Իրավաբանական կրթության առանձնահատկությունների, խնդիրների և հնարավորությունների մասին զրուցել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի հետ։
– Պարո´ն Ղազինյան, տարիներ շարունակ, հենց ԵՊՀ–ում էլ, ամենաշատ դիմորդներ ունեցող մասնագիտությունն իրավագիտությունն է։ Ի՞նչ եք կարծում, իրավաբանական կրթություն ստանալու հիմնական պատճառը ո՞րն է.
Իրավաբանի մասնագիտությունը, իրավամբ, համարվում է էլիտար ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, և այդ էլիտարությունը պայմանավորված է այդ մասնագիտության նկատմամբ պահանջվածությամբ և կարևորությամբ` ցանկացած պետության, հասարակության բոլոր բնագավառների համար: Բացի այդ, լավ իրավաբանի համար միշտ երաշխավորված է աշխատանք գտնելու հնարավորությունը, նույնիսկ աշխատատեղերի պակասի ամենասուղ պայերանաններում: Եթե դրան էլ գումարենք այն հանգամանքը, որ իրավաբանը բարձր վարձատրվող և հեղինակություն վայելող մասնագիտություն է, ապա պատկերն ամբողջական կդառնա:
-Գործնականում իրավաբանների պահանջարկն իսկապե՞ս մեծ է։
Քանի որ հանրապետությունում իրավաբանի մասնագիտություն տվող բուհերն ավարտում են հարյուրավոր շրջանավարտներ (միայն մեր ֆակուլտետը ամեն տարի տալիս է մոտ 200 շրջանավարտ), կարող է տպավորություն ստեղծվել, որ աշխատաշուկան հագեցված է իրավաբաններով: Սակայն խնդիրը ոչ միայն թողարկվող կադրերի քանակի, այլ որակի մեջ է: Որակյալ իրավաբանների կարիք միշտ կա և կլինի, ընդորում այդ կարիքն առկա է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում: Անվիճելի ճշմարտություն է, որ իրավաբանը պետք է լինի կամ լավը, կամ չլինի ընդհանրապես: Իսկ երաշխավորել, որ բոլոր շրջանավարտները (այդ թվում նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի) բավարարում են նշված չափանիշներին, ցավոք սրտի, չենք կարող:
– Ինչպե՞ս է կազմակերպված ուսուցումը. տեսական գիտելիքներից բացի գործնական հմտություններ ստանո՞ւմ են ապագա իրավաբանները։
Այո, թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում կարևորվում է ուսանողներին ոչ թե զուտ տեսական գիտելիքներ տալը, այլ նրանց մոտ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ ձևավորելը: Ֆակուլտետը վերջին տարիներին իր որդեգրած քաղաքականությամբ, որը տեղ է գտել նաև նրա զարգացման ծրագրում, հետևողականորեն իրականացնում է նշված գործառույթը: Դրա իրականցման ձևերը տարբեր են. Նախ վերանայվել են ուսումնական ծրագրերը՝ պայմանավորված վերը նշված նպատակով: Ֆակուլտետում վաղուց արդեն գործում են այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կառույցներ՝ Ուսանողական իրավախորհրդատվական ծառայությունը (ուսանողական իրավաբանական կլինիկան), Ուսումնական դատական նիստերի դահլիճը, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը և այլն: Բացի այդ, մեր արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության արդյունքում (GIZ, IRZ և գերմանական ու ֆրանսիական համալսարաններ) սկզբունքորեն վերանայվել է դասավանդման մեթոդիկան՝ ուղղված պրակտիկ գիտելիքների մատուցման արդյունավետության բարձրացմանը: Իսկ եթե սրան էլ գումարենք այն հանգամանքը, որ ֆակուլտետում դասավանդողների ճնշող մեծամասնությունը համատեղում են դասավանդումը պրակտիկ գործունեության հետ, ապա կարող ենք փաստել, որ այն հիմնական նպատակը, որ դրված է ֆակուլտետի առջև, այն է՝ թողարկել տեսական գիտելիքների վրա հիմնված գործնական հմտություններ ունեցող մասնագետներ, օբյեկտիվորեն հասանելի է: Պրակտիկայում աշխատող դասախոս-մասնագետների մեծ թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին մեր ֆակուլտետի երիտասարդ լավագույն մասնագետներից շատ-շատերը հրավիրվեցին աշխատանքի պետական համակարգ, բանկային ոլորտ, մասնավոր կառույցներ, բավականին բարձր կարգավիճակներով: Սակայն վերջիններս, բնականաբար, չխզեցին կապը ֆակուլտետի հետ և դասավանդում են ֆակուլտետում՝ տեսական գիտելիքների հետ միասին՝ իրենց պրակտիկ փորձը հաղորդելով ուսանողներին: Մի թվական տվյալ բերեմ. վերջին 4-5 տարում նման աշխատանքների են հրավիրվել 35-ից ավելի երիտասարդներ, և ֆակուլտետի պատմության մեջ առաջին անգամ հիմնական դասախոս-համատեղող դասախոս տոկոսային հարաբերակցությունն ունի հետևյալ պատկերը` 35 : 65: Ավելացնեմ, որ մեր հիմնական դասախոսների ճնշող մեծամասնությունը ևս դասավանդման հետ զուգահեռ մասնագիտական աշխատանք ունեն նաև պրակտիկայում:
–Ի՞նչ է պետք լավ իրավաբան դառնալու համար։ Բուհական կրթությունը բավակա՞ն է։
Լավ իրավաբան դառնալու համար իրավաբանական կրթությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Դա այն կարևորագույն հիմքն է, որի վրա ձևավորվում է մեր պատկերացմամբ լավ իրավաբանը: Բնականաբար բացի կրթությունից, լավ իրավաբանին անհրաժեշտ է կենսափորձ, պրակտիկ աշխատանքի փորձ, արագ փոփոխվող մեր իրականության մեջ ժամանակին և ճիշտ կողմնորոշվելու հատկություններ և այլն:
-Իրավագիտության մագիստրատուրայում սովորելու համար կարո՞ղ են դիմել իրավաբանական կրթություն չունեցող անձինք։
ԵՊՀ-ում «Իրավագիտություն» մասնագիտությունը միակն է, որ չունի հարակից մասնագիտություններ, ուստի մեր ֆակուլտետի մագիստրատուրա դիմելու համար ահրնաժեշտ է բազային կրթության, այսինքն՝ իրավագիտության բակալավրի աստիճան, ընդորում կարող են դիմել ոչ միայն մեր բուհի, այլև այլ բուհերի շրջանավարտներ:
Սակայն բարձրագույն կրթության զարգացման տրամաբանությունը հուշում է (այդ թվում նաև մեր ոլորտում), որ անհրաժեշտ է ներդնել միջառարկայական ծրագրեր, ինչը մենք արդեն անում ենք: Մասնավորապես, մեր ֆակուլտետում գործում են մասնագիտական միջառարկայական մագիստրոսական ծրագրեր` «Միջազգային և եվրոպական իրավունք» մագիստրոսական ծրագիրը, որին կարող են դիմել նաև միջազգային հարաբերություններ մասնագիտության բակալավրի աստիճան ունեցողները, «Կրիմինալոգիա» մագիստրոսական ծրագիրը, որին կարող են դիմել սոցիոլոգիա, հոգեբանություն, սոցիալական աշխատանք մասնագիտություններով բակալավրի աստիճան ունեցող անձինք: Վերջինս պատրաստում է մասնագետներ նոր ձևավորվող պրոբացիոն ծառայության համար:
-Ի՞նչ մասնագիտացումներ ունի իրավագիտության մագիստրատուրան։
Իրավագիտության ֆակուլտետում ներկայումս առաջարկվում են հետևյալ մագիստրոսական ծրագրերը՝ «Քաղաքացիական իրավունք և դատավարություն», «Քրեական իրավունք և դատավարություն», «Գործարարական իրավունք», «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք», «Միջազգային և եվրոպական իրավունք», «Կրիմինալոգիա»: Ներկայացված ծրագրերի շրջանակը, ինչպես տեսնում եք, բավականին ընդգրկուն է և առավելապես միտված իրավակիրառ ոլորտը որակյալ կադրերով համալրելու գործընթացին:
–Ո՞ր ուղղվածություններով են հիմնականում հետաքրքրված ուսանող իրավաբանները։
Նախկինում իրավագետ-ուսանողների ճնշող մեծամասնությունը ձգտում էր մասնագիտանալ քրեաիրավական մասնագիտացմամբ՝ հաշվի առնելով իրավապահ մարմիններում և դատական համակարգում աշխատանքի անցնելու հնարավորությունը: Թեև ներկայումս էլ այդ հետաքրքրությունը պահպանվել է, սակայն ուսանողների շրջանում ավելացել է հետաքրքրությունը նաև քաղաքացիաիրավական մասնագիտացման նկատմամբ՝ վերջինիս աշխատաշուկայում ունեցած ավելի լայն հնարավորություններով և պահանջվածությամբ:
-Ի՞նչ է անում բուհը ուսանողներին գործնական հմտություններ տալու ուղղությամբ։ Ֆակուլտե՞տն է ուղղորդում պրակտիկայի, թե՞ ուսանողն ինքը պետք է գտնի համապատասխան ուղղվածության պետական կամ մասնավոր հաստատությունը։
Վերջին տարիներին առավել սերտացել է պրակտիկա-ԲՈՒՀ կապը: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ինքն է աջակցում ուսանողներին պրակտիկայի կազմակերպման հարցում, թեև ուսանողի նախապատվությանն է թողնված այն հարցը, թե որ կառույցներում է նա ցանկանում անցկացնել իր պրակտիկան: Այսօր պրակտիկայի անցկացման լայն հնարավորություններ կան՝ ԱԺ-ից մինչև ՏԻՄ-եր, Երևան քաղաքի և մարզային դատարաններ, դատախազություն, փաստաբանական ծառայություններ, նախարարություններ և այլն: Ի լրումն ուսումնական պլանով նախատեսված պարտադիր պրակտիկաների, որոնք անցկացվում են բակալավրի 4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսերում, նշվածս կառույցների հետ փոխպայմանավորվածության հիման վրա 3-րդ կուրսից սկսած ուսանողն իր ցանկությամբ և մեր խորհուրդներով կարող է ուսմանը զուգահեռ պրակտիկա անցնել որևէ մասնագիտական կառույցում:
–Ի՞նչ խնդիրներ կամ բացթողումներ եք տեսնում իրավաբանական կրթության ոլորտում։
Իրավաբանական կրթության ոլորտում խնդիրները կարելի է դիտարկել երկու կտրվածքով՝
- հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են ողջ կրթական համակարգին և
- առանձնահատուկ՝ իրավաբանական մասնագիտական կրթությանը վերաբերող հիմնախնդիրներ:
Ողջ կրթական համակարգի առումով՝ առկա համար մեկ խնդիրը պոտենցիալ ուսանողների որակական պատրաստվածության հարցն է, որը գալիս է հենց դպրոցից: Հանրապետությունում դիմորդների թվի նվազումը թեև չի ազդում մեր ֆակուլտետի դիմորդների թվի վրա (ֆակուլտետում ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ լուրջ մրցույթ էր, չնայած հայտարարված պլանային ոչ փոքր` 140 տեղերի), սակայն անուղակիորեն ուսանողների որակի վրա իր ազդեցությունն ունենում է:
Մասնագիտական պատրաստվածության առումով արդեն որոշ խնդիրներ քննարկեցինք, նշեմ նաև, որ միայն մագիստրատուրայի տեղի և դերի հստակեցում է իրավաբանական բարձրագույն կրթության համակարգում: Խոսքը այն մասին է, որ չնայած ավելի քան 20-ամյա գոյությանը, մագիստրոսական կրթությունը, համոզված եմ՝ ոչ միայն ԵՊՀ-ում և ոչ միայն մեր մասնագիտության առումով, դեռևս փնտրտուքի մեջ է: Սկզբնական շրջանում այն դիտարկվում էր որպես նախագիտական աստիճան, և այնտեղ կրթական ծրագրերը միտված էին խորը տեսական գիտելիքներ հաղորդելու ապագա մագիստրոսներին: Սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ նշված շրջանավարտները, եթե հաջողություն էին ունենում ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ, սակայն գործնական աշխատանքի համար կիրառելու գիտելիքները ստանալու համար ծախսված 2 տարին, մեղմ ասած՝ արդարացված չէր: Կարծես, մագիստրատուրան հանդիսանում էր միջոց և պարտադիր պայման ասպիրանտ կամ հայցորդ դառնալու համար: Այս իրողությունից ելնելով, մեր ուսումնական ծրագրերը փոփոխվեցին, օպտիմալացվեցին՝ նպատակ ունենալով տեսականին զուգահեռ լուրջ գործնական գիտելիքներ տալու մագիստրոսներին: Կրճատվել է նաև տևողությունը, 4 կիսամյակից դարձել է 3 կիսամյակ, որոնցից վերջինը ապագա մագիստրոսներն անցնում են արտադրական պրակտիկա մասնագիտական կառույցներում:
Հաջորդ խնդիրը, որը ակնհայտորեն լուծման կարիք ունի, դա կրթական տարբեր աստիճաններ ունեցող իրավաբաններին իրենց աստիճաններին համապատասխան աշխատանքով ապահովելու օրենսդրորեն կարգավորելու կարիքն է: Այսօր իրավագիտության բակալավրի աստիճան ունեցող մասնագետը կարող է հավակնել իրավաբանի ցանկացած կարգավիճակի` դատական հարկադիր կատարողից սկսած մինչև նոտար, դատավոր, դատախազ և այլն: Ակնհայտ է, որ նշված կարգավիճակները պահանջում են տարբեր մասնագիտական կարողություններ և որակավորում: Կարծում ենք, որ ժամանակն է օրենսդրական մակարդակով լուծել այս խնդիրը, թե իրավաբանի կրթական որ աստիճան ունեցողն ինչպիսի աշխատանքի կամ կարգավիճակի կարող է հավակնել:
Այս բնագավառում գոյություն ունեցող խնդիրներից ես թվարկեցի միայն մեկ-երկուսը, սակայն դրանք շատ են: Դեռևս շատ անելիքներ կան՝ հասնել մրցունակության այն աստիճանին, որ կրթությունը մագիստրատուրայում ուսանողների համար լինի նույնքան գրավիչ և արդարացված, ինչպես բակալավրիատում:
– Նոր ուսումնական տարվա շեմին ի՞նչ կմաղթեք ուսանողներին։
Արդեն այդ մասին ես ասացի հարցազրույցի սկզբում, և ասում եմ այդ մասին միշտ՝ մեր 1-ին կուրսեցիների հետ հանդիպման ժամանակ. իրավաբանը պետք է լինի լավը, կամ չլինի ընդհանրապես, որովհետև վատ իրավաբանը, ինչպես նաև վատ բժիշկը, այն էլ որոշակի կարգավիճակ ունեցող, չարիք հասարակության համար: Մաղթում եմ, որ այս կարգախոսով առաջնորդվեն մեր ապագա իրավաբանները: Մի բան էլ կարող եմ ավելացնել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կան բոլոր այն պայմանները՝ ուսանողի մոտ համապատասխան մտավոր ունակությունների և ցանկության պայմաններում նրանից լավ իրավաբան պատրաստելու համար:
Հարցազրույցը վարեց՝ Աստղիկ Ավետիքյանը
7,277 դիտում