ՀՀ առողջապահության նախարարությունն ուժեղացնում է հսկողությունը բժշկական կազմակերպությունների կողմից այլ երկրներից մասնագետների հրավիրման գործընթացը

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո առողջապահական համակարգը սկսեց լայնորեն համագործակցել արտասահմանյան բժշկագիտական կառույցների, մասնավոր հիվանդանոցների և առանձին բուժաշխատողների հետ՝ նպատակ ունենալով զարգացնել մեր երկրի բժշկագիտական ներուժը: Այդ համագործակցությունը և բաց սահմանները բազմաթիվ դրական արդյունքների հետ բերեցին նաև որոշակի ռիսկեր: Երբեմն տեղի բժշկական կազմակերպոթյունների կամ անհատների հրավերով Հայաստան էին ժամանում և մասնագիտական բժշկական գործունեություն իրականացնում անձինք, որոնք իրենց երկրում երբեմն նույնիսկ զրկված էին նման գործունեություն իրականացնելու իրավունքից, քանի որ այդ դաշտը կարգավորող իրավական նորմեր չէն գործում:

Հիշեցնենք, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում 2015թվականին կատարված լրացումներով, փաստացի, այս ոլորտը կարգավորելու իրավական հիմք ստեղծվեց։ ՀՀ Կառավարությունը 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1081–Ն որոշմամբ հստակ սահմանեց իրավական այն գործընթացը, որը հնարավորություն է տալիս ՀՀ առողջապահության նախարարությանը հսկողություն սահմանելու Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերովօտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության իրականացման վրա և տրամադրել համապատասխան թույլտվություն:

Նոր կանոնակարգումը կազմակերպություններին պարտադրում է մինչև օտարերկրացի մասնագետին Հայաստան հրավիրելը նրա մասնագտական գործունեության համար ստանալ թույլտվություն: ՀՀ առողջապահության նախարարության կողմից թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է հրավիրող կազմակերպության կողմից հայտի ներկայացման ժամանակ տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում։ Դրանք հնարավորություն են տալիս նախարարությանը գնահատելու, թե, արդյո՞ք, տվյալ մասնագետի որակավորումը թույլ է տալիս , որպեսզի նա մատուցի այդ ծառայությունները Հայաստանում, կամ, արդյո՞ք, նրան հրավիրող կազմակերպությունն ունակ է ապահովելու այդ մասնագետի որակյալ և անվտանգ գործունեության իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Մասնավորապես, ներկայացվում են հրավիրվող բժշկի կրթական փաստաթղթերը, այդ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում պաշաճ փոխճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանք, բժշկի լիցենզիան, հրավիրող կազմակերպության լիցենզիան, հրավիրյալ բժշկի բնակության երկրից տրամադրված certificate of good standing, որով հավաստվում է, որ տվյալ բժիշկն իր երկրում մասնագիտական գործունեության հետ կապված տույժերի չի ենթարկվել և այլն: Այս բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունն է, որ լիարժեք պատկերացում է տալիս հրավիրվման և հետագա գործընթացի ՀՀ օրենսդրությանը համապատասխանելիության վերաբերյալ։ Այդ ամենը հավաստվում է կարճաժամկետ մասնագիտական գործունեության թույլտվության տրամադրմամաբ կամ մերժմամբ:

ՀՀ առողջապահության նախարարությունն ուժեղացնում է հսկողությունը բժշկական կազմակերպությունների կողմից այլ երկրներից մասնագետների հրավիրման գործընթացի նկատմամբ և հորդորում խստորեն հետևել այդ գործընթացը կանոնակարգող իրավական նորմերին։

Մեկնաբանություններ