«Հայ կանաց ճակատ»-ը ներկայացնող Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ Ոստիկանությունը մի շարք քաղաքացիների բերման է ենթարկել, որոնց թվում են եղել Կարո Եղնուկյանի կինն ու երեխաները.
09:00
«Շտապ հաղորդագրություն
Րոպեներ առաջ Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։ Նրանց ձերբակալելել են հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ սփյուռքահայ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս»:
10:00
«Զանգահարել եմ ԱՄՆ դեսպանատուն և հայտարարություն եմ տվել ԱՄՆ քաղաքացիներ Ռուզան Եղնուկյանի, Սիմե Եղնուկյանի, Հակոբ Եղնուկյանի և Էլմոն Եղնուկյանի ձերբակալության մասին»:
11:00
«Նոր տեղեկություններ ձերբակալված անձանց մասին
Բերման ենթարկվածները դեռ ոստիկանությունում խոշտանգման չեն ենթարկվել և գտնվում են այնտեղ։ Երբ ձերբակալված անձանցից մեկը ոստիկաններին հարցրել է, թե ինչու են իրեն բերման ենթարկել առանց պատճառը բացատրելու, ոստիկանը պատասխանել է, որ ոստիկանությունը տեղեկություն է ստացած եղել, որ Ռուզան Եղնուկյանը իր երեխաների հետ միասին պատրաստվել է Հանրապետության հրապարակում ռումբ տեղադրել։ Բերման ենթարկելու պատճառը դա է։ Իսկ հարցին, թե ինչու են ոստիկանություն բերվել նաև Հայ կանանց ճակատի մյուս անդամները, ոստիկանը պատասխանել է, որ նրանց բերման են ենթարկել միայն քաղբանտարկյալների նկարներով իրենց շապիկների համար»:
«Սասնա Ծռեր» խմբավորումն իր ֆեյսբուքյան էջում ևս տարածել է հաղորդագրություններ դեպքի առթիվ:
«Այս պահին Մարզահամերգային համալիրի շրջակայքից ոստիկանները հավաքում են Հիմնադիր խորհրդարանի և Սասնա Ծռերի համակիրներին։ Տեղյակ ենք միայն Անդրանիկ Պողոսյանին բերման ենթարկելու մասին։ Մյուսների անունները դեռ ճշտված չեն։
Հաղորդագրություն
Բոլոր նրանց, ովքեր ծանոթներ ունեն Սփյուռք- Հայաստան համաժողովին ժամանած սփյուռքահայերի շրջանում, հաղորդեք նրանց, որ բազմաթիվ մարդիկ են ոստիկանություն տարվել միայն նրա համար, որ ցանկացել են սփյուռքահայերին տեղյակ պահել ռեժիրմի ապօրինությունների, բռնությունների և Հայաստանի բանտերում առկա քաղբանտարկյալների մասին։
Խնդրում ենք լավ տարածել այս հաղորդագրությունը»: