Ավտովարորդներն ահազանգում են, որ գնալով ավտոճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելանում է: Այս մասին ասաց «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ՝ Տիգրան Հովհաննիսյանը, նշելով, որ շատ ազդեցիկ է, այն, որ հեռուստաընկերությունները հպարտանալով լուսաբանում են վթարները:
«Քո վրա ազդում է այդ ամենը և դու մտածում ես, որ Հայաստանը երթևեկության մշակույթ չունի: Խնդրում եմ հեռուստաընկերություններին մի քիչ պակասեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների լուսաբանումը»,-ասաց նա:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով՝ 2015 թվականի տվյալներով՝ Հայաստանը վթարների և զոհերի քանակությամբ աշխարհում 3-րդ տեղում է: Ըստ բանախոսի՝ այս տարվա տվյալները ոստիկանությունը չի տրամադրել, բացատրելով, որ տարեվերջում են հրապարակում. «Այս տարի տեսնելով, թե շոգ ամառվա ընթացքում քանի ճանապարհատրանսպորտային պատահար եղավ, կարող եմ ասել՝ առաջին տեղում ենք: 2013-2016 թվականներին եղել է մոտ 5000 վթար, որից 10%-ի ժամանակ զոհեր են եղել»,-ասաց բանախոսը, հավելելով, որ դա սկսվեց 2012 թվականին, երբ որ ներդրվեցին տեսախցիկները, ինչը ծառայեց միայն վարորդներից գումար գրպանելու նպատակին:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով՝ տեսախցիկների ներդրումը ատելություն սերմանեց պետություն-վարորդ հարաբերություններում, որի արդյունքում էլ մարդիկ գտնվում են նյարդային վիճակում:
«Վթարների ավելացման պատճառն են նաև վարորդական վկայականները, քանի որ վարորդական վկայականների 80%-ն ուղղակի վաճառում են և աուկցիոնի պես տարածվում են վկայականների գները՝ 90-150 հազար դրամ՝ տարածաշրջանով պայմանավորված: Քանի դեռ վարորդական վկայականները տրամադրվում են «մաղարիչով», վթարների թիվը չի նվազելու»,- ասաց ՀԿ նախագահը, մանրամասնելով, որ տեխզննման կտրոնը ևս չի ծառայում նպատակին՝ «դա նույն կաշառքն է, ուղղակի մաղարիչ ենք անում պետությանը»:
Անդրադառնալով աջ ղեկով մեքենաներին՝ բանախոսը հարցադրում արեց, արդյոք արգելելու դեպքում հնարավո՞ր է աջ ղեկը փոխարինել, քանի որ տեխնիկական բոլոր տվյալները խախտվում են այս դեպքում. «Սա քննարկումների խնդիր է: Մարդիկ բիզնես են անում: Իմ տվյալներով՝ այս ամիս 2000 մեքենա է ներկրվելու Ճապոնիայից»,-ասաց բանախոսը:
Երթուղայինի վարորդների մասին խոսելիս՝ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ նրանց բազմիցս ոստիկանություն է հրաավիրել՝ խոսելու, մանրամասնելու համար, սակայն, երբ նրանք պլանով աշխատող քաղաքացիներ են, նրանց վրա ինչ վերնաշապիկ ուզում ես, ինչ երաժշտություն ուզում ես ուղղի, նա չի ընդունելու, քանի որ իր նպատակը պլանով աշխատելն է՝ գծի տիրոջ պահանջածը հասցնելու:
«Մինչև երթուղայինի վարորդը աշխատավարձ չստանա և չմտածի «որսի» մասին, իսկ նա ուղևորներին որսում է, այդ մարդուն չես կարող շտկել: Դա վարորդներից չի գալիս, դա գալիս է Երևանի քաղաքապետից․ մինչև գծի տեր հասկացողությունը չմեռնի, եղած խնդիրը չի վերանա»,-ասաց նա:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի