«Եթե մեկ դատախազ ներկա չլիներ, նորի՞ց շարունակելու էիք նիստը, պարո՛ն դատավոր». կայացավ «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով դատական նիստը

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով դատական նիստն հետաձգվեց 30 րոպեով: Այս անգամ ևս  փաստաբանները հանդիպեցին նույն խոչընդոտին, ինչ նախորդ նիստերի ժամանակ: Փաստաբանների մեծ մասը չկարողացավ մուտք գործել դատարան, քանի որ կարգադրիչները փորձում էին զննել նրանց պայաուսակները:

Նիստն սկսվելուց անմիջապես հետո, դատավորը ընթերցեց զննության վերաբերյալ արձանագրությունները, որից հետո տեղից խոսելու համար սանկցիա կիրառեց ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ, այնուհետև, 6 ժամով  հեռացրեց նիստերի դահլիճից: Այս առնչությամբ ամբաստանյալի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը ընդամենը ջուր էր ցանկանում, քանի որ ուներ առողջական խնդիրներ:

Այնուհետև դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` փատաբանների վարքի վերաբերյալ որոշում կայացնելու համար: 45 րոպե անց դատավորը դատական սանկցիա կիրառեց պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի և Լուսինե Սահկայանի նկատմամբ:

Պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ գրություն ներկայացրեց դատարարան, համաձայն որի` առանց իր պաշտպանյալի, ինքը չի կարող մասնակցել նիստին: Դատարանը նորից հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արայիկ Պապիկյանի վարքի վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Նիստն ընդհատվեց 30 րոպեով, որից հետո դատավորը դատական  սանկցիա կիրառեց Արայիկ Պապիկյանի նկատմամբ:

Պաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ առաջարկով, որ նիստը տեղի ունենա արդարացի կերպով` միջնորդելով նիստը հետաձգել, վերացնել խուզարկելու գործընթացը և լուծել առաջ եկած խնդիրները. «Եթե մեկ դատախազ ներկա չլիներ, նորի՞ց շարունակելու էիք նիստը, պարո՛ն դատավոր: Ինչպե՞ս կարող եք նիստը շարունակել առանց փաստաբանների»:

Նիստին ներկա մյուս պաշտպանները ևս միացան այս միջնորդությանը` համարելով, որ առանց պաշտպանների նիստը շարունակելն անօրինական է:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց հետաձգել նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 31 անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Նյութը՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ