Քաղաքապետը հանձնարարականներ է տվել աշխատանքներում թերացող առանձին աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտի, մասնավորապես սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեության հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներն ու սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետերը:

Պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև առաջիկա անելիքները:
Ամփոփելով ներկայացված զեկույցները՝ քաղաքապետի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու, նկատված թերացումներն արագորեն շտկելու, ինչպես նաև իրենց աշխատանքներում թերացող առանձին աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ:
Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է նաև մշտական հսկողություն սահմանել աշխատանքների նկատմամբ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիների սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում ապահովել հասցեականությունը և օրենսդրության պահանջների պատշաճ կատարումը:

Մեկնաբանություններ