Բռնության դեպքերը շատացել են. հոգեբան

Ագրեսիվության դրսևորման աճին կարող է նպաստել հոգնածությունը, շատերը առանց հանգստի աշխատում են: Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած սպանություններին և բռնության դեպքերին՝ նշում է հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Ընդհանրապես բռնության համար առկա է 2 գործոն՝ սթրեսը, որի ազդեցությամբ հանցագործությունը կատարվում է, և անհատը, որը հանցագործությունը կատարում է»,- ասաց հոգեբանը:  

Հոգեբանի կարծիքով շատ շոգը ևս կարող ագրեսիայի աճի բարձրացման պատճառ հանդիսանալ.

«Շոգը մի հանգամանք է, որը կարող էր նպաստել ագրեսիվության աճին, դա որոշիչ դեր չի խաղում, բայց որոշակի դեր խաղում է: Բոլոր դեպքերում նպաստավոր ֆոն է ստեղծում: Կատաղության դոզան՝ այդ մի քանի կաթիլը, կարող է ավելանալ»,- պարզաբանեց Սամվել Խուդոյանը:

Բռնությունների ավելացմանն անդրադառնալով՝ հոգեբանը նշեց, որ վերջին շրջանում բռնության դեպքերը մյուս տարիների համեմատ տասնապատկվել են.

«Վերջին 1,5 ամսում Հայաստանում անհամարժեք բռնության մակարդակը աննախադեպ աճել է: Չտեսնված շատ ու չտեսնված տարօրինակ բռնության դեպքեր են եղել․ մայրը երեխաներին է սպանել, կինը` ամուսնուն»,- նշեց հոգեբանը:

Հոգեբանի կարծիքով ընտանեկան բռնությունը երեխաների մոտ ծանր հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել. «Ավելի սարսափելի բան, քան ծնողների կռիվ-դավի-ծեծն է, առավել ևս բռնությունն է, դա նևրոտիկ լուրջ խնդիրներ է առաջացնում, երեխաները գիշերները սկսում են վեր թռչել, իրենց մեղավոր են համարում, և այլն»,- ասաց հոգեբանը, հավելելով, որ ընտանեկան բռնությունների մեծ մասն էլ առաջանում է այն պատճառով, որ տղամարդիկ չեն կարողանում ընդունել այն փաստը, որ կինը կարող է կարերիա անել, գումար վաստակել:

Նշենք, որ ՀՀ օրենսդրության մեջ չկա «Ընտանեկան բռնության մասին» օրենք, իսկ ՀՀ Քրեական օրենսգիրքը սահմանում է բռնությունը տարբեր անձանց նկատմամաբ, տարբեր իրավիճակներում:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ