Կատարվում է քննություն` Արարատի մարզի բնակչուհու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արարատի մարզի բնակչուհի Լաուրա Թոխյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 1963 թ. ծնված Լ.Թոխյանը մահացել է 2017 թվականի ապրիլի 30-ին՝ իր տանը։  Մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվանը հանգեցրել է  սրտի պսակաձև զարկերակների անբավարարությունը։ Լ.Թոխյանի ախտաբանաանատոմիական դիահերձման ժամանակ պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսին նմանվող արյունազեղում:

Վնասվածքի առաջացման պատճառը պարզելու համար բացատրություններ են վերցվել մահացած կնոջ ամուսնուց, հարևանուհիներից, կանչով տուժածի տուն մեկնած շտապօգնության բժշկից և այլ անձանցից։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ շտապօգնության բրիգադի կողմից Լ.Թոխյանի մահվան փաստը տանը հաստատելուց հետո, վերջինիս հարևանուհին, սովորույթից ելնելով, Լ.Թոխյանի ծնոտի ստորին հատվածից դեպի գլխի գագաթային հատված ամրակապել է շորի կտորով, որպեսզի վերջինիս բերանը բաց չմնա: Լ.Թոխյանը մնացել է այդ դիրքով ամրակապված 1-2 ժամ՝ մինչև դիահերձարան տեղափոխող ավտոմեքենայի ժամանելը։

Բացի այդ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։ Ստացված թիվ 0048Դ եզրակացության համաձայն՝ կնոջ մահը վրա է հասել պարանոցի օրգանների սեղմման հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր թթվածնաքաղցից շատ կարճ ժամանակ անց զարգացած գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի խիստ արտահայտված այտուցից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ