2017-18 ուսումնական տարվան ընդառաջ այսօր մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները: ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուները ՀՀ բոլոր մարզերում հանդիպել են դպրոցների տնօրենների հետ, նրանց հետ քննարկել նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները և ներկայացրել հիմնական առաջնահերթությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական էջի հաղորդմամբ՝ Լևոն Մկրտչյանը օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է Արագածոտնի մարզի կրթության պատասխանատուների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Ուսուցիչ» նախաձեռնությունը: Իր ելույթում նախարարը նշել է, որ 2017-2018 ուսումնական տարում կրթության ոլորտի բարեփոխումները թևակոխում են նոր փուլ։ «Օգոստոսյան խորհրդակցությունները նախարարությունը փորձելու է օգտագործել, որպեսզի նախ ներկայացնենք մեր հիմնադրույթները և երկրորդ` լսենք ձեր տեսակետները։ Ես շատ եմ կարևորում այս տարածաշրջանը, քանի որ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի հզոր մասնագիտական բանակ ապահովում էր հենց այս տարածաշրջանը։ Առհասարակ, կրթությունը կարևոր գործիք է պետության ձեռքին` իր հիմնական նպատակները իրականացնելու համար, իսկ պետության հիմնական նպատակը ժողովրդի անվտանգության և նրա մրցունակության ապահովումն է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի քաղաքացի ենք ուզում ունենալ վաղվա Հայաստանում` եվրոպական ժամանակակից քաղաքակրթական ամենաբարձր արժեքներին հավատարիմ, բայց էությամբ իր հողին ու ջրին նվիրված քաղաքացի։ Հետևաբար, կրթական համակարգի առաջ դրվում է հիմնական մի խնդիր՝ պետք է լինենք կամ սպասարկող երկիր կամ արժեք արտադրող: Մեր տարածաշրջանի դժվարություններին դիմագրավելու համար պետք է կրթական համակարգում զարկ տանք բնագիտությանը։ Սա ենթադրում է, որ մենք մեր կրթական ամբողջ համակարգը պետք է արմատապես վերափոխենք, որպեսզի բոլոր բարեփոխումները ուղղված լինեն մի նպատակի՝ ամեն ինչ դասակարգել և իր տեղը դնել: Մենք հիմա միջառարկայական կապերի միջոցով փորձում ենք կրթական համակարգի բուրգը հստակ ձևավորել։
Շուտով պատրաստ կլինի Կրթության զարգացման մինչև 2030 թվականի ծրագիրը, որի ներքո կձևավորվի երեք կարևոր ծրագիր՝ հանրակրթության պետական ծրագիր, բարձրագույն կրթության համակարգ և միջին մասնագիտական կրթության համալիր ծրագիր»,-նշել է նախարարը` իր ելույթում անդրադառնալով նաև ուսումնական ծրագրերի բեռնաթափման խնդրին: «Երբ ասում ենք ծրագրերի բեռնաթափում, պետք է կարողանանք դրան նայել երեխայի տեսանկյունից: Օրինակ, ավագ դպրոցում պարտավոր ենք ունենալ առարկա, որը կօգնի մասնագիտական կողմնորոշում ստանալ: Եթե տնօրենն ու իր հենարանը` ուսուցիչը, չգիտակցեն իրենց առաքելությունը, ոչինչ չի ստացվելու` սկսած վերաբերմունքից, վերջացրած սոցիալական պայմաններով: Եթե տնօրենը խեղճացնի ուսուցչին, մյուսն էլ` ավելի բարձր տեղից տնօրենին է խեղճացնելու ու կստացվի, որ մենք մեր ապագան տալու ենք մարդկանց, ովքեր խեղճացած են ու հպարտությունը կորցրած: Նման ուսուցիչը դասարան մտնելով` նույն մթնոլորտը տարածելու է ծնողների և երեխաների վրա:
Դրա համար էլ «Ուսուցիչ» նախաձեռնությունը երկու հարթություն ունի` սոցիալական և մասնագիտական, որոնք պետք է օգնեն ուսուցչին` վերագտնելու իր հպարտությունը և անկախությունը: Այսինքն` դպրոցը պետք է դառնա ինքնաբավ և կարողանա իր վրա հենվել: Ուղղությունը սա է` դպրոցի ինքնուրույնություն, վստահության աստիճանի բարձրացում` դպրոցի կայացմանը զուգընթաց»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը խոսել է նաև ֆինանսավորման կարգի վերանայման մասին: «Երևանում և Արագածոտնի մարզում ուսուցիչը տարբեր գումար է ստանում այն պարագայում, որ նույն աշխատանքն է կատարում: Դրա համար էլ ֆինանսավորման նոր բանաձևում ուզում ենք բազային ֆինանսավորման գիծ քաշել` դրույքի համար և անկախ աշակերտների թվից` ուսուցչին տալ որոշակի գումար: Տարակարգերում նույնպես պետք է փոփոխություններ արվեն` մի տարակարգից մյուսին անցնելու համար 10-12 տարի ժամանակ է հարկավոր: Հետևաբար, այստեղ պետք է փոփոխություն արվի, քանի որ ուսուցիչների համար այն նվազեցրել է մոտիվացիան: Տարակարգերի մեջ էլ առանձնապես գումարային մեծ արդյունավետություն չկա, ուստի պետք է տարակարգերի գումարներն էլ ավելացնել: Առհասարակ, պետք է ուսուցիչների արտոնությունները վերականգնվեն. օրինակ, եթե երիտասարդ ուսուցիչը գնում է դասավանդելու բարձր լեռնային շրջան, ապա պետք է օգնենք, որ նա ընտանիք կազմի, վերականգնենք «Ուսուցչի տուն» հասկացությունը և այլն:
Բացի այդ, անպայման պետք է տնօրենին վերադարձնենք իր անկախությունը. անընդունելի է տնօրենի այն խեղճ վիճակը, որն այսօր կա` հատկապես ընտրությունից ընտրություն: Չի կարելի: Գյուղը պետք է գա ուսուցչից ու տնօրենից խորհուրդ հարցնի. նա պետք է լինի այդչափ հեղինակություն: Ի վերջո, մեր մտավորականությունը նախ այն 37000 ուսուցիչներն են, ովքեր պետք է հասկանան, որ առաքելություն ունեն»,-նշել է նախարարը` իր ելույթում կարևորելով դպրոցներում բնագիտական հոսքի մեծացման և ուսուցչի հեղինակության բարձրացման խնդիրները: «Եթե ուսուցչի հեղինակությունը վերադարձնենք, ապա մեր երկիրը կհայտնվի շատ լավ վիճակում: Բացի այդ, ցանկանում ենք ձևավորել բաց հարթակ, որտեղ ով լավ միտք և ծրագիր ունի, հնարավորություն ունենա դրանք իրականացնել՝ այսպիսով կրթական համակարգը դարձնելով օրինակելի: Այդ տարածքում ուղղակի չի կարող լինել ապազգային տարր, ռասսիզմ, մոլեռանդություն: Այդտեղ պետք է լինի հանդուրժող, ավանդույթները հարգող, մի քանի լեզուների տիրապետող անձ: Նշեմ, որ ոչ մի օտար լեզու մեր թշնամին չէ. մենք պետք է ուղղակի կարողանանք հայերենը և մեր պատմությունը ուժեղացնել: Աշխարհի քիչ երկրների առարկայական ծրագրերում կա այսպիսի ուժեղ ազգային բլոկ, ուղղակի այն պետք է ճիշտ օգտագործել: Ի վերջո, մենք պետք է կարողանանք հակադրություններից դուրս գալ, և մեր եղածը պահել ու առաջ տանել»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև Կրթության ազգային ինստիուտի վերափոխման անհրաժեշտությանը՝ վերջինիս դասագրքաստեղծ գործունեության, ուսուցիչների վերապատրաստման և նոր չափորոշիչների ու կրթակարգի ձևավորման համատեքստում: Լևոն Մկրտչյանը խոսել է նաև մանկավարժական կրթության, մասնավորապես, երկակի մոտեցմամբ մասնագիտությունների վերականգնման հնարավորության մասին: «Մյուս խնդիրը, որ առկա է նաև այս տարածաշրջանում, փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների հարցն է. երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններն իրենց չեն արդարացնում, որի հետևանքով տուժում է կրթության որակը: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք ինչպես միջազգային, այնպես էլ տեղական փորձը՝ արդյունավետ ձևաչափ գտնելու նպատակով՝ հատուկ չափորոշիչներով և ֆինանսավորմամբ: Քաղաքային բնակավայրերում այս խնդիրը կարելի է լուծել, փոքր-ինչ դժվար է գյուղական համայնքների հարցը, որտեղ կան անգամ 4-5 աշակերտ ունեցող դպրոցներ»,-նշել է նախարարը:
Լևոն Մկրտչյանը պատասխանել է նաև դպրոցի տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են «Ֆիզկուլտուրա» առարկայի, դասագրքերի որակի, դպրոցում բնագիտական առարկաների դրվածքի վերաբերյալ հարցերին:
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանը և Վահրամ Մկրտչյանը մասնակցում էին համապատասխանաբար Շիրակի և Լոռու մարզերում անցկացվող խորհրդակցություններին: