Փաստաբանի միջնորդությունը ՄԻՊ-ին՝ ՍԴ դիմելու խնդրանքով

 

   ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

ՊԱՐՈՆ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ

Հարգելի Պարոն Թաթոյան,

Հաշվի առնելով վերջին շրջանում դատական համակարգում հանրային պաշտպան ներգրավելու հետ կապված խնդրահարույց հանգամանքներն ու դրա հետ կապված հասարակական մեծ հետաքրքրվածությունը` գտնում եմ` անհրաժեշտ է դիմել ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող ճանաչելու խնդրանքով:

ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները (…)նիստերի դահլիճից հեռացնելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ` (…) դատարանը կիրառում է նույն օրենսգրքի 314.1-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասն ուղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին: Նշված հակասությունն, ըստ էության, կայանում է նրանում, որ  Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով շատ հստակ նախատեսված է, որ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք, մինչդեռ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված է, որ դատարանը կարող է նշանակել պաշտպան առանց հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ անձը պարզապես չի ցանկանում, որ այդ փաստաբանը դատարանում ներկայացնի իր շահերը:

Նշված հակասահմանադրական նորմի գոյությունն ընդհանրապես, իսկ դրա կիրառումը` մասնավորապես, խաթարում է արդարադատության բուն էությունն ու նշանակությունը, քանի որ, եթե անձի շահերի պաշտպանությունն իրականացվում է այն անձի կողմից, ում չի ցանկանում ենթադրյալ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը, ապա այս դեպքում հնարավոր չէ խոսել փոխատարձ վստահության մասին, իսկ առանց փոխադարձ վստահության գոյություն չունի արդյունավետ պաշտպանություն:

Ելնելով վերոգրյալից`

ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՄ

Դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող ճանաչելու խնդրանքով:

ՓԱՍՏԱԲԱՆ`                                                                             ԱՐՄԵՆ ՖԵՐՈՅԱՆ