Նիստերի դահլիճ բերվեցին Ժ. Սեֆիլյանը և Գ. Սաֆարյանը, սակայն անմիջապես հեռացվեցին. լարված իրավիճակներ ՍԵֆիլյանի և մյուսների վերաբերյալ գործի քննության ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը: Նիստը նախագահում էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:

 Այսօրվա դատական նիստն ավելի քան թեժ և բուռն ընթացավ:

Մինչև նիստը սկսվելը, դատարանի բակում հավաքված Սեֆիլյանի և մյուսների կողմնակիցներն իրենց հետ բերել էին մեծ խամաճիկ-տիկնիկներ, որոնք, ըստ նրանց, պատկերում էին դատավոր Գրիգորյանին և հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին: Դատական կարգադրիչները թույլ չէին տալիս խամաճիկներով մտնել դատական դահլիճ, ինչն էլ վրդովեցրեց ներկաներին:

 «Ես իմ տիկնիկի հետ ուզում եմ մտնել դատարան, բայց չեն թողնում: Սրանք փափուկ առարկաներ են, ո՛չ կտրող-ծակող գործիք է, ո՛չ սողուն և ո՛չ էլ գործելու շյուղ. դրանք են արգելված իրերը, ոչ թե սա»,- ասաց կանանցից մեկն, ապա միանգամից ավելացրեց. «Կարո՞ղ ա նման չեմ սարքել, չեք ճանաչում տիկինիկներին, դրա համար ներս չեք թողնում»:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման մամուլի խոսնակ, քաղաքացիական ակտիվիստ Սյուզան Սիմոնյանը հայտարարեց, որ ոստիկաններից մեկը նախորդ նիստի ժամանակ բիզով վնասել է ակտիվիստներից մեկի մեքենան:

 Ի վերջո ամբոխը դատարան մտավ առանց տիկնիկների:

 Դատարանի մուտքի մոտ հերթական միջադեպը պատահեց Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի և դատական կարգադրիչների միջև: Մետաղաորսիչ սարքը պաշտպանի պայուսակի մոտ ազդանշան էր տալիս, ինչին հաջորդեց կարգադրիչների ցուցումը՝ կամ բացել պայուսակը կամ առանց պայուսակի առաջանալ: Պաշտպան Պապիկյանը համաձայնեց բացել պայուսակը բոլորի ներկայությամբ:  Ընթերակայի և լրագրողների առաջ հատ-հատ պայուսակի պարունակությությունը դատարկեց, որտեղ բացի դատաքննական նյութերից, Քրեական օրենսգրքից, անձեռոցիկից և գրիչներից ուրիշ ոչինչ չկար:

«Հիմա ինձ ասեք՝ ի՞նչ ազդանշան էր տալիս սարքը, արդյո՞ք ինձ մոտ կա որևէ արգելված իր: Հիմա տեսա՞ք, որ Դուք ինձ ապօրինաբար խուզարկեցիք: Համոզվեցի՞ք, որ ազդանշանն արձակվում էր պայուսակի մետաղական շղթաներից»:

Կարգադրիչն ասաց, որ սա խուզարկություն չէր, պաշտպանն իր կամքով դատարկեց պայուսակը: Այս ամենի առթիվ արձանագրություն կազմվեց:

Նիստի սկզբում դատավարական դահլիճում էին գտնվում 7 ամբաստանյակներից միայն երկուսը՝ Հովհաննես Պետրոսյանը և Գալուստ Գրիգորյանը։ Մյուսներն անցած դատական նիստերի ժամանակ հեռացվել էին դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի համար հանրային պաշտպան նշանակված Մարինե Թովմասյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ իր երկու պաշտպաններին բերեն դատական դահլիճ, քանի որ վկաների ցուցմունքների ժամանակ գուցե նրանք ևս հարցեր ունենան:

 «Դատարանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում ամբաստանյալների նկատմամբ. մեկին 10 անգամ է նախազգուշացում տալիս, մյուսին երկրորդ անգամից հեռացնում է դահլիճից: Ես ցավով եմ արձանագրում, որ պայմանագրային պաշտպանները կարող են ներկա գտնվել դատական նիստերին, սակայն չիրականացնեն իրենց վստահորդների շահերը և դրսում ասեն, թե Մարինե Թովմասյանի գործողություններն իրավաչափ չեն»:

Իր հերթին նույնանման միջնորդություն ներկայացրեց նաև Հրայր Թոփչյանի ժամանակավոր պաշտպան Վահագն Մարտիրոսյանը:

 Դատարանը ներկայացված երկու միջնորդություններն էլ մերժեց, մասնավորեցնելով, որ ամբաստանյալները դահլիճից հեռացվել են դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:

Մարինե Թովմասյանը հաջորդ միջնորդությունը ներկայացրեց, առաջարկելով գործը կարճել, որից հետո ներկայացնել Սահմանադրական դատարան: Դատավոր Գրիգորյանն անհիմն համարեց միջնորդությունը բավարարել, նշելով, որ հիմնավոր ապացույցներ և փաստեր չկան:

Պաշտպան Թովմասյանի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր դատական դահլիճի քաղաքացիների համար նախատեսված հատվածում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանին և Արայիկ Պապիկյանին: Նա դատարանին հայտարարեց, որ ճիշտ կլինի պաշտպանները անցնեն դահլիճի դատավարական կողմ և պաշտպանեն իրենց վստահորդների շահերը, քանի որ վերջիններս մինչև օրս դեմ են իր ծառայություններին: Թովմասյանը նշեց, որ 40 րոպե ընդմիջում հայտարարեն, որ կարողանա փաստարկներ վերլուծել. գուցե ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի դատարանին:

Հրայր Թոփչյանի պաշտպան Վահանգ Մարտիրոսյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը թույլ տա հենց հիմա տեսակցել Թոփչյանին և հստակ պարզել՝ համաձա՞յն է, որ ինքը պաշտպանի նրա շահերը:

 Նիստն ընդմիջվեց, որից հետո, վերադառնալով դատական դահլիճ պարզվեց, որ բարձրախոսներից ոչինչ չէր լսվում, ապակիներից այն կողմ ոչ մի խոսակցություն լսելի չէր քաղաքացիների համար նախատեսված հատվածում: Այս հանգամանքը բավականին վրդովեցրեց դահլիճին: Բղավոցներին հաջորդում էր հայհոյանքները , որոնք երկար ժամանակ չէին դադարում, քաղաքացիները պահանջում էին նիստը ընդմիջել և վերացնել տեխնիկական թերությունները: Դահլիճում ուժեղացվեց հսկողությունը: Դատավարական կողմ հրավիրվեց ամբաստանյալ Սմբատ Գալոյանը, ում խոսքը նույնպես լսելի չէր: Միայն 10 րոպե անց դատավորը որոշեց նիստն ընդմիջել, մինչև կվերացվեն տեխնիկական խնդիրները: Քաղաքացիների կարծիքով այս ամենը միտումնավոր էր.

«Ո՞նց կարող ա կես ժամում միանգամից փչանալ: Կամ, եթե ասենք փչացել է, ինչի՞ են նիստը շարունակում»:

Ընդմիջումից և տեխնիկական խոտանը վերացնելուց հետո նիստը վերսկսվեց: Դատավորը մերժեց երկու միջնորդություններն էլ, նշելով, որ անհիմն են, իսկ Վահագն Մարտիրոսյանին ասաց, որ բավական ժամանակ ուներ տեսակցելու իր վստահորդին:

Նորից դահլիճ հրավիրվեց ամբաստանյալ Սմբատ Գալոյանը: Նա նշեց, որ չի կարող հստակ պատասխանել հարցերին, քանի որ չի հիշում դեպքի մանրամասները:

«Նախաքննական ցուցմունքիս մեջ ամեն ինչ նշել եմ, բոլոր ասածներս ճիշտ են»:

Կողմերի հարցերի ժամանակ ամբաստանյալը պատմեց, որ 2015թ ճանաչվել է 5-րդ գումարտակի լավագույն դիպուկահար, արժանացել է գովասանքի: Հովհաննես Պետրոսյանը հորաքրոջ որդին է, որի միջոցով էլ ծանոթացել է Գալուստ Գրիգորյանի և Ներսես Պողոսյանի հետ: Սեֆիլյանի ծրագրին ծանոթացել է, ապա իմանալով, որ պետք է գրոհեն հեռուստաաշտարակի, Ազգային ժողովի և Սովետաշենի զորամասի վրա, ինքն ու Հովհաննեսը հրաժարվել են և հանձնել զենքները:

 «Ո՞նց կարող էինք գրոհել զորամասի վրա և զենք բարձրացնել զինվորի վրա»:

 Ըստ ամբաստանյալ Գալոյանի, Սեֆիլյանն արյունահեղության միտք չի ունեցել:

«Նրան թվում էր, թե ժողովուրդը կմիանա իրեն և հեղաշրջում կանեն: Էդ ժամանակ նոր էր ավարտվել Ապրիլյան պատերազմը և ժողովրդի մեջ դեռ թարմ էր հողերը հանձնելու վերաբերյալ մտքերը»:

 Ամբաստանյալի ցուցմունքի պահին, դատավոր Գրիգորյանը հայտարարեց, որ լրացել է Ժիրայր Սեֆիլյանի, Հրայր Թոփչյանի, Ներսես Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի սանկցիա ժամկետը: Նրանք բերվեցին դատական դահլիճ, որտեղ նրանց դիմավորեցին բուռն ծափահարություններով:

 Գևորգ Սաֆարյանը տեղից դիմեց դատավորին, պահանջելով ասել, թե ո՞ւր է իր պաշտպանը: Դատավորը նախազգուշացրեց Սաֆարյանին տեղից չխոսել, իսկ հարց ունենալու դեպքում թույլտվություն վերցնել, ոտքի կանգնել և խոսել: Սաֆարյանը ոտքի չկանգնեց՝ անընդհատ պահանջելով իր պաշտպանին: Դատավորը մի քանի նախազգուշացումից հետո սանկցիա կիրառեց Սաֆարյանի նկատմամբ՝ 4 ժամով դատական դահլիճից հեռացում:

4-ժամյա սանկցիայի ենթարկվեց նաև Ժ. Սեֆիլյանը: Նա նույնպես նստած խոսեց դատավորի հետ, նշելով, որ հայտարարություն ունի, սակայն, դատավորը նրան էլ հիշեցրեց, որ պետք է խոսի հարգալից և կանգնած վիճակում: Սակայն Սռֆիլյանը չենթարկվեց դատարանին:

 Գ. Ներսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը և Ժ. Սռֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն անցան դահլիճի դատավարական կողմ: Վերջինս խնդրեց դատավորին հստակեցնել տեսանկարահանման հարցը:

«Դուք նշել եք, որ վկաներին տեսանկարահանելն արգելվում է, այդ դեպքում ինչո՞ւ են կարգադրիչները խոչընդոտում լրագրողներին տեսաանկարահանել դատավարական այն ընթացքը, որում բացակայում են վկաները»:

Տաթևիկ Գրիգորյանը պատասխանեց, որ դատարանն արգելել է տեսանկարահանել դատաքննական ամբողջ փուլը, ուստի հարցը փակված է:

 Դատարանը դիմեց Ներսես Պողոսյանին՝ արդյո՞ք ամբաստանյալը ցանկանում է, որ Պապիկյանը պաշտպանի նրա շահերը: Ներսիսյանը հստակ ասաց, որ համաձայն է և  իր պաշտպանյալն Արայիկ Պապիկյանն է:

 Մարինե Թովմասյանն ազատվեց Ներսես Պողոսյանին պաշտպանելու իր գործառույթից: Նա դիմեց դատարանին, խնդրելով հստակեցնել, արդյո՞ք ինքը շարունակելու է ներկայացնել Սեֆիլյանի շահերը: Դատարանը նշեց, քանի որ Տիգրան Հայրապետյանն օրինական կարգով չընդգրկվեց դատական գործին, ապա Թովմասյանը դեռ կշարունակի պաշտպանել Սեֆիլյանին:

Դատարանին դիմեց Արայիկ Պապիկյանը, խնդրելով նիստը հետաձգել, քանի որ նիստերին ներկա չլինելու պատճառով այդքան էլ լավ տեղեկացված չէ վերջին իրադարձություններից և միջնորդեց՝ իրեն տրամադրել նիստերի արձանագրությունները:

 Մեղադրող կողմը հրապարակեց ամբաստանյալ Սմբատ Գալոյանի նախաքննական ցուցմունքը, որից հետո դատավոր Գրիգորյանը բավարարեց Պապիկյանի միջնորդությունը և նիստը հետաձգեց:

Գործի վարույթը կշարունակվի սեպտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

1,088 դիտում

Մեկնաբանություններ