Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի զինված խմբի» գործով այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեցին գործով մի քանի վկաները:
Վկա Շողիկ Հախվերդյանի խոսքերով՝ ինքը 2015 թվականի նոյեմբերի 25-ին բրոքերի միջոցով վարձով է տվել իրեն պատկանող բնակարանը ամբաստանյալ Արթուր Վարդանյանին. «Մեկ ամսով էին վարձակալել՝ 500 դոլլար, որից 300-ը բրոքերինն էր: Տղաներս բանակում էին, իսկ ես այդ գումարի կարիքն ունեի, աղջիկս էլ սովորում էր Բժշկական համալսարանում: Մենք էլ բնակարանը առաջին անգամ չէինք վարձով տալիս»,- ասաց վկան՝ հավելելով, որ Արթուր Վարդանյանի հետ բնակարանի վարձակալման օրը եղել են նաև 3 կանայք: Դատախազի այն հարցին, թե արդյո՞ք կմտաբերի նրանց անունները, վկան պատասխանեց. «Եթե չեմ սխալվում՝ Մարինե, Նելլի, Ասյա: Մարինեին Արթուրը ներկայացրեց որպես հաշվապահ և ցանկացած հարցի դեպքում առաջարկեց նրա հետ կապ հաստատել: Մի քանի անգամ եմ զանգահարել, բայց երբ հարցնում էի, նա ասում էր, որ տանը չէ, հեռու է, հարմար չի: Արթուրին տեսել եմ ընդհամենը 2 անգամ»,-ավելացրեց Շողիկ Հախվերդյանը:
Ըստ վկայի՝ Արթուրը ասել է, որ վերոնշյալ բնակարանում ապրելու են 4 հոգով:
Շողիկ Հախվերդյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը տարբեր գրություններով դիմել է և՛ Կառավարություն, և՛ Ազգային ժողով, որպեսզի իրեն այս գործում տուժող ճանաչեն, սակայն ապարդյուն:
Հավելենք, որ Շողիկ Հախվերդյանը հանդիսանում է այն բնակարանի սեփականատերը, որտեղ վնասազերծվել է զինված խմբավորումը:
Վկան անդրադառնալով զինված խմբավորման վնասազերծման օրվան՝ նոյեմբերի 25-ին, նշեց, որ ուշ է հասել դեպքի վայր, իսկ դեպքի վայր հասնելուց հետո իր քույրն է լրագրողների հարցերին պատասխանել. «Հասել եմ տուն, տեսել եմ, որ ավերակ է, պատը չկա, իսկ տան շրջակայքում 100-200 մարդիկ՝ Ալֆա ջոկատից»,- հավելեց նա, նշելով, որ ամբաստանյալ Արթուր Վարդանյանից պարտք ու պահանջ չունի, քանի որ վերջինիս կողմից հասցված վնասը փոխհատուցել է՝ տան դարպասը և պատուհանները վերանորոգել են:
Գործով ցուցմունք տվեց նաև վկա Փայլակ Շմավոնյանը, ով հանդիսանում է ոստիկանության աշխատակից՝ հետաքննիչ: Վկայի համոզմամբ՝ Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է 2015 թվականի հոկտեմբեր ամսին, ընկերոջ՝ Ավետիք Կարապետյանի միջոցով՝ Սպիտակ քաղաքում: Հետո երեքով եկել են Երևան: Արթուրին տեսել է ընդհամենը մի քանի անգամ. «Արթուրի հետ հաց ենք կերել, խոսել ենք տարբեր թեմաներից, իրեն ընդունել եմ որպես սփյուռքահայ: Զրուցել էնտեղի կյանքից, առօրյաից, արտաքին քաղաքական խնդիրներն ենք քննարկել»,-ասաց վկան՝ հավելելով, որ Արթուրը հետաքրքրվել է 2014 թվականի Էջմիացնում որպես քրեական հեղինակություն համարվող Հայկարամի սպանության գործով:
Դատախազի այն հարցին, թե վկայի կարծիքով Արթուրն ինչո՞ւ էր հետաքրքրվում Հայկարամի սպանության գործով, Փայլակ Շմավոնյանը պատասխանեց, որ Հայկարամին շատերն էին ճանաչում, ուստի գործի ընթացքը շատերին էր հետաքրքիր:
Վկան նշեց, որ ամբաստանյալի հետ հիմնականում արտերկրի խնդիրների մասին են խոսել, և ոչ մի ներպետական խնդրի մասին խոսք չի գնացել. «Իմ և նրա խոսակցությունների մեջ հանցակազմի մասին խոսք չի եղել»,-իր խոսքն ավարտեց վկան:
Ցուցմունք տվեցին նաև Հանրային հեռուստաընկերությունում աշխատող աշխատակիցները՝ Արթուր Ալիխանյանը, ով 2015 թվականի նոյեմբերի 14-ին հսկողություն էր իրականացնում հեռուստաընկերության տարածքում, Հարություն Մեհրաբյանը՝ մոնտաժի ռեժիսոր, Պողոս Նազարյանը՝ ջոկի հրամանատար, Տիգրան Աբազյանը՝ թողարկող: Նրանք բոլորն էլ ճանաչեցին գործով անբաստանյալ Արման Հայրապետյանին, ով այդ ժամանակահատվածում աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես եթերային բաժնի աշխատակից:
«2015 թվականի նոյեմբերի 14-ին Արամը ինչ-որ աղջկա հետ եկավ եթերային բաժնի աշխատասենյակ, ըստ ամենայնի՝ նա ցույց էր տալիս աշխատասենյակը: Վերոնշյալ աղջիկը ոչ մի հարց չտվեց աշխատանքի վերաբերյալ»,- դատարանում ասաց վկա Հարություն Մեհրաբյանը:
Մյուս վկան՝ Տիգրան Աբազյանը ևս նշեց, որ Արամը աղջկա հետ եկել է աշխատանքի վայր, սակայն տվյալ աղջկան ճանաչել չի կարող, քանի որ շատ ժամանակ է անցել: Չմտաբերելու պատճառով դատախազը դատավոր Արմեն Բեկթաշյանից խնդրեց վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը հրապարակել:
Ըստ նախաքննության ընթացքում տված վկայի ցուցմունքի՝ վերոնշյալ աղջիկը գործով ամբաստանյալ Մարինե Կաթանյանն է:
Վկա Արմեն Մովսիսյանի խոսքերով՝ Արթուր Վարդանյանը Նելլի Մինասյանի հետ այցելել է «Կամբատ» խանութ, որտեղից գնել է մոտավորապես 1.5-2 միլիոն դրամի հագուստ: Նշենք, որ վկան հանդիսանում է վերոնշյալ խանութի տնօրենը, որտեղ վաճառվում են զինվորական հագուստներ, դիմակներ, կրծքանշաններ. «Քանի մեծ թվով հագուստ գնեցին, հետաքրքրվեցի թե ինչի՞ համար են, Արթուրն էլ ասաց, որ ֆիլմի նկարահանման համար է՝ հայրենասիրական ֆիլմի»,- ասաց Արմեն Մովսիսյանը հավելելով, որ Արթուրը նաև «Հատուկ գումարտակ» գրությամբ կրծքանշաներ է պատվիրել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի