Ճապոնիայի քաղաքացիները կայցելեն Հայաստան առանց մուտքի վիզայի

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ կառավարությունը որոշել է Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017թ. սեպտեմբերի 6-ից: Որոշմամբ թույլ կտրվի Ճապոնիայի քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով: Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացումը տարեցտարի արձանագրում է դրական դինամիկա, և առկա է երկուստեք շահագրգռվածություն երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: Վարչապետը հետաքրքրվել է, թե այս տարվա ընթացքում քանի երկրի հետ է առանց մուտքի վիզայի ռեժիմ սահմանվել, ինչին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ սա արդեն վեցերորդ երկիրն է:

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, բնակչության և օբյեկտների հրդեհների անվտանգությունն ապահովելու, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է տեխնիկայի վերազինում և արդիականացում: Յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատում անհրաժեշտ է ունենալ առնվազն երկու հրշեջ մեքենա: Վերոնշյալ ծրագիրը, մասնավորապես, ուղղված է ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, հրշեջ-փրկարարական գործողությունների արդյունավետ իրականացմանը, հրդեհների արձագանքման ժամանակի նվազեցմանը: Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել է, թե արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմիի անտառներում շարունակվող հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:

Նախարարը տեղեկացրել է, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները կանգնած են»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

Մեկնաբանություններ