Շներին առանց դնչկալի զբոսանքի տանելու դեպքում նրանց տերերը կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության

Շները մեր բարեկամներն են և հավատարիմ ընկերները, բայց գազազած բարեկամների հարձակումներից ոչ մեկը ապահովագրված չէ: Շատ մարդիկ, անտեսելով այդ հանգամանքը, գիտակցաբար կամ անգիտակցաբար հաճախ վտանգի են ենթարկում հասարակական վայրերում զբոսնող մարդկանց:

Քաղաքում զբոսնելիս ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել մարդկանց, ովքեր իրենց շներին հանում են զբոսանքի առանց դնչկալների, երբեմն նաև առանց վզկապերի:

 22-ամյա Աշխենը դեմ է, որ շներին զբոսանքի հանեն առանց դնչկալի:

«Ես շատ եմ վախենում շներից ու ինձ համար ահավոր ծանր է, երբ իմ կողքով շուն է անցնում՝ առավել ևս առանց դնչկալի։ Ընդհանրապես դեմ եմ դրան, եթե չեմ սխալվում կա օրենք, որը թույլ չի տալիս առանց դնչկալի շներին զբոսանքի հանել հասարակական վայրերում: Պետք է այնպես անել, որ օրենքին հնազանդվեն, որպեսզի ինձ նման մարդիկ, ովքեր վախենում են շներից, առանց կաշկանդվելու կարողանան քայլել այն վայրերում, որտեղ կան նաև շներ»,- մեզ հետ զրույցում ասաց Ազնիվը։

Այլ կարծիքի է տիկին Նարինեն, ով մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ինքը բացարձակապես չի վախենում շներից և իրեն չի խանգարում այն հանգամանքը, որ տերերը կարող են նրանց հանել զբոսանքի առանց դնաչկալի:

«Ես կենդանիներ, առավել ևս շներ շատ եմ սիրում և այդ հանգամանքը ինձ բացարձակապես չի խանգարում:  Անգամ լինում են դեպքեր, երբ  երեխայիս հետ զբոսնելու ժամանակ շները մոտենում են և  սկսում են մեզ հետ խաղալ: Ես դեմ չեմ նույնիսկ, որ երեխաս դիպչի նրանց»,- ասաց նա: Տիկին Նարինեն նաև նշեց, որ չունի մտավախություն, որ առանց դնչկալի շունը կարող է հարձակվել իր կամ երեխայի վրա և վնասել:

Համաձայն «Երևան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոնների»՝ մարդկանց և ուրիշ կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային և այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ և վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ` ագրեսիվ շուն) պետք է ունենան դնչկալներ։ Շների զբոսանքի ժամանակ տիրապետողը պարտավոր է՝ շանը պահել դնչկալով՝ մայթերով շարժման ժամանակ, հետիոտնի ճանապարհին, մարդաշատ վայրերում և երթևեկության հատման մասերում։ Հասարակական վայրերում տիրապետողը պետք է ագրեսիվ շանը պահի կարճ կապի վրա և դնչկալով։ Իսկ առանց դնչկալի և կապի շանը զբոսանքի տանելու առանձնացված վայրերը սահմանվում են Երևանի քաղաքապետի կողմից։

«Արդեն մոտավորապես տասը տարի է ինչ պահում եմ «Պիտբուլ» ցեղատեսակի շուն և ոչ մի մտավախություն չունեմ, որ իմ շունը կարող է հարձակվել մարդկանց վրա: Ես լիովին վստահում եմ նրան, քանի որ ինքը շատ խելոք և բարի շուն է», – մեզ հետ զրույցի ժամանակ հայտենց պարոն Արմենը, ում հանդիպեցինք քաղաքի այգիներից մեկում՝ շան հետ զբոսնելիս: Ըստ մեր զրուցակցի, միանշանակ ճիշտ է շներին դնչկալով զբոսանքի տանելը, և իր շունը նույնպես ունի դնչկալ, սակայն տանն է և պետք չի գալիս: Մեր այն հարցին, թե՞ արդյոք հասարակական կարգը պահպանող ոստիիկանները նրան չեն զգուշացրել, որ շանը զբոսանքի չտանի առանց դնչկալի, պարոն Արմենը պատասխանեց, որ իրեն նման բան երբեք չեն արգելել .

«Իհարկե, տեսել են ինձ շանս հետ զբոսնելիս, սակայն ինձ և իմ շանը այստեղ բոլորը ճանաչում են և գիտեն, որ նա երբեք չի հարձակվի մարդու վրա: Համենայն դեպս մինչ օրս նման դեպք չի եղել », -ասաց նա:

 Շների համար նախատեսված դնչկալների գները տատանվում են 4000-8000 դրամի սահմաններում: Դա կախված է շան ցեղատեսակից և չափսերից: Պարոն Հակոբը, ով արդեն երկար տարիներ է ինչ «Վերնիսաժ»-ում վաճառում է իր ձեռքով պատրաստած դնչկալները, մեզ հայտնեց, որ դրանց պահանջարկը վերջին շրջանում շատ մեծ է: «Շատ են լինում դեպքեր, որ մարդիկ իրենց շների հետ մոտենում են, միանգամից գնում են դնչկալը, հագցնում են շանը ու հեռանում: Իսկ թե ինչու են հասարակական վարերում նրանց առանց դնչկալի ման տալիս, դա արդեն չեմ կարող ասել»,-ասաց նա:

Հասարակական վայրերում շներին առանց դնչկալի զբոսանքի տանելու դեպքում նրանց տերերը կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության՝ համաձայն «ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի:

Ըստ այդ օրենքի 113-րդ հոդվածի ՝ քաղաքներում և այլ վայրերում շներ ու կատուներ պահելու կանոնները խախտելու դեպքում քաղաքցին ենթարկվում է նախազգուշացման կամ տուգանք է նշանակվում նրա նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասը տոկոսի չափով: Իսկ եթե նույն խախտումների հետևանքով վնաս է պատճառվել քաղաքացիների առողջությանը կամ գույքին, այդ դեպքում տուգանք է նշանակվում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քսան տոկոսից մինչև երեսունհինգ տոկոսի չափով:

Մեկնաբանություններ