան ծառայություն է իրականացրել դեպքի վայրում՝ Գլինկա և Որմնադիրների հատման խաչմերուկում: Ըստ իրեն՝ ինքը հրաման է ստեցել տուժող Արմեն Գալստյանից, որպեսզի գնա դեպքի վայր:
«20-ից ավել մարդիկ էին, որոնք ցանկանում էին մոտենալ գնդի տարածքին»,-ասաց վկան՝ հավելելով, որ քաղաքացիները հայհոյանքներ էին հնչեցնում,- «Մոտավորապես 30 րոպե տևեց այդ միջադեպը, սակայն միայն վերջին 5 րոպեում սկսեցին քաղաքացիները քարեր նետել ոստիկանության ուղղությամբ»,-սակայն անձամբ չի տեսել, որ հենց քաղաքացիներն են քարերով հարվածել, քանի որ իր ծառայությունը իրականացրել է ոստիկանության վերջին շարքերում:
Ըստ վկայի՝ քարերի նետելը դադարեց այն պահին, երբ զահամեքենան մոտեցավ դեպքի վայր:
Քարերի հարվածներից տուժած ոստիկանների մասին ևս նույնը կրկնեց, որ անձամբ չի տեսել, միայն ձայներ է լսել. «Տուժող Գալստյան Արմենին անձամբ ես եմ տարել հիվանդանոց։ Քարը կպել էր նրա գլխին և գլուխը վնասվել էր»,-ասաց նա:
Պաշտպան Գրիշա Բալասանյանի այն հարցին, թե քաղաքացիների շարքերում կարող էին լինել քաղաքացիական հագուստով ոստիկաններ, վկա Կարեն Վանյանը ասաց, որ անձամբ չի տեսել և չի կարող ասել: Պաշտպանը նաև հարցադրում արեց, թե արդյոք վկան պնդո՞ւմ է իր ցուցմունքում ասած այն փաստը, որ քաղաքացիներն են հայհոյել ոստիկաններին, վկան պատասխանեց, որ ո՛չ , հստակ չի կարող ասել: Կարեն Վանյանը նաև նշեց, որ հայհոյանքները անձնավորված չէին, և մադիկ բորբոքված էին. «Մեզ ասում էին, որ տրանսպորտ չի աշխատում, գազ չունեն, բայց, եթե ես անձամբ ցանկանայի, չէի կարող տրանսպորտի հարցը լուծել, որովհետև տրանսպորտի գնալու տեղ չկար․ փակ էր ամբողջությամբ»,-ասաց նա:
Դեպքի պահին, ըստ վկայի՝ իր մոտ զենք չի եղել, և իր աշխատակից ընկերների մոտ էլ զենք չի նկատել:
Մեղադրողը հակասություն նկատեց նախաքննության ընթացքում տված ցուցմունքի և դատարանում տված ցուցմունքի միջև, ուստի միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը հրապարակի նախաքննության ընթացքում վկայի տված ցուցմունքը:
Դատարանը՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարեց միջնորդությունը, ինչի արդյունքում հրապարակվեց նախաքննության ընթացքում տված վկա Կարեն Վանյանի ցուցմունքը:
Գործով մյուս վկա Քանաքեռ–Զեյթունի բաժնի ոստիկանության աշխատակից Ազարիա Գևորգյանը դատարանում հայտնեց, որ դեպքի մասին ոչինչ չի հիշում: Նա նույնիսկ ասաց, որ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի մանրամասները չի հիշում. «Մի տարի ա անցել՝ չեմ հիշում»,- ասում էր նա:
Նախաքննության ընթացքում տված ցուցմունքի հետ կապված՝ վկան հայտարարեց, որ տեսանյութ է դիտել, որի արդյունքում որոշ մանարամասներ հիշել է և ցուցմունք գրել:
Որոշ տարաձայնությունների արդյուքում մեղադրողը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը հրապարակի նախաքննական ցուցմունքը, ըստ նախաքննական ցուցմունքի՝ վկա Ազարիա Գևորգյանը մանրամասն պատմել է դեպքի վայրում տեղի ունեցածը, առանձին–առանձին ներկայացրել մանրամասնություններ քաղաքացիների հագուստների գույների և պահելաձևի վերաբերյալ: Հետագայում, ըստ ցուցմունքի՝ քննիչը իրեն ցույց է տվել տեսանյութ, որտեղ պատկերված են եղել նախապես վկայակոչված անձիք:
Պաշտպան Գրիշա Բալասանյանը դատարանում կասկած հայտնեց, որ վկան ինքը չի գրել նախաքննական ցուցմունքը, քանի որ մանրամասն, հստակ ու գրագետ ձևակերպումերով է ներկայացնում տեղի ունեցածը. «Մենք տեսանք, որ դատարանում երկու բառ չկարողացավ հստակ ձևակերպել․ կասկածներ ունեմ, որ դա նա է գրել»,-ասաց պաշտպանը:
Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ վկային ցույց տվեց նախաքննական ցուցմունքը և հարցրեց՝ դա նա է գրել, թե՞ ոչ. «Եթե ստորագրել եմ ուրեմն ես եմ գրել, չեմ հիշում»,-ասաց վկան:
Մյուս պաշտպան Լիպարիտ Սիմունյանն էլ դատարանին միջնորդությւոն ներկայացրեց, որպեսզի դատաբժշկական և դատահոգեմաբական փորձաքննություն նշանակվի վկայի նկատմամբ. «Նույնիսկ դատարանի և մեղադրող կողմի մոտ կասկածներ առաջացան վերջինիս հիշողության հետ կապված, ուստի միջնորդություն եմ ներկայացնում»,- ասաց նա:
Վկայի հարցերին պատասխանելը բորբոքեց ամբաստանյալներին, որոնք տեղից մեկնաբանություններ արեցին վերոնշյալ իրավիճակի վերաբերյալ, ինչի արդյունքում դատարանը նախազգուշական սանկցիա կիրառեց վերջիններիս նկատմամբ, ինչպես նաև վկա Ազարիա Գևորգյանի նկատմամբ:
Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ միջնորդության քննարկումը հետաձգեց մինչև գործով բոլոր վկաները հարցաքննվեն:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի