Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամներին բերման ենթարկելու բարոյական  վնասի  փոխհատուցման համար  դիմում է  ներկայացվել  Վարչական դատարան. պաշտպաններ 

 «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող  Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի խոսքերով` ընտանիքի հանդեպ ակնհայտ ընդգծված  բացասական վերաբերմունք է դրսևորվում.

«Սա ոչ թե մի օրվա,  այլ չորս տարվա ընդգծված վերաբերմունք է ընտանիքի անդամների նկատմամբ»,-նշեց պաշտպանը` անդրադառնալով Կարող Եղնուկյանի ընտանիքի անդամների նկատմամբ վերջին ճնշումներին,- «Դա եղավ այն ժամանակ, երբ  նրանք Հայաստան-Սփյուռք համաժողովից առաջ ցանկացել էին տեղեկացնել, որ սփյուռքահայեր Կարո Եղնուկյանը և Ժիրայր Սեֆիլյանը կալանավորված են իրենց քաղաքական հայացքների համար:  Սակայն ընտանիքի անդամներին դա չի հաջողվել, միանգամից բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին»:

 «Բաժնում խառնաշփոթ էր տիրում, առանձին սենյակներում  բոլորիս նստեցրին: Միայն անձնական տվյալներ էին ճշտում, մեկը մյուսի վրա էր գոռում:  Այդ ժամանակ ՄԻՊ ներկայացուցիչները մոտեցան, և միայն  4  ժամ անց ընթերականեր բերեցին: Ես   դրսից եմ իմացել, որ  այլ պատրվակով էին բերել՝ պայթուցիկ նյութ կրելու կասկածանքով»,- ասաց Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը:

Ըստ նրա՝ եթե իրենց բերման էին ենթարկում  պայթուցիկ նյութ կրելու կասկածանքով, ինչո՞ւ  հենց սկզբից խուզարկություն չեն արել: Ռոզաննա Եղնուկյանը հավելեց, որ չի զարմանա, եթե  վաղը, մյուս օրն իրենց  մեքենայից, տանիքից կամ ավտոտնակից  ինչ-որ բան գտնեին ու ասեն՝ «Տեսե՛ք, պայթուցիկը գտանք մենք»:

Կարո Եղնուկյանի աղջիկա՝ Էլմոնեի խոսքերով՝ իրեն բերման ենթարկելուց 4 ժամ անց են ցանկացել խուզարկել.«Խուզարկությունը, որպես էդպիսին խայտառակություն էր, եկավ ոստիկանության կին ներկայացուցիչը ու հարցրեց՝ բալիկ ջան, չստուգեմ ներքնազգեստդ, ինձ ասա՝ բան ունես մոտդ պահած, թե՞ չէ»:

Տիգրան Հայրապետյանի խոսքերով, եթե ըստ էության, եղել է սուտ մատնություն Եղնուկյանների ընտանիքի նկատմամբ, ապա այդ անձը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. «Եթե չի եղել սուտ մատնություն, ապա ոստիկանները պետք է քրեական պատասխանատվության ենթարկեն կեղծ ապացույցներ ձեռք բերելու համար»,-ասաց նա:

Մյուս պաշտպանը՝ Նինա Կարապետյանցի խոսքերով՝ ոչ մի տրամաբանություն չկա «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող  Կարո  Եղնուկյանի  երեխաներին և ընտանիքին բերման ենթարկելու գործընթացի մեջ. «Այնքան ապաշնորհ  են մեր իշխանությունները, որ նորմալ գործ չեն կարողանում սարքել, այս աստիճանի բացահայտ հետապնդում են իրականացնում»,- ավելացրեց նա։

Բերման ենթարկելու բարոյական  վնասի  փոխհատուցման համար  դիմում է  ներկայացվել  Վարչական դատարան:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ