ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինք կազմակերպության անդամներ Ջեմիլիա Շերովային (ԳԱՎ երկրի ավագ մենեջեր), Ջոհանա Ուիշնեւսկային (ԳԱՎ-ի ավագ մենեջեր) եւ ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Հակոբ Հակոբյանը կարեւորել է Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինք կազմակերպության եւ ՀՀ կառավարության համագործակցությունը եւ նշել, որ աշխարհն արդեն ճանաչել է պատվաստումները որպես կանխարգելման լավագույն գործիք եւ կարծում է, որ պատվաստումների նպատակային եւ ճիշտ կիրառումը հիվանդությունների կանխարգելման լավագույն ճանապարհն է:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինք կազմակերպության անդամները նշել են, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստան-ԳԱՎ համագործակցության խնդիրներին եւ հնարավոր բացթողումներին: Հյուրերը կարեւորել են նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրերը տարածաշրջանում լավագույններից են:
Հակոբ Հակոբյանը կարեւորել է կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը: