ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևան-Սևան մայրուղու հիմնանորոգվող տեղամասեր:
Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում օգոստոսի վերջին մեկնարկած շինարարությունը շարունակվում է մեծ թափով։
Նախատեսվում էր աշխատանքները սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը, մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։
Նախարարը զրուցել է տեխհսկիչի հետ, ճշտել, թե արդյոք պարտաճանաչ կատարվում են լաբորատոր հետազոտությունները և հսկվում է աշխատանքների պատշաճ իրականացումը։
Հիմնանորոգվող առաջին հատվածում աշխատում են «Ճանապարհ» ընկերության ճանապարհաշինարարները։ Հիմնականում ավարտված են ֆրեզավորման աշխատանքները, շուտով կսկսվեն հարթեցնող շերտի տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները։
Ինչպես այստեղ, այնպես էլ շինարարության մյուս հատվածներում երթևեկությունը ժանանակավորապես կազմակերպված է ճանապարհահատվածի հանդիպակաց ուղղությամբ:
Նախարարը դիտարկել է նաև երկրորդ հատվածի շինարարությունը, որը հանձնարարված է «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությանը։ Այստեղ արդեն ավարտվել են ֆրեզավորման աշխատանքները, փռվել է հարթեցնող շերտ, որոշ հատվածներում դրվել է նաև ասֆալտի 5սմ-անոց շերտը։
Ճանապարհաշինարարները նշված հատվածում զուգահեռաբար նաև ճանապարհն են կահավորում` տեղադրելով նոր մետաղական արգելափակոցներ։
Հիմնանորոգվող վերջին հատվածում «Սուարդի» ընկերությունն է աշխատում։ Այստեղ ընթանում են ֆրեզավորման աշխատանքները։ Նախարարը նկատել է, որ, անվտանգության չափանիշները հաշվի առնելով, Սևան-Երևան ուղղությամբ ևս անհրաժեշտ է փակել ճանապարհը և սահմանել երթևեկության նոր կարգ։
Տեխհսկիչ Դավիթ Հովսեփյանի խոսքով` աշխատանքների ընթացքը բավարար է, որոշ հատվածներում նույնիսկ գերազանց, պահպանվում են պահանջվող որակական բոլոր չափորոշիչները։
Հիմնանորոգման ծրագիրն ամբողջությամբ նախատեսված է ավարտել հոկտեմբերին, սակայն, հաշվի առնելով աշխատանքի բարձր տեմպը, կանխատեսվում է, որ շինաշխատանքները ավարտին կհասցվեն պայմանագրի ժամկետից շուտ։
Մանրամասները տեսանյութում.