ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ քննարկել է առաջիկա նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգերի նախագծերում նախատեսված մի շարք հարցեր։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վոլոդյա Գասպարյանը քննարկման է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։
Մասնավորեցման պայմանագրերով 2016թվականի ընթացքում ներդրումային սոցիալական երաշխիքների ապահովման եւ այլ տիպի պարտավորություններ են ստանձնել 11 գնորդ։ Հինգ գնորդների կողմից ներդրումային պարտավորությունները կազմել են 341,5 մլն դրամ։
Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 5 գնորդի կողմից նախատեսվել է 66 աշխատատեղ, 4 գնորդ ստանձնել է այլ տիպի պարտավորություն։
Պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել են 3 գնորդ։ Կատարած ներդրումները նախատեսված 203,500 մլն դրամի փոխարեն կազմել են 212, 167 մլն ՀՀ դրամ։ Նախատեսված 66 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է 72 աշխատատեղ։
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին նստաշրջանի եւ առաջիկա քառօրյայի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը առաջին ընթերցման է ներկայացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Հիմնական նպատակը հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու եւ վերադարձնելու հնարավորության ընձեռումն է։
Փաթեթը կյանքի կոչվելով՝ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռի հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասը օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը։
Քննարկման արդյունքում պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին նստաշրջանի եւ առաջիկա քառօրյայի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն առաջին ընթերցման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հիմնական նպատակը սննդամթերքի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացված վերահսկողության ոլորտում թույլ տրված իրավախախտումների վերացման եւ կանխարգելման քաղաքականությանը վերաբերող օրենսդրության իրականացման եւ կիրառման արդյունավետության բարձրացումն է։
Օրենքի նախագծի ընդունմամբ կհստակեցվի, թե ինչ սանկցիա է կիրառվում մանրածախ առեւտրում եւ հանրային սննդի ծառայությունում՝ սանիտարական կանոնները եւ նորմերը չպահպանելու դեպքում։
Համակողմանի քննարկման արդյունքում օրենքի նախագծին տրվեց դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյայի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար։