Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, այլ գերատեսչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարար Դավիթ Հարությունյանը ողջունել է Ղեկավար կոմիտեի հերթական հանդիպումն ու անդրադարձել 2015 թվականին ստորագրված համաձայնագրի նախապատմությանը, նպատակներին, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված ուղղություններին: Նախարարը նշել է, որ նման հանդիպումներն օգնում են վերահսկել համաձայնագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև քննարկել հաջորդող քայլերը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանության 2014-2016 գործողությունների ծրագրի կատարողականը, 2017-2019 թթ. նոր ծրագրի շրջանակներում ներդրված համակարգման, մոնիտորինգի, թափանցիկության ապահովման, ինչպես նաև ՔՀԿ ներկայացուցիչների ավելի լայն մասնակցություն ապահովելուն ուղղված մեխանիզմները:
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին և 2017-2019 թթ․ Գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը:
Նիստի ավարտին քննարկվել է Կոմիտեի հետագա աշխատանքների պլանավորման հարցը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն